Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ՔԱՆԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆԻ ԳՈՐԾԻՑ

Հուլիս 22,1999 00:00
ashot bleyan

Հուլիսի 11-ին Կենտրոն, Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը եւս երկու ամսով երկարացրեց Բլեյանի կալանքը: Դիտմամբ թե պատահմամբ՝ երկու անգամ էլ կալանքի մասին որոշումը կայացրել է դատավոր Ռուբեն Ներսիսյանը, որի հոր տպարանի եւ կեղծ ակցիզային դրոշմանիշերի պատմությունը հայ հասարակության համար գաղտնիք չէ:

Բլեյանի կալանքի հարցը երեք անգամ լսվել է երկու դատական ատյաններում եւ երեք անգամ էլ նրան չի թույլատրվել մասնակցելու այդ նիստերին: Իսկ ՀՀ քրեադատավարական օրենսգրքի 285 հոդվածում սեւով սպիտակի վրա գրված է. «Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը քննելիս դատական նիստին, որպես կանոն, պետք է ներկա գտնվի անազատության մեջ գտնվող մեղադրյալը»: 10-ամյա կրթությամբ ցանկացած անձ «որպես կանոն» բառերը ընկալում է պարտադիր, անպայման իմաստով: Բարձրագույն իրավաբանական կրթություն ստացած մեր դատավորները այդ արտահայտությանը բոլորովին այլ իմաստ են տալիս: Իբր՝ եթե նշվում է՝ «որպես կանոն», ուրեմն կարող են կանոնից բացառություններ արվել եւ պրակտիկայում հենց բացառությունն է դառնում կանոն: Առ այսօր կալանքի հարցի քննության ժամանակ ոչ մի մեղադրյալ ներկա չի գտնվել դատական նիստին, որն, ի դեպ, չգիտես ինչու, մեր օրենսդրությամբ նախատեսված է դռնփակ անցկացնել: Պատկերացրի՞ք իրավիճակը՝ փակ դռների հետեւում վճռվում է մարդուն անազատության դատապարտելու հարցը առանց նրա, նրա հարազատների, լրագրողների, ընդհանրապես հասարակության մասնակցության: Պաշտպանը ի սկզբանե դատապարտված է, քանի որ անհավասար պայմաններում ստիպված է պայքարել դատախազության միջնորդության եւ դատախազությունից կախյալ դատարանի սուբյեկտիվության դեմ:

Հենց դա է պատճառը, որ որպես կանոն (առանց բացառությունների) հարգվում է դատախազության միջնորդությունը: Հայաստանի Հանրապետության անկախ դատարանը, դեռ չի եղել դեպք, որ մերժի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ դատախազության միջնորդությունը: Իսկ միջնորդությունը կարող է ոչ միայն խիստ թերի լինել, այլեւ՝ անօրինական: Այսպես՝ Աշոտ Բլեյանի կալանքը երկարացնելու միջնորդության մեջ ներկայացված հիմնավորումները նրան ներկայացված չորս մեղադրանքի հետ կապ չունեն: Դրանք նոր մեղադրանքների փնտրտուքի հիմնավորումներ են: Սա վկայում է, որ չորս նախկին մեղադրանքների հիմնավորվածության վրա դատախազությունը վստահ չէ, բայց քանի որ մարդուն կալանավորել է, ստիպված է նոր մեղադրանքներ փնտրել: Փաստաբան Տիգրան Ջանոյանը այս երեւույթը համեմատում է 37 թվականի հետ, երբ մարդուն զրկում էին ազատությունից, ապա մեղադրանքներ հորինում:

Չորս ծանր մեղադրանքներ էին առաջադրված Աշոտ Բլեյանին (հիշո՞ւմ եք ՀՅԴ նշանավոր հանրահավաքը՝ Բլեյանի կողմից 800 միլիոն յուրացվելու մեղադրանքով): Այսօր մոտ մեկ տարի տեւած քննությունից հետո պարզվում է՝ Բլեյանի ամենամեծ մեղքը «ծնողական աջակցության գումարներն են» եւ ինչ-որ վկայականներ, որոնց մասին քննիչը իր տված հարցազրույցում հարցնում է. «Կարծում եք Բլեյանը տեղյակ չէ՞ր դրանց մասին»: Այսինքն, մեղադրանքը հյուսվում է «չփարատված կասկածների» հիման վրա: Իսկ մեր սահմանադրությամբ «չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի» (հոդված 41):

Կալանքի երկարաձգումը բավարար հիմնավորում չունի նաեւ մի այլ պատճառով՝ երկամսյա կալանքի ընթացքում Աշոտ Բլեյանի հետ ոչ մի քննչական գործողություն չի կատարվել, ոչ մի հարցաքննություն: Արդյո՞ք սա չի նշանակում, որ խնդիրը ոչ թե նախաքննության համար նպաստավոր պայմանների ստեղծումն էր, այլ պարզապես Բլեյանին մեկուսարանում պահելը: 1998-ի հոկտեմբերից Երեւանի դատախազության վարույթում է գտնվում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի չարաշահումների մասին» առաձգական անվանումով գործը, իսկ 99-ի մարտի 23-ին Բլեյանին այս գործով մեղադրանք է առաջադրվել (հասկանալի չէ, թե այդ վերնագրի տակ ինչպես է տեղ գտել նրա նախարարական շրջանին վերաբերող թղթի էպիզոդը):

Շուտով կլրանա քննության մեկ տարին, իսկ դատախազությանը ոչ մի կերպ չի հաջողվում կցել-կցմցել իր մեկ տարվա տքնաջան աշխատանքի արդյունքում ձեռք բերած փաստերը: Այնտեղ շատ լավ հասկանում են, որ սա Խդոյի գործը չէ, ոչ էլ, անգամ անվտանգության սպաներինը, որտեղ կիսատ-պռատ գործերը դատարան են ուղարկվել: Այս գործի վրա է սեւեռված ողջ հանրության ուշադրությունը, ընթացքին հետեւում են միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա դեսպանատները, մամուլը: Ընդդիմադիր քաղաքական գործչին դատապարտելու համար բոլոր օրինական հիմքերը պիտի առկա լինեն, քանի որ դատավարությունն ընթանալու է բաց եւ նախաքննության ողջ պրոցեսը փաստորեն տեղափոխվելու է դատարան: Կեղծ մեղադրանքներով դատապարտել Աշոտ Բլեյանին՝ չի հաջողվի: Իսկ կացնով աշխատելու պարագան կարող է այն փոքրիկ արգելքը դառնալ, որի պատճառով էլի մի անորոշ ժամանակով կհետաձգվի Հայաստանի՝ Եվրախորհուրդ մտնելու բաղձալի օրը:

Ռ. ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031