Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՖԱԼԸ ԹՈՂ ՄԵՐ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԻ

Հուլիս 22,1999 00:00
Ida Martirosyan

Նախընտրական շրջանում ՔԴՄ նախագահ Իդա Մարտիրոսյանը հանդես եկավ բավական հետաքրքիր եւ յուրօրինակ նախաձեռնությամբ։ Նա պահանջեց, որ յուրաքանչյուր պատգամավոր իր աշխատավարձից վճարի 5 հազար դրամ, մինչեւ չընդունվի օրենք, որով կենսաթոշակները կբարձրացվեն գոնե 5 հազար։

Նախատեսվում էր, որ այդ 5 հազարը կբաժանվի հենց նույն թոշակառուներին։ Իդա Մարտիրոսյանի եւ մեր անբախտ թոշակառուների բախտից 190 հոգիանոց պառլամենտը փոխարինվեց 130 հոգով, սակայն պարզվեց, որ նրանք էլ այնքան պատրաստակամ չեն զիջել իրենց 5 հազար դրամները, եւ կպայքարեն թոշակառուների եւ Իդա Մարտիրոսյանի դեմ մինչեւ վերջ։ Այս նախաձեռնության հետագա ընթացքի մասին խնդրեցինք պատմել տիկին Մարտիրոսյանին։

-Ուզում եմ հիշեցնել Չերչիլի խոսքերը, որը ասում է, որ դեմոկրատիան վատ բան է, սակայն դրանից լավ ոչինչ չի ստեղծված, ես այն վերափոխել եմ այսպես. դեմոկրատիան վատ բան է, մանավանդ, որ չկա։ Մենք ընտրում ենք մարդկանց, որոնք պետք է մտածեն մեր մասին։ Որպեսզի ամեն անգամ չկանգնես հրապարակում, չկրակես, չսպանես, դու քո այդ իրավունքները փոխանցում ես իշխանությանը։ Դեմոկրատիայի գոյության 10 տարիները բերում են սոցիալական վիճակի ավելի ու ավելի վատթարացման։ Այդ մասին խոսում ենք ոչ միայն մենք՝ շարքային քաղաքացիներս, որ գտնվում ենք ԱԺ-ից դուրս, այլ նաեւ խորհրդարանի մեծ մասը։ Այս դեպքում միակ բանը, որ մնում է ժողովրդին, ինչ-որ կերպ ազդել այն մարմնի վրա, որին նա փոխանցել է իր շահերի պաշտպանությունը։ Դրա ճանապարհը մամուլն է եւ հանրահավաքները, սակայն վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ դրանով էլ ոչինչ չի ստացվում։ Ինչու «Ձեռքից ձեռք, օգնություն մեծահասակներին» ծրագիրը սկսեցի հենց նախընտրական շրջանում։ Խորամանկորեն հաշվել էի, որ այդ շրջանում լինում են հազարավոր համաձայնություններ, միլիոնավոր խոստումներ, որոնցից կարելի է կպնել։

Հետաքրքիր է, չէ՞, ԱԺ-ի սոցիալական հարցերի հանձնաժողովը այդպես էլ չի լրացվում, ոչ ոք չի ուզում մասն կազմել այդ հանձնաժողովին, քանի որ այլ բան է խոստանալը եւ ուրիշ բան է այն կատարելը։ Երբ թեկնածուն խոստումներ է տալիս, մենք համոզված ենք, որ նա դրանք չի կատարի։ Դրա համար անհրաժեշտ է նրան այնպես բռնել, որ նա հետո չկարողանա հրաժարվել, ստորագրության պես մի բան։ Սկզբում մենք դիմեցինք կուսակցություններին, բայց նրանք պատասխանեցին, որ դա ընտրակաշառք կդիտվի։ Խնդիրն այն է, որ հասարակությունը հասկանա եւ պարտադրի, որ նրանք դնեն այդ ստորագրությունը։ Այժմ մենք պահանջում ենք, որ 131 պատգամավորներ ամսական վճարեն 5 հազար դրամ 131 անապահով մարդու, մինչեւ նրանք կբարձրացնեն թոշակները՝ 5 հազար դրամ։ Սա քաղաքական ռեկետ է, բայց միտինգներով այժմ ոչնչի չես հասնի։

Բոլորն ասում են, թե ընտրություններն արդար չէին, ընտրողները ծախվեցին եւ այլն։ Իսկ ես ասում եմ, որ ընտրությունները ամենաժողովրդավարականն էին մեր երկրի պատմության մեջ։ Առաջին անգամ ժողովուրդն ընտրեց նրանց ում ուզում էր։ Ոչ թե նրանց, ում պատկերացնում էր օրենքներ ստեղծելիս, այլ իրեն նաղդով վճարողներին։ Ժողովուրդն ընտրեց նաղդը, եւ այդքան գնահատեց իրեն։ Դժբախտությունն այն է, որ նաղդի գինը մեկ կիլոգրամ բրինձն ու կես լիտր ձեթն է։ Այսինքն, մեզ հասցրել են այնպիսի աստիճանի, որ կարելի է գնել այդպիսի գնով։ Եթե մարդը համաձայն է վաճառվել այդ գնով, ավելի լավ չի լինի պարտադրել պատգամավորներին. հասարակության աջակցությամբ, որ այդ մարդիկ վճարեն ամեն ամիս, մինչեւ օրենք ընդունեն, որ այդ գումարը վճարի պետությունը։

-Ի՞նչ արձագանք ունեցավ ձեր նախաձեռնությունը։

-Ամենատարօրինակն այն է, որ առաջինը մեզ մոտ եկավ ԳԽ պատգամավոր Մելս Սահակյանը, որը լսել էր մեր հայտարարությունը եւ պատրաստ էր վճարել այդ 5 հազարը։ Ես բացատրեցի, որ սա ոչ թե բարեգործություն է, այլ քաղաքացիական հասարակության ճնշումը իշխանության վրա։ Չնայած այդ 5 հազար դրամը ես վերցրեցի, իսկ այն թոշակառուն, որին ես փոխանցեցի՝ անչափ երջանիկ էր։ Երկու ամիս 5 հազարական դրամ տվել է Վանո Սիրադեղյանը եւ 5 հազար Խոսրով Հարությունյանը, որը թեեւ այժմ պատգամավոր չէ, սակայն նրան դիմել էի դեռեւս իր՝ ԱԺ նախագահ եղած ժամանակ։ Դրանից հետո ես հեռուստատեսությամբ դիմեցի այդ դեպուտատների կանանց, որպեսզի բացատրեն իրենց ամուսիներին, որ նման դիրքերի հասնելուց հետո, կարելի է նման փոքրիկ քայլի գնալ։ Երբ մեր կուսակցությանը դիմեցին, որ եկեք միավորվենք, մի մեծ ընդդիմադիր կուսակցություն ստեղծենք, ես պատասխանեցի՝ եկեք մի լուրջ գործ անենք, որից հետո կխոսենք միասնության մասին։

-Իսկ դուք անհատապես դիմե՞լ եք պատգամավորներին։

-Դա կլինի իմ երրորդ քայլը։ Գուցե մի խնդրագիր գրեմ խորհրդարանին կամ պրն Դեմիրճյանին, որը կընթերցվի առաջին նստաշրջանի ժամանակ։ Դոն Կորլեոնեն, որին մենք այդքան սիրում ենք, ասում էր, որ անպաշտպանին հասարակությունը չի պաշտպանի։ Հարուստ եւ ապահովված մարդը միշտ պաշտպանված է, իսկ չքավորն անպաշտպան է, նա ստիպված է ինքն իրեն պաշտպանել։ Ահա այդ ժամանակ էլ առաջանում է մաֆիան։

-Իսկ եթե ձեր այս նախաձեռնությունը չաշխատի՞։

-Եթե ես լինեի Ռուսաստանում, կհավաքեի 500 գեղեցիկ աղջիկների, կհագցնեի մինի եւ կշարեի նախագահի նստավայրի առաջ. «Տեֆալ՝ մեկ-մեկ մտածիր նաեւ մեր մասին» պահանջով։ Որպեսզի հասկանան, որ եթե ոչ ոք մեր մասին չի մտածում, գոնե Տեֆալը մտածի։ Պարադոքսն այն է, որ Ռուսաստանում աղջիկներն այդ քայլին կգնային, իսկ մեզ մոտ գործում է կեղծ ամոթը։ Ամոթ է ասել, որ սոված եմ, բայց ամոթ չէ, երբ սովից մեռնում ես կամ սովից դրդված զբաղվում ես պոռնկությամբ։ Դրա համար էլ մեզ մոտ ոչ ուսանողությունն է ուսանողություն, ոչ ընդդիմությունը՝ ընդդիմություն, ոչ էլ կանայք են կին։

Զրուցեց

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031