Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՆ ԵՎ ՊՐՈ-ԳԻՏԱԿԱՆ ԼՈԲԲԻՆԳԸ ԱԺ-ՈՒՄ

Հուլիս 22,1999 00:00
Fadey Tachatich

 ՀՀ ԳԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը մի առիթով զարմացել էր. «Մի՞թե մարդ հանուն այլ աշխատանքի ԳԱ նախագահի պաշտոնը կթողնի»։

Պրն Սարգսյանը «Միասնության» համամասնական ցուցակը գլխավորող եռյակում էր, բայց պատգամավորական մանդատ ստանալուց հետո այն վայր դրեց։ Զբաղվածությունը խորհրդարանում ԳԱ նախագահի համար ժամանակը կդարձներ հավերժ անբավարար, թերացումները՝ անխուսափելի, իսկ ԳԱ նախագահի բացակայությունը խորհրդարանից՝ ուղղափառ խաչ դրեց ԱԺ-ում գիտության շահերը պաշտպանող լոբբիի ձեւավորման վրա։ Մինչդեռ խորհրդարանը, ինչպես էլ պիտակավորվի, ինչ մականուն ունեցողներ էլ միջացքներում ճեմեն, մնում է օրենսդիր մարմին, հետեւաբար եւ՝ լոբբինգի ասպարեզ։

Ֆինանսավորումը մեծ խնդիր է, բայց ոչ միակը

Գիտությունների ակադեմիայի համակարգի որ օղակում էլ հետաքրքրվեք, թե ինչ ծրագրերի վրա են աշխատում, ի վերջո խոսակցությունը պտտվելու է դրամական միջոցների չգոյության շուրջ։ Այլ կերպ լինել չի էլ կարող։ Պետբյուջեից ԳԱ-ին հատկացվող գումարները միայն աշխատավարձի ֆոնդ են կազմում։ Աշխատավարձերը 2000-5000 դրամ են։ Մեկնաբանությունները բոլորովին ավելորդ են, եւ միակ բացատրությունն էլ՝ որ Հայաստանում դեռ գիտաշխատողի հաստիք գոյություն ունի, թերեւս սովորության ուժն է, Ակադեմիայի կամարների տակ տասնամյակներով ձեւավորված աուրան, որից հեռանալը հոգեբանական դատարկություն է ստեղծելու։

Մինչդեռ աշխատավարձերը ԳԱ ֆինանսական ծախսումների միայն մի ուղղությունն են։ Որպեսզի հնագիտության ինստիտուտն աշխատի, հարկավոր են արշավախմբեր, տեխնիկական հագեցվածություն, ինքնաշարժեր, վառելանյութ… Որպեսզի կենսաբանության ինստիտուտը գործի՝ հարկավոր են լաբորատորիա, սարքավորումներ, էլեկտրաէներգիա, կենդանիներ, բուծարաններ… Պետբյուջեից միայն աշխատավարձեր են վճարվում, ոչ մի լումայի հատկացում այլ ծախսումների չի կատարվում։

Դրամական ներհոսքի մյուս աղբյուրը Ակադեմիայում արտերկրի հետ կապերն են։ Արտասահմանյան հաստատությունների հետ համագործակցության ոլորտում մի էական բարելավում է կատարվել՝ ՀԳԱ-ի մասին տեղեկատվության ընդլայնումը։ Ֆադեյ Տաճատիչի սեղանին անգլերեն լեզվով գրքույկ էր դրված, որը վերահրատարակվում է ամեն տարի եւ պարունակում է տեղեկություններ ԳԱ ինստիտուտների, դրանցում ընթացող գիտական աշխատանքների, առկա ծրագրերի եւ գործընկերների մասին։ Նույն բովանդակությունն է, ինչ Արեւմուտքում տարածված Crude-րում եւ Directory-ներում։ Այլ հարց է, թե արտերկրում քանի ենթադրվող կամ ցանկալի հասցեատիրոջ է հասնում ՀԳԱ տեղեկատուն։ ԱՄՆ-ի մասին ողջ տեղեկատվությունը Հայաստանում ապահովվում է USIS-ի կողմից։

Պոլիգրաֆիայից բացի, սեփական գոյության մասին աշխարհին հայտնելու մեկ այլ ուղի էլ կա, որը, բարեբախտաբար, կախում չունի ԱԳՆ-ի անշարժությունից կամ՝ լավագույն դեպքում, ծանրաշարժությունից։ Այդ ուղին Ինտերնետն է։ ԳԱ ինստիտուտներն Ինտերնետում ունեն home page-եր։ Առաջին հայացքից կարելի է գոհունակություն ապրել, որ Ակադեմիայի ստորաբաժանումները նման ազատություն են վայելում։ Բայց աշխատանքի բաժանման արդյունավետությունը դեռ միջնադարյան համքարություններում է երեւացել։ ԳԱ ինստիտուտների ղեկավարները որպես կանոն գիտնականներ են։ Մինչդեռ որեւէ հաստատություն գիտական աշխարհին ներկայացել, գործընկերներ գտել, պայմանագրեր քննարկել, համագործակցություն հաստատել եւ այնպես, որ ձեւական բնույթ չկրի, այլ շոշափելի արդյունք տա, դա արդեն կառավարման՝ managment-ի խնդիր է։

Պետության դերը գիտական աշխարհում

Դեռ 1990-95-ի Գերագույն խորհրդում այն ժամանակ Գիտության, կրթության եւ մշակույթի հանձնաժողովի նախագահ Ռաֆայել Ղազարյանի նախաձեռնությամբ մշակվել էր Հայաստանի գիտական ներուժն արտահանելու համալիր ծրագիր, որը ենթադրում էր կառավարությանը կից պետական մարմնի ձեւավորում։ Միջնորդ մի կառույց՝ հայաստանցի գիտնականների միջկառավարական կամ միջգերատեսչական համաձայնագրերով երրորդ աշխարհի երկրներ գործուղելու համար։ Ի՞նչն էր հիմք տալիս կարծելու, թե երրորդ աշխարհում Հայաստանի գիտական ներուժը պահանջարկ կվայելի։ ԽՍՀՄ-ում գոյություն ունեցած գործուղման ավանդույթը եւ բնագիտության ասպարեզում, թե հիմնարար, թե կիրառական գիտությունների գծով Հայաստանի առաջատար դիրքերը։ Ինչո՞ւ նման մարմինը ստեղծվեր կառավարությանը կից։ Որովհետեւ գիտական ներուժ պահպանելու «ուղեղների արտահոսքի» փոխարեն կարգավորված ժամկետային գործուղումները պետության նպատակային տեսակետից նպատակային եւ շահվետ դարձնելու համար մի քանի նախարարությունների համադրված աշխատանք է հարկավոր՝ առնվազն՝ տեղեկատվության, ԱԳՆ, Կրթության եւ գիտության։ Ծրագիրը Բագրատյանի կառավարությունում քննարկվել էր 1993-ի գարնանը, որոշում էր կայացվել կառավարությանը կից նման կառույց ստեղծելու մասին, բայց ամեն ինչ այդպես էլ մնաց թղթի վրա։

Բարեբախտաբար առաջիկայում հնարավոր է՝ դրական տեղաշարժ լինի։ Ինչպես տեղեկացրեց Շավարշ Քոչարյանը, որ ներկա խորհրդարանում զբաղեցնում է Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, նախատեսված է «Գիտության մասին» օրենքի մշակում։

Համոզված լինելով, որ «Խեղդվողների փրկությունը, խեղդվողների գործն է» Ակադեմիայում սեփական նախաձեռնությամբ «Գիտության մասին» օրինագիծ է ստեղծվել։ «Գիտության մասին» օրենքի ճակատագիրն ավելի բարենպա՞ստ կլիներ, եթե Ֆադեյ Տաճատիչը մնար խորհրդարանում։ Գուցե պրոգիտական լոբբինգ գոյություն ունենար։ Գիտության պարագայում լոբբինգ է հարկավոր եւ այն էլ՝ հզոր։ Ֆադեյ Տաճատիչը լիազորությունները վայր է դրել, իսկ մնացյալ պատգամավորները հազիվ թե արդյունավետ պրոգիտական լոբբինգ ծավալեն։

ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031