Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԻԵՌ ՌԻՇԱՐԸ ՓՈԽՈՒՄ Է ԻՐ ԻՄԻՋԸ

Հուլիս 22,1999 00:00
pier rishar

Պիեռ Ռիշարի մամլո ասուլիսը ասված ժամանակից բավականաչափ ուշացավ. ֆրանսիացի անվանի դերասանն իր ուշացումը բացատրեց Մոսկվայի ճանապարհների ծանրաբեռնվածությամբ։ Մինչ ասուլիսը, կինոփառատոնի մամուլի կենտրոնը լրատվամիջոցների ներկայացուցիչներին բաժանեց հուլիսի 21-ին լույս տեսած «Вестник кинофестиваля» խորագիրը կրող ամսագրերի երկու համարները։

Առաջինում ներկայացված էր Պիեռ Ռիշարը (ամսագրի առաջին էջում վերջինիս մեծ լուսանկարն էր), հարցազրույց դերասանի հետ, կենսագրությունն ու ստեղծագործական գործունեության մասին թարմ տեղեկատվություն։ Երկրորդ համարը նվիրված է Ալեն Դելոնին, որն օրերս կժամանի Մոսկվա։ Երկու ամսագրերում էլ պարտադիր ներկայացվում են նաեւ կինոփառատոնի կազմակերպիչները, մրցութային ու արտամրցութային ֆիլմերը եւ անպայման՝ Մոսկվայի քարտեզը, ուր նշված են այն կինոթատրոնները, որտեղ ցուցադրվում են ֆիլմերը։ Լրագրողները շատ սպասեցին Պիեռ Ռիշարին, սակայն պարզվեց, որ ֆրանսիացի անվանի դերասանը քիչ ժամանակ էր նախատեսել լրագրողների համար։ Ասեմ, որ լրագրողների հարցերն էլ առանձնապես չէին փայլում իրենց բովանդակությամբ՝ «Ի՞նչ եք սիրում», «Ինչ չեք սիրում»… Պիեռ Ռիշարն այսօր կմեկնի Ֆրանսիա։

Հենց սկզբից Վրաստանից կին մի լրագրողուհի, հետաքրքրվեց՝ որքանով է ծանոթ պրն Ռիշարը վրացական կինոյին ու վրացի դերասաններին, եւ ապա համառորեն պնդում էր, որ դերասանը իրեն նվիրի իր սիրած ճաշատեսակներից մեկի բաղադրատոմսը։ Պիեռ Ռիշարը խոստովանեց, որ լավ է վերաբերվում վրացական կինոյին, աշխատել է որոշ դերասանների հետ ու շատ է սիրում համով ճաշատեսակներ, սակայն քանի որ ինքը չի պատրաստում՝ չի հիշում։ Վրացուհու երկարաձիգ համառությանը պատասխանեց. «Կաթով սուրճ»։

Դերասանը պատրաստվում է փոխել իր իմիջը որպես դերասան, իր կարծիքով, նոր էջ է բացվում, եւ մեծ հույսեր է կապում իր նոր ֆիլմերի հետ։ Նոր իմիջի անհրաժեշտությունը մեկնաբանեց իր տարիքով։ Չասաց՝ քանի տարեկան է, սակայն խոստովանեց, որ արդեն շատ մեծ է, գրեթե ծեր։ Իսկ երիտասարդ տարիքում ինքն իրեն դուր չի եկել ու սիրել է հանդես գալ տարիքով մարդկանց դերերում։

Մոսկվայում Պիեռ Ռիշարը գործնական ու ընկերական հանդիպումներ է ունեցել Նիկիտա Միխալկովի հետ, որին մեծ ռեժիսոր, դերասան ու իր ընկերն է համարում։ Ռիշարին շատ էին հուզել մի հանդիպման ժամանակ Նիկիտա Միխալկովի՝ իրեն ուղղված խոսքերը։ Չասաց ինչ, բայց իր մասին նման խոսքեր առաջին անգամն էր լսում։ Ռիշարը նոր նախագիծ ունի Կինեմատոգրաֆիստների միությունների կոնֆեդերացիայի նախագահ Ռուստամ Իբրահիմբեկովի հետ։ Ռ. Իբրահիմբեկովը Պիեռ Ռիշարի համար ֆիլմի սցենար է գրել եւ այդ կատակերգական ժանրի ֆիլմը (հավանաբար մյուս տարի) կնկարահանվի Բաքվում։

Լրագրողներից մեկի այն հարցին, թե՝ Պիեռ Ռիշարը թենիս խաղո՞ւմ է եւ ի՞նչ դեր ունի թենիսն իր կյանքում, դերասանը ոտքի կանգնեց, երկու ձեռքով բռնեց մեջքն ու բողոքեց, որ մեջքի հետ կապված խնդիրներ ունի։ Մի ժամանակ խաղում էր, բայց առողջական վիճակի, մեջքի պատճառով հիմա միայն բավարարվում է թենիսի մրցույթներին պարբերաբար հետեւելով։ Շատ է հարգում ձիասպորտը։

Ռուս դերասանների դպրոցի մասին պատասխանեց. «Անկեղծ ասած, ես չեմ հանդիպել նման դպրոցների, բայց, իմ կարծիքով, բոլոր ռուս մարդիկ դերասաններ են, ինչպես բոլոր իտալացիները։ Ձեզ մոտ դա ինքնաբուխ է։ Եթե ինձ հնարավորություն ընձեռվի, ուրախ կլինեմ այստեղ դերասանական դպրոց ստեղծել։ Իսկ ընդհանրապես, բացի կատակերգական ժանրի դերասաններից, կյանքում բոլորն էլ դերասաններ են»։ Մեծ դերասանին շատ էր հուզել նաեւ ռուս ժողովրդի վերաբերմունքը իր նկատմամբ. «Երբ քայլում եմ փողոցով, բոլորն ինձ ժպտում-բարեւում են, ձեռք են տալիս։ Թեեւ ես արդեն 25 տարի կինոյի մեջ եմ, ռուս ժողովուրդն ապրելով այդքան հեռու, լավ ճանաչում է ինձ ու տեսել է իմ բոլոր ֆիլմերը»։

Պ. Ռիշարն իր հարցազրույցներից մեկում ասել էր, թե ցանկություն ունի «Շան սիրտը» ֆիլմում Շարիկովի դերը խաղալ. «Շուն շատ եմ սիրում։ Ինքս էլ եմ շներ պահում, նրանք շատ նուրբ զգացողություն ունեն, ու կուզենայի շան դերում խաղալ, որովհետեւ ի վերջո Շարիկովը հասարակ շուն չէր…»։

Ռիշարը շատ լավ հիշում էր կինոթատրոնում իր առաջին դիտած ֆիլմը՝ «Տարզանն էր», որը ենթագիտակցորեն (Ռիշարի կարծիքով) մեծ ներգործություն է թողել իր վրա, ինքը միշտ մտածել է մի օր Տարզանի դերը խաղալ։ Բայց երեւի թե արդեն ուշ է, քանզի ինչպես ինքն ասաց՝ ե՛ւ մեջքն է ցավում, ե՛ւ արդեն վաղուց երիտասարդ չէ։ Չասենք՝ ծեր, հոգով ջահել ու աշխույժ էր։ Ասուլիսի ընթացքում եւ հետո մի բան էի մտածում. լրագրողնե՞րն էին պրիմիտիվ, թե՞… դերասանները չպետք է խոսեն, պետք է ֆիլմերում նկարահանվեն։ …

Միեւնույն է, Ռիշարը ֆիլմերում ավելի լավն է, քան ասուլիսում էր։ Կյանքում՝ չգիտեմ։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

«Առավոտի» թղթակից,

Մոսկվա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031