«Ամենաահավոր հանցանքը ես համարելու եմ կոռուպցիան»:
Վազգեն Սարգսյան
Չինովնիկության շրջանում կաշառակերությունը ու կոռուպցիան նոր չեն ու ամենեւին էլ հայկական հիվանդություն չեն։ Եվ Վազգեն Սարգսյանն էլ առաջին քաղաքական գործիչը չէ, որն իր պաշտոնավարության սկզբում նման հայտարարություններով է հանդես գալիս։
Ճիշտ է, այս դեպքում, ինչպես երեւում է ՀՀ կառավարության 1999 թ. հունիսի 24-ի նիստում ասված նրա խոսքից, ՀՀ նոր վարչապետը ավելի քան վճռական է տրամադրված. «Եթե նախարարներն ու նրանց տեղակալները, նախարարությունների ու գերատեսչությունների առանցքային կազմը մաքուր եղավ, այդ մաքրությունն ինքնըստինքյան տեղափոխվում է նաեւ ներքեւի շերտեր։ Ես միամիտ չեմ, հասկանում եմ, որ դրա դեմ մի օրով չես պայքարի եւ դա միանգամից չի շտկվելու, բայց չափազանց մեծ է առաջին դեմքի դերը։ Եվ պետք է սկսենք մեզանից, ինձանից, իմ հարազատներից, ընկերներից…»։ Բայց…
Կարդացեք նաև
Բայց վաղուց է հայտնի՝ միայն տրամադրվածությամբ (էնտուզիազմով) հեռու չես կարող գնալ։ Շատ ավելի կարեւոր է, թե ի՞նչ գործնական քայլեր կհետեւեն եւ ի՞նչ հնարավորություններ կստեղծվեն նման ցանկությունները կյանքի կոչելու համար։
Քանզի միայն դրանց առկայության պայմաններում է, որ կարելի է դատել՝ հերթական հոխորտանքի՞, թե՞ լուրջ մտադրության մասին է խոսքը։ Այս հայեցակետից ՀՀ կառավարության հուլիսի 7-ի նիստի մամուլում հրապարակված պաշտոնական տեղեկատվությունը բավականին խոսուն է. «Վ. Սարգսյանն առաջարկել է ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով՝ ընդգրկելով ՆԳ, ԱԱ, Պետական եկամուտների, Արդարադատության նախարարությունների եւ դատախազության ներկայացուցիչներին»։
Ինչպես տեսնում ենք, հոռետեսության համար ապացույցներն իրենց սպասեցնել չտվեցին. առկա են եւ «ցանկացած հարց տապալելու նպատակով հանձնաժողովներ ստեղծելու» լենինյան մեթոդը եւ ժողովրդական. «Աղվեսին հավաբնի պահակ նշանակելու» մասին հեգնական ասացվածքի խրատաբանությունը։
Այնպես որ, կարող եք ցնծալ 20-30 ԱՄՆ դոլարին համարժեք աշխատավարձ ստացող եւ բարեկեցության ամենաբարձր աստիճան ունեցող հայրենի չինովնիկություն՝ ձեր փողոցում ոչ մի կերպ չընդհատվող տոնը շարունակվելու է։ Բայց…
Բայց հայտնի է նաեւ, որ «հույսը վերջինն է մահանում»։ Եվ այդ «հույսը» աչքի առաջ ունենալով տեսնենք, թե մյուս երկրներում ինչպե՞ս են կարողանում «սանձահարել» իրենց չինովնիկությանը։
Աշխարհը կոռուպցիայի դեմ
Հասկանալի է, որ կաշառակերությունը կգոյատեւի այնքան ժամանակ, քանի դեռ կպահպանվեն պետական ապարատը եւ այդ ապարատում աշխատող, ինքնակամ որոշումներ եւ վերջնական վճիռներ կայացնելու լիազորություններ ունեցող պաշտոնյաները։
Պետական ապարատի վերացման խնդիր, գոնե տեսանելի հեռանկարում, ոչ մի լուրջ քաղաքական ուժ իր առջեւ չի դնում։
Ուրեմն կաշառակերության դեմ պայքարում մնում է երկու ուղի։ Կամ փոքրացնել որոշումներ եւ վճիռներ կայացնելու չինովնիկների իրավունքը, կամ էլ հասարակայնության կողմից խիստ վերահսկելի դարձնել պետապարատի գործունեությունը։
Աշխարհը գերադասում է երկրորդ տարբերակը՝ անընդհատ կատարելագործելով այն։ Այսպես՝ 1977 թ. ԱՄՆ Սենատը եւ Պալատը էթիկայի նոր կանոնադրություններ ընդունեցին, ըստ որոնց, Կոնգրեսի ամեն անդամ պարտավոր է տարին մեկ հրապարակել իր ֆինանսական վիճակին վերաբերող տվյալները։ Միաժամանակ՝ նրանք իրավունք չունեն ելույթի կամ հոդվածի համար 2000 դոլարից ավելի վարձատրություն ստանալ, եւ Կոնգրեսի իրենց աշխատավարձի 30 տոկոսից ավելի հավելյալ եկամուտ ունենալ…
Այս նույն խնդրին են ծառայում նաեւ այդ երկրներում քաղաքականության բաղկացուցիչ մաս համարվող տեղեկատվության ազատության մասին օրենքները, որոնք յուրաքանչյուր քաղաքացու իրավունք են տալիս ուսումնասիրել գերատեսչությունների գրառումներն ու արխիվային փաստաթղթերը, եւ այն բազմաթիվ օրենքները, որոնք ծախսված դրամի մանրամասն հաշվետվություն ներկայացնելու պահանջներ են պարունակում։
Պակաս կարեւոր չէ նաեւ այն հանգամանքը, որ թե օրենսդիրները եւ թե գործադիր մարմիններն իրոք աշխատում են «թափանցիկ»՝ այդ պետություններում օրենքներն ու որոշումներն առանց շահագրգիռ խմբերի հետ խորհրդակցելու երբեք չեն ընդունվում։
Այս շարքը կարելի է դեռ երկար շարունակել, բայց…
Բայց վերադառնանք մեր իրականությանը։
Հայ չինովնիկի ֆենոմենը
Մեր հասարակայնության մեջ պաշտոնամոլությունը ահռելի չափերի է հասնում։ Իզուր չէ տարածված այն կարծիքը, թե որ հային էլ հարցնես՝ կուզե՞ս նախարար լինել, անվերապահորեն այո կպատասխանի։ Ինչո՞ւ։ Որովհետեւ մեզանում մարդկանց շարունակում են ընդունել ըստ «հագուստի», իմա՝ պաշտոնի, եւ ճանապարհում են նույնպես ըստ հագուստի։ Քանզի պաշտոն ունեցողն է, որ իրականում կարող է հարցեր լուծել. ի՞նչ օրենք, ի՞նչ բան, դու ես, որ կաս։ Բնականաբար, նման պաշտոնյայի նկատմամբ մոտիկ ու հեռու շրջապատի ե՛ւ վերաբերմունքն է այլ, ե՛ւ մոտեցումները…
Արդյունքում ստացվել է այնպես, որ մեզանից յուրաքանչյուրն ընդհանուր առմամբ ազնիվ, օրինապաշտ պաշտոնյաներ ենք երազում, սակայն ցանկացած կոնկրետ դեպքերում «գործ շինող» դիրք ունեցողների ենք փնտրում։
Դե, իսկ ո՞ր պաշտոն ստացածը (մանավանդ որ այն հավերժ չէ) կցանկանա կամավոր զրկվել երանելի այդ վիճակից։ Այստեղից էլ աղավաղված, հակասություններով լի օրենքներն ու որոշումները։ Եվ նույն այդ օրենքների ու որոշումների ընդունման ողջ ընթացքը միմիայն իրենց ձեռքում կենտրոնացնելու անզիջում ձգտումը…
Ո՞րն է ելքը
Պարզից էլ պարզ է. մաքուր նախարարներով եւ կոռուպցիային դեմ պայքարի հանձնաժողովներով ոչինչ էական անել հնարավոր չէ։ Հայկական տարբերակը պետք է ընդգրկի երկու ուղիներն էլ. պետք է եւ փոքրացնել որոշումներ ու վճիռներ կայացնելու չինովնիկների իրավունքը, եւ խիստ վերահսկելի դարձնել նրանց գործունեությունը։
Միայն այս դեպքում հնարավոր կլինի փոխել չինովնիկների նկատմամբ հասարակայնության երկդիմի վերաբերմունքը։
Միայն այս դեպքում պաշտոնների կձգտեն ոչ թե կամ ոչ այնքան անձնական պատվախնդրություն ու նյութական շահեր հետապնդող, այլ իրոք որոշակի գաղափարների, համոզմունքների, ընկալումների ու արժեքների տեր, եւ այդ ամենը կյանքի կոչելու նպատակ ունեցող անձինք։
ՀՈՎՍԵՓ ՊՈՂՈՍՅԱՆ