Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԵՍ ԶՎԵՐԵՎ ՉԻ ՄՆԱՑԵԼ

Հուլիս 22,1999 00:00
zverev

Զվերեւին միայն Հայաստանում են անվճար կոկա-կոլա տվել

Հայ կանայք, առավել եւս՝ տղամարդիկ, առանձնապես աչքի չեն ընկնում վարսերը հարդարելու բծախնդրությամբ, նրանք երբեմն բավարարվում են նույնիսկ հարեւան-«վարսավիրի աշխատանքով»։ Այդուհանդերձ, վերջին 2-3 տարիների ընթացքում Երեւանում (հանրապետության մարզերի մասին տվյալներ չունենք) բացվեցին բազմաթիվ «Գեղեցկության սրահներ», անկախ այն հանգամանքից՝ այդ վարսավիրանոցները բավարարո՞ւմ են սրահի պահանջներին ու պայմաններին, թե՞ ոչ։ Եվ, ով զարմանք, թե ուրախություն, հասանք այնտեղ, որ այսօր Երեւանում անցկացվում է «ՀՀ վարսահարդարման արվեստի եւ դիմահարդարման I չեմպիոնատը»։

Զրուցենք՝ մինչեւ վարպետը գա

Գրեթե այսպիսի նպատակ էր հետապնդում չեմպիոնատի կազմակերպիչների եւ ժյուրիի անդամների (մի մասի) երեկվա մամուլի ասուլիսի առաջին հատվածը։ Մինչ վարպետը կգար, Հայաստանի վարսահարդարների եւ դիմահարդարների միության նախագահ Մարինա Առաքելյանը, Ռուսաստանի, Վրաստանի, Բելառուսի նույնանուն միությունների նախագահներն ու փոխնախագահները ծանոթացրին չեմպիոնատի ծրագրի հետ։ Չեմպիոնատի խորհրդանիշ ընդունելով «Գեղեցկության վերածնունդը», կազմակերպիչները նպատակ են դրել բարձրացնել մեր հանրապետության վարսահարդարման արվեստի մակարդակը, գնահատել մեր մասնագետների ստեղծագործական մակարդակն այս պահին, փորձի փոխանակում կատարել, ինչպես նաեւ՝ մասնակիցներին նախապատրաստել միջազգային մրցույթների ու չեմպիոնատների։

Այսօր, 12 ժամ տեւող չեմպիոնատի ժամանակ մասնակիցները կմրցեն հետեւյալ նոմինացիաներում, կանանց աշխատանքներ՝ I- «Ամենօրյա սանրվածք», II- «Երեկոյի սանրվածք», III- «Երեւակայական սանրվածք», տղամարդկանց աշխատանքներ՝ I- «Ֆենով դասական երեկոյի սանրվածք», դիմահարդարում՝ I- «Հանդիսավոր դիմահարդարում», II- «Կառնավալային դիմահարդարում»։ Չեմպիոնատի իրադարձությունն, իհարկե, կլինի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի բացարձակ չեմպիոն, «Օվացիա» մրցույթի քառակի մրցանակակիր Սերգեյ Զվերեւի ելույթը։ Մեր հանրապետության վարսահարդարման արվեստի եւ դեկորատիվ դիմահարդարման I չեմպիոնատին մասնակցելու են ոչ ավել ոչ պակաս 59 հոգի։ Առաջ ընկնելով ասեմ, որ ըստ հյուրերի այս թիվը մեր հանրապետության համար բավականին պատկառելի թիվ է։ Մասնակիցներից յուրաքանչյուրն անձամբ ինքն է ընտրել իր մոդելին։

Այս չեմպիոնատն անցկացվելու է վարսահարդարների միջազգային կոնֆեդերացիայի պահանջների կանոններին համապատասխան։ Այս կոնֆեդերացիան գտնվում է Փարիզում եւ կանոններ է մշակում վարսահարդարման եւ դիմահարդարման մրցույթների անցկացման վերաբերյալ։

Ասուլիսի ընթացքում Բելառուսի վարսահարդարման փոխնախագահ Ալեքսանդրա Լոզովեսկայան մանրամասն բացատրեց վարսահարդարման միջազգային մրցույթների ոչ միայն գնահատման մեխանիզմներն ու չափանիշները, այլ նաեւ տեղեկացրեց, որ կոնֆեդերացիան զբաղվում է նաեւ վարսահարդարման հեռանկարների հետ կապված խնդիրներով։ 50-ից ավելի մասնակիցների դեպքում (իսկ մերոնք 50-ից շատ են) գործում է գնահատման հետեւյալ համակարգը. նվազագույնը՝ 10 բալ, առավելագույնը՝ 30 բալ։ Ընդ որում, գնահատվում է հետեւյալ մեխանիզմով. նվազագույնը՝ 10, 11, 12 բալ, առավելագույնը՝ 30, 29, 28։

Գնահատման այսպիսի համակարգն ըստ Լոզովսկայայի հնարավորություն է տալիս առավել օբյեկտիվ գնահատել այս կամ այն երկրի կողմից ներկայացված սանրվածքը։ Ինչ վերաբերում է կանանց եւ տղամարդկանց սանրվածքներին՝ տիկին Լոզովսկայան շեշտեց, որ կանանց սանրվածքը գնահատելն ավելի դժվար է, քանի որ կանանց սանրվածքն ավելի գեղարվեստական եւ գեղեցիկ է լինում եւ վարսահարդարն իր երեւակայության ողջ պաշարը ներկայացնում է հենց կանանց սանրվածքով։

Շնորհակալություն հայտնելով չեմպիոնատի հովանավորներին՝ Հայաստանի վարսահարդարման եւ դիմահարդարման միության նախագահ Մ. Առաքելյանը նշեց, որ նմանատիպ միջոցառումները պետք է ստանան կառավարության, քաղաքապետարանի աջակցությունը. ընդ որում ե՛ւ ֆինանսական, ե՛ւ բարոյական։ Ի պատասխան «Առավոտի» այն հարցի, թե արդյոք իրենք դիմե՞լ են կառավարությանը՝ տիկին Առաքելյանը նշեց, որ դիմել են կառավարությանն ու մշակույթի նախարարությանը, որտեղից պատասխանել են, թե նման միջոցառման համար պետական բյուջեում տող հատկացված չէ։ Տիկին Առաքելյանը ոչ միայն տեղեկացրեց մասնակիցների 3-ամսյա նախապատրաստական շրջանի մասին, այլեւ հստակ ցուցումներ տվեց լրագրողներիս չեմպիոնատը լուսաբանելու, առավել եւս՝ լուսանկարելու ու տեսագրելու ուղղությամբ։

Վարպետը եկավ

Վարպետն, իհարկե, վերը թվարկածս տիտղոսներով հարուստ Սերգեյ Զվերեւն էր։ Նա եկավ ոտքից-գլուխ ճեփ-ճերմակ հագած, միակ սեւը նրա ակնոցն էր, որ Զվերեւը ոչ մի պահ չհանեց։ Թեպետ Սերգեյ Զվերեւը հենց սկզբից հայտնեց, որ իր ժամանակը շատ կարճ է (պետք է, իր խոսքերով ասված, գնար մասնակիցներին մարզելու), այդուհանդերձ, հաճույքով խոսեց ավելի քան մեկ ժամ։

Բավականին հետաքրքիր զրույցի ընթացքում հնչած Սերգեյ Զվերեւի յուրաքանչյուր խոսքը կարող էր վերնագիր դառնալ։ Չգիտեմ, պարոն Զվերեւին հայտնի է, թե ոչ, որ հայերիս շա՜տ է դուր գալիս, երբ որեւէ օտարերկրացի հայտնում է, թե ինքն Հայաստանը շատ է սիրում, թե ինքը կես-հայ է, այդուհանդերձ, պարոն Զվերեւը նշեց, որ Հայաստանը դարձել է իր երկրորդ հայրենիքը։

Նա տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանից բացի նախկին ԽՍՀՄ որեւէ այլ հանրապետությունում ինքը սրահ չի բացել։ Իսկ մեզ մոտ ինքը այնքան է հավանել, որ սրահ է բացել իր համար աներեւակայելի շրջանում. աշխարհի չեմպիոնատից առաջ։ Սերգեյ Զվերեւը կեղծ համեստությամբ չէր տառապում, ուստի հայտնեց, որ այս չեմպիոնատից է կախված Հայաստանի վարսահարդարման հետագա ճակատագիրը, իսկ լրագրողներիս համար հատուկ շեշտեց, որ եթե ուզում ենք այս ոլորտի պրոֆեսիոնալ լրագրող դառնալ՝ ապա անպայման պետք է այսօր դիտենք իր ելույթը։

Թեպետ Ս. Զվերեւը ընդամենը մեկ օր էր Երեւանում, բայց արդեն հասցրել էր զարմանալ մեր հանրապետության չեմպիոնատի կազմակերպչական բարձր մակարդակից։ Նա նույնիսկ բերեց Հոլանդիայում անցկացված մրցույթի պայմանները, որտեղ իրեն ընդամենը կես մետր տարածք են հատկացրել։ Իսկ այս մրցույթում մեծ սեղաններ եւ լավագույն հայելիներ են տրամադրված մասնակիցներին։ Դահլիճն ապահովված է օդափոխիչներով, ժյուրիի համար սենյակ է առանձնացված։ Զվերեւի բնորոշմամբ՝ այսպիսի պայմաններում կարելի է միջազգային մրցույթ կազմակերպել։ «Ես այսպիսի մրցույթ որեւէ տեղ չեմ տեսել, ինձ ոչ ոք իմ ելույթների ողջ ընթացքում անվճար կոկա-կոլա չի տվել։ Այստեղ, խնդրեմ, ինչպիսի շռայլություն. նվերներ, մրցանակներ… այդքան ես ելույթներ եմ ունենում՝ միայն՝ ծաղիկներ եւ դիպլոմ եմ ստանում (…), այստեղ ամեն ինչ արվում է հայկական ավանդույթների համաձայն»,- ասաց Սերգեյ Զվերեւը։ Այս պայմաններից հիացած եւ Հայաստանն իր երկրորդ հայրենիքը համարող Սերգեյ Զվերեւին պետք է հայտնի լինի հայկական մի թեւավոր խոսք, որը ցավոք չեմ կարող գրել, սակայն միտքը մոտավորապես սա է. չեղած տեղից ամեն ինչ անում ենք ցուցադրվելու համար։

Հովանավորների եւ կազմակերպիչների շռայլությունից ու կազմակերպչական որակից հիացած Սերգեյ Զվերեւը, մեղմ ասած, հիացած չէր մեր վարսավիրներով։ Նախ, երիտասարդ վարսահարդարներն են բավական պասիվ եղել ու շատ քչերն են մասնակցել հատուկ իրենց համար կազմակերպված սեմինարին, ապա փորձ ունեցողներից որեւէ մեկը չի ցանկացել իր փորձը հաղորդել երիտասարդներին։ «Ինչու նրանք չեն եկել եւ իրենց փորձը հաղորդել այդ աղջիկներին ու տղաներին, իսկ ես՝ աշխարհի չեմպիոնս, եկել եմ եւ ուղիղ ինքնաթիռից սանրում եմ, ցույց տալիս ու պատմում»,- արդարացիորեն դժգոհեց Սերգեյ Զվերեւը։ Սա այն դեպքում, երբ Զվերեւի խոսքերով Շանելն ամեն տեղ Շանել է, իսկ ինքն արեւմուտքում թանկ է, իսկ իր հայրենիքում վարձատրվում է ինչպես կարողանում են. «վարձատրության առումով Հայաստանում իսկի կես Զվերեւ էլ չի մնացել»,- ասաց Ս. Զվերեւը։ Իմ այն հարցին, թե նման իրավիճակ որեւէ այլ երկրում պատահե՞լ է, Սերգեյ Զվերեւը պատասխանեց. «Հայաստանը պարզապես բացառություն է։ Հայաստանը բացառություն է ամեն ինչով. լավ, շատ լավ, սուպեր լավ եւ շատ վատ առումներով։ Այդպիսի տարբերություն միայն Հայաստանում կարող է լինել»։ Հայաստանից բացի մեկ էլ իր մոդել Ալլան է անկրկնելի Սերգեյ Զվերեւի համար։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031