Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ընտրացուցակներից դուրս մնացած քաղաքացիների թիվը չի գերազանցել 0,7%-ը»

Հուլիս 22,1999 00:00
Vahe Gabrielyan

Այսպիսին է նախագահի վերահսկողական ծառայության վերջնական եզրակացությունը

Հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ նախագահի վերահսկողական ծառայությունն ուսումնասիրում էր ԱԺ պատգամավորների մայիսի 30-ի ընտրությունների ժամանակ ընտրացուցակներից քաղաքացիների դուրս մնալու փաստերը։ Ծառայության ղեկավարի տեղակալ Ղեւոնդ Իսպիրյանն իր հունիսի 17-ի մամուլի ասուլիսում տեղեկացրել էր ուսումնասիրությունների նախնական արդյունքների մասին։ Ըստ այդմ, տեղի ունեցած խառնաշփոթի մեղավորը համակարգչային ծրագիրն էր, որի մասին ավելի վաղ «Առավոտ» օրաթերթին տրված հարցազրույցում վկայել էր նաեւ Կենտրոնի համայնքապետ Արարատ Զուրաբյանը։ Բայց ե՛ւ նրա, ե՛ւ հետո Ղեւոնդ Իսպիրյանի պնդումները միայն թերահավատությամբ եւ հեգնանքով էին ընկալվել։

Ինչեւէ, տեղեկացանք, որ այժմ պատրաստ է նախագահի վերահսկողական ծառայության վերջնական փաստաթուղթը, որում առկա եզրակացությունների մասին հետաքրքրվեցինք նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանից. «Վերջնական փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ ընտրացուցակներից քաղաքացիներին դիտավորյալ դուրս թողնելու կամ հանելու փաստեր, ինչպես նաեւ դատարան դիմած քաղաքացիների կողմից կրկնակի քվեարկության դեպքեր չեն արձանագրվել, ցուցակներից դուրս մնացած քաղաքացիների թվի վերաբերյալ զանազան լրատվամիջոցներում տարբեր կուսակցությունների եւ պատգամավորության թեկնածուների կողմից արված հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը եւ ուսումնասիրված համայնքներում ընտրացուցակներից դուրս մնացած քաղաքացիների թիվը չի գերազանցել 0,7 տոկոսը, ինչը չէր կարող ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Եզրակացության մեջ թվարկվում են ընտրացուցակներից քաղաքացիների դուրս մնալու հիմնական մեկ տասնյակ պատճառները եւ ԿԸՀ-ին առաջարկվում են դրանք վերացնելուն ուղղված կոնկրետ քայլեր։

Փաստաթուղթը բաց է եւ դրան առավել մանրամասն ծանոթանալու ցանկության դեպքում լրագրողները կարող են դիմել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայություն»։ «Առավոտն» անպայման կօգտվի այդ եզրակացությանը ծանոթանալու հնարավորությունից, քանզի «ընտրացուցակներից քաղաքացիների դուրս մնալու հիմնական մեկ տասնյակ պատճառների» վերաբերյալ հիշատակումը ենթադրության տեղիք է տալիս, որ միակ մեղավորը համակարգիչը չէր, որն ընդհանրապես չի սխալվում, եթե չի ստանում ոչ ճիշտ հրամաններ։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031