Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ՍԿՍՎԵՑ ԳԱԶԱԶԱԾ ԱՆՁՐԵՎՈՎ

Հուլիս 22,1999 00:00
film

Ամբողջ Մոսկվան ողողված է միջազգային XXI կինոփառատոնի տրամադրությամբ։ Արդեն փառատոնի երկրորդ օրն է։

Փառատոնին ներկայացված են 18 մրցութային, ինչպես նաեւ՝ եզակի, ինֆորմացիոն եւ հատուկ ցուցադրման համար ֆիլմեր։

«Պուշկինյան» թատրոնում եւ շրջակայքում մեծ տոնակատարություն էր։ Թատրոնի դահլիճում ֆիլմ էր ցուցադրվում, նախասրահում եւ մուտքի սրճարանում փառատոնին հրավիրված եւ մասնակից կինոգործիչներն էին շփվում, շնորհավորում միմյանց։ Թատրոնի դիմացի պուրակում փառատոնի բացմանը նվիրված բացօթյա համերգ էր կազմակերպված՝ էստրադային աստղերի։ Գունավոր ու փայլփլող լույսերով եւ երաժշտությամբ ողողված մասսան եռում էր, հայտնի կինոդերասաններին աղաղակող ծափերով դիմավորում, լուսանկարում։

Նույն օրը, ժամը 11-ին փառատոնի բացմանը նվիրված բանկետ էր։ Մուտքը հատուկ հրավիրատոմսերով էր։ Ուշ երեկոյան այդ բանկետը, որ տրվեց «Էրմիտաժ» թատրոնի բակում, յուրօրինակ էր իր ձեւով։ Բեմում ջազային նվագախումբն էր, եւ սպիտակ, արեւելյան ոճի վրաններ, ուր մատուցվում էին համով ուտելիքներ ու խմիչքներ։ Վրանի պատերին փակցված «Ուտելը շատ կարեւոր է» բացիկներին հետեւելով, մտանք վրանները։ Ու չէինք հասցրել ափսեները վերցնել, անձրեւն անսպասելի հորդացավ։ Մոսկվայի կպչուն շոգերից հետո գազազած այդ անձրեւը մի շատ կարեւոր գործ արեց. ռուս կինոգործիչների կարծիքով (որոնք մասնակցել են նախորդ փառատոներին), այդ անձրեւի շնորհիվ հաստատ կնշանավորվի ու կհիշվի XXI փառատոնը։ Բոլորս մի կերպ, թրջված, ջուր դարձած տեղավորվեցինք վրանների մեջ: Ասեղ գցելու տեղ չկար, նվագախումբը ընդհանրապես բանի տեղ չէր դնում անձրեւը։ Խեցգետիններով, հավի խորովածիկներով, ձկներով լի ափսեները գլխների վրա պահած, մեկը մյուսին իր վերցրած ուտելիքով էր հյուրասիրում, տեղ-տեղ էլ՝ թափում իրար վրա, մի վրանում «танцуют все» էին գոռում, մյուսում՝ «горько»… Ուրախ էր… Երկու զույգ անձրեւանոցներով պարում էր անձրեւի տակ…

Ռուս ժողովրդի սերը հերթեր կանգնելու հանդեպ այդտեղ էլ երեւաց. ներս չթողեցին՝ մինչեւ անձրեւ չսկսվեց։ Այդպես շարունակվեց մինչեւ ուշ գիշեր։ Փոքր-ինչ ուշացումով թրջվածներին միացան նաեւ Նիկիտա Միխալկովը, Օլեգ Յանկովսկին…

Փառատոնի ծրագիրն այնքան մեծ է ու միջոցառումներով հագեցած, որ հնարավոր չէ հասցնել բոլորին ներկա գտնվել։

Հուլիսի 20. Օրը սկսվեց իտալական «Կեղտոտ անկողին» մրցութային ֆիլմով, այնուհետեւ փառատոնի ժյուրիի անդամներն ասուլիս հրավիրեցին հանրաճանաչ «Մանեժում»։ Կինոգործիչների միությունների կոնֆեդերացիայի համանախագահ Ռուստամ Իբրահիմբեկովն ու այլ կինոգործիչներ ասուլիս տվեցին ԱՊՀ երկրների կինոֆորումի կապակցությամբ։ Ֆորումին ներկայացված մոտ 40 ֆիլմերից ցուցադրվելու են 29-ը (տեխնիկական պատճառներով հնարավոր չէր այդքանը ցուցադրել)։ Ցուցադրման նպատակը՝ ԱՊՀ երկրների կինոգործիչների վերջին տարիներին նկարահանած ֆիլմերին ծանոթանալն է, շփումը, տեղեկատվության փոխանակումը։ Ֆորումը, որ բաղկացած է 2 մասից՝ ռետրոսպեկտիվ եւ նոր ֆիլմեր, իր մեջ ներառում է նաեւ կինոփառատոների, կինոշուկայի հարցերին նվիրված քննարկումներ։ Իսկ հուլիսի 28-ին «День автора» մեծ ակցիա է լինելու, որի ժամանակ ավազակային («пиратский») կինոժապավեններ են այրվելու։ Խորհուրդ տրվեց՝ ով ունի, թող իր հետ բերի։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

«Առավոտի» թղթակից,

Մոսկվա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031