Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ակամա ընդդիմախոս…

Հուլիս 22,1999 00:00
hjk

Զարմանալի է, բայց փաստ. Քանաքեռ-Զեյթուն համայնքի ՀԺԿ-ի կազմակերպության մի ստվար խումբ՝ թվով 300 անդամներ, ընտրություններից հետո ակամա հայտնվեցին ընդդիմադիր կարգավիճակում։ Շատերը չհասցրին անգամ ընկալել կատարվածը։

Հիմա արդեն պարզ է նախընտրական էտապում տարված «սահուն» պառակտողական քաղաքականությունը՝ կազմակերպությունը ընտրողաբար բաժանել «աջերի» եւ «ձախերի»։

Մինչ այդ էլ՝ համայնքի ՀԺԿ կազմակերպության նախագահ Մ. Անդրեասյանը չէր փայլում սկզբունքայնությամբ եւ կազմակերպչական հատուկ տվյալներով, այդ պատճառով շատերիս մեջ կարծիք էր առաջացել, որ նա պարզապես չի կարողանում կոորդինացնել կազմակերպչական աշխատանքները, որի արդյունքում էլ մենք հայտնվել էինք հարկադրական պարապուրդում։

Հետո պարզվեց, որ Մ. Ա.-ն հրահանգավորված էր աշխատում։ Նա կազմակերպության անդամներին «անց էր կացրել» իր սեփական պրիզմայով, բաժանել վստահված եւ մերժված խմբերի։ Սեփական դեմք ունեցող կուսակցականները վստահության քվե չէին ստացել, եւ նախօրոք կազմված հանձնաժողովների ցուցակներից հանվել էին նրանց անունները։

Պատկերն ավելի պարզ դարձավ, երբ կուսակցության վարչության քարտուղար Ռ. Միրոյանի բանավոր հրահանգ-սպառնալիքը հասավ նաեւ մեզ՝ շարքայիններիս. «Ով չպաշտպանի Ռ. Սանդոյանի թեկնածությունը, կհեռացվի կուսակցությունից»։ Բանավոր հղած այդ հրովարտակի երկրորդ մասում աբսուրդն ավելի էր ընդգծված. «Դուք իրավունք չունեք պաշտպանելու ձեր կուսակցական անդամի թեկնածությունը»։

Չգիտեմ՝ վերին ատյաններում ինչպես, բայց մենք՝ շարքային կուսակցականներս, գոնե, համոզված ենք, որ ՀԺԿ-ն ժողովրդի հավատի եւ հույսի ծնունդն է։ Ինչ կապ ունի այս ամենի հետ Ռ. Սանդոյանը։ Այս կամ այն թեկնածուին, այնուամենայնիվ, ընտրում է ժողովուրդը, որքան էլ վերեւից սպառնալիքներ տեղան։

Մայիսի 23-ին Զեյթունում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ Կ. Դեմիրճյանը շատ հասկանալի բացատրություն տվեց՝ եթե թիվ 24 ընտրատարածքում «Միասնություն» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու չկա, ցանկացողները պաշտպանեն իրենց կուսակցական ընկերոջը։

Պաշտպանեցինք, հաղթեցինք, որովհետեւ մեր եւ ժողովրդի կարծիքները թեկնածուի հարցում համընկնում էին։ Ընտրվեց ՀԺԿ անդամ Մ. Գասպարյանը։ Արդյո՞ւնքը…

Կազմակերպությունը ամբողջովին պառակտվեց. ստացվում էր, որ մի «թեւը» հաղթել է, մյուս «թեւը» պարտություն է կրել։ Հակասությունը գնալով սրվեց։ Իրավիճակը կարգավորելու, փոխզիջումների եզրեր գտնելու նպատակով «հակամիրոյանական» թեւը պահանջում էր արտահերթ կոնֆերանս հրավիրել։ Համայնքի ՀԺԿ նախագահը շարունակ խուսանավում էր։

Հունիսի 16-ին անսպասելի նիստ գումարվեց։ Խորհրդի երկու անդամներս Միրոյանի հրահանգները չկատարելու, «հակաքարոզչություն» ծավալելու համար հեռացվեցինք կուսակցությունից։ (Ինձ եւ Ս. Գրիգորյանին կուսակցության շարքերից հեռացնելու որոշումը կատարվել է ՀԺԿ-ի կանոնադրության 5 կանոնադրական խախտումներով, որի արդյունքում Մ. Անդրեասյանի «ընտանեկան» խորհուրդը հայտնվել է անելանելի վիճակում։ Ըստ կանոնադրության նշված ընկերները պետք է հեռացվեին սկզբնական կազմակերպության կողմից, որի որոշումը պետք է ներկայացվեր Մ. Ա.-ին՝ խորհրդով հաստատման։ Նշված ընկերները խորհրդի անդամներ են՝ հաստատված կազմակերպության անդրանիկ կոնֆերանսի կողմից։ Ստացվում է՝ «անկուսակցականները» իրավունք ունեն մասնակցելու խորհրդի նիստին՝ քվեարկելու իրավունքով)։

Կրքերն ավելի բորբոքվեցին։ 17.06.99 թ. Մ. Անդրեասյանին հանձնվեց 16 սկզբնական կուսակցություններից 200-ից ավելի ստորագրություններ՝ արտահերթ կոնֆերանս՝ հրավիրելու պահանջով։ Համաձայն ՀԺԿ կանոնադրության, այն պարտավոր են հրավիրել մեկամսյա ժամկետում։

Կոնֆերանս հրավիրելու փոխարեն սկսվեց ամենաիսկական քաղաքական տեռոր։ Արդեն մեզ հայտնի են «սեւ» ցուցակում տեղ գտած ակտիվ «հակաքարոզիչների» անունները, որոնք փուլ առ փուլ պետք է հեռացվեն ՀԺԿ-ից։

Հունիսի 27-ին Մ. Ա.-ն հրավիրեց Քանաքեռ-Զեյթուն համայնքի ՀԺԿ-ի ակտիվի ժողով, նախապես հայտարարելով, որ ժողովին պետք է մասնակցեն քաղաքական խորհրդի եւ դաշինքի ղեկավարներ։ Մենք մեծ ոգեւորությամբ գնացինք՝ ենթադրելով, թե մեր ձայնը «տեղ» է հասել վերջապես…

Պարզվեց, որ «ղեկավարները» Ռ. Միրոյանն է, այն «տանիքը», որը ծածկում է արդեն «թրի տակով» անցածներին։

Փորձեցինք օրակարգ մտցնել կուսակցությունից հեռացված մեր ընկերների հարցի քննարկումը, բայց ապարդյուն։ Ձայները հաշվելիս անգամ մեր ներկայությունն անտեսվում էր։ Հիասթափված լքեցինք դահլիճը։

Եվ ահա ստիպված ենք մամուլի միջնորդությամբ ներկայացնել արտահերթ կոնֆերանս հրավիրելու մեր պահանջը, խնդրել մեր հարգարժան ՀԺԿ վարչության եւ քաղաքական խորհրդի անդամներին՝ հարգելու մեր պահանջը, որով առաջին հերթին կհարգվի կուսակցության կանոնադրությունը, «մի քիչ» էլ շարքային կուսակցականներիս իրավունքները։

Մենք դեռ հավատում ենք, որ ՀԺԿ-ն չի կաղապարվել Ռ. Միրոյանի ինքնատիպ հաշվեհարդարի «աշխատաձեւի» մեջ։

Մենք հույս ունենք, որ ՀԺԿ-ի մյուս ղեկավարները, լավագույն դեպքում, մեզ չեն որակի իբրեւ «հարբեցողներ», «թմրամոլներ», «անգիտակից զանգված», որոնցով արդեն մեզ որակել են Ռ. Միրոյանն ու իր «աշխատախումբը»։

Մենք ժողովրդական կուսակցություն ենք, իսկ ժողովուրդը, ուշ թե շուտ, կարող է «թացը չորից» զատել։ Ավելացնեմ, որ ինքս հանդիսանում եմ ՀԺԿ հիմնադիրներից եւ կցանկանայի հիշեցնել պրն Միրոյանին եւս մեկ անգամ նայել իրեն շրջապատողներին, վերհիշել 1998 թ. նախագահական ընտրությունների դժվար եւ ծանր օրերը։

Դիմում եմ ՀԺԿ վարչության անդամներին՝ իմ ընկերներին. չի կարելի նման վերաբերմունք ցուցաբերել, առավել եւս ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետո։ Շատ բան չեմ պահանջում, հերթական քաղխորհրդի նիստերից մեկում ինձ 10 րոպե հնարավորություն տալ ելույթ ունենալ։ Վերջապես անհարմար է՝ լինել կուսակցական ընկերներ, բայց խոսել մամուլի միջամտությամբ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՐԲԻՆՅԱՆ

ՀԺԿ անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031