Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ՉՑԱՆԿԱՑԱՆ ՄԻ ՄԱՐԴՈՒ ՊԱՇՏՊԱՆԵԼ

Հուլիս 22,1999 00:00
vardan harutyunyan

Հուլիսի 20-ին նախագահին առընթեր սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի լուծարման փաստը ստվերեց մի ոչ պակաս հետաքրքրական իրադարձություն՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովը չցանկացավ քննարկել Աշոտ Բլեյանի խափանման միջոցի վերաբերյալ հայտարարությունը։

Օրակարգում այս հարցը ներառելու նախաձեռնությունը հանձնաժողովի անդամ Վարդան Հարությունյանինն էր, որը խնդիրն ավելի լայն ընդգրկմամբ էր ծրագրել քննարկման ներկայացնել. փոքր-ինչ տեսական հարցադրմամբ՝ «Խափանման միջոց հասկացության մասին»։ Բայց մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստը շատ կարճ էր տեւելու, քանի որ անմիջապես նախորդում էր սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի վերջինը դարձած նիստին։ Ուստի, մի քանի այլ հարցերի քննարկումից հետո, նախատեսված ընդհանուր հարցի փոխարեն, բայց դրա շրջանակներում Վարդան Հարությունյանը ներկայացնում է Բլեյանի վերաբերյալ առանձին հայտարարության տեքստ. «15 րոպե էր մնացել աշխատանքի ավարտին եւ ես ասացի, որ առաջարկ ունեմ քննարկելու ոչ տեսական, այլ կոնկրետ Աշոտ Բլեյան անհատին վերաբերող խնդիր»։ Առաջ անցնելով նշենք, որ այդ հայտարարությանը դեմ քվեարկած հանձնաժողովականներից մի քանիսն իրենց դիրքորոշումը բացատրում էին հենց ժամանակի հանգամանքով՝ լուրջ չէ նիստի ավարտից 5 րոպե առաջ հայտարարության տեքստ քվեարկելը։ Ասենք, Հովհաննես Ասրյանը նշեց. «Ես երբեք դեմ չեմ որեւէ հարցի, այդ թվում՝ նաեւ այդ հարցի քննարկմանը (այլ խնդիր է, թե ընթացքում ինչ կարծիք կհայտնեի), բայց կողմնակից եմ, որ քննարկումը նորմալ պայմաններում լինի, առանց ժամանակային սահմանափակման»։

Այս հանձնաժողովի կանոնադրության 8-րդ կետի համաձայն՝ նախագահն է հաստատում օրակարգը։ Բայց Պարույր Հայրիկյանն այս անգամ առաջարկեց հարցը քվեարկությամբ օրակարգ մտցնել։ Նախապես նշենք, որ հետագա քննարկման ընթացքում Պարույր Հայրիկյանը նշել էր, թե չկիսելով Աշոտ Բլեյանի գաղափարները՝ գտնում է, որ սխալ է նրան կալանքի տակ պահելը եւ մեկն էր այդ հայտարարությունը քննարկելու՝ ընդամենը 3 կողմ քվեարկածներից։ Մյուս երկուսը Վարդան Հարությունյանն ու սոցապ փոխնախարար Դավիթ Հակոբյանն էին։ Ծավալված քննարկման ընթացքում մեծ մասը ձեռնպահ էր մնացել որեւէ կարծիք բարձրաձայնելուց։ Իսկ արտահայտվողներից ասենք, Աղասի Արշակյանը մի քանի անգամ իր վախն էր արտահայտել, թե Աշոտ Բլեյանին բաց թողնելու դեպքում՝ կփախչի հանրապետությունից եւ Պարույր Հայրիկյանին ու Վարդան Հարությունյանին կոչ էր արել անձամբ երաշխավորել, որ այդպես չի լինի։ Հիշեցնենք, որ երբ Աշոտ Բլեյանի խափանման միջոցը քաղաքից չբացակայելու ստորագրությունն էր ընտրվել՝ նա իր անձնագիրն ինքնակամ դատախազության քննիչին էր հանձնել, որ մտավախություն չունենան, թե ստիպված են լինելու իրեն Հայաստանից դուրս փնտրել։

Սակայն առավել հետաքրքրականը հանձնաժողովի մեկ այլ անդամի՝ «Ավանգարդ» կենտրոնի տնօրեն Էդվարդ Մամիկոնյանի տեսակետն է, որը նշել էր, թե սա դատարանի իրավասության խնդիր է եւ խափանման միջոցի վերաբերյալ հայտարարությունը կարող է գնահատվել ճնշում դատարանի վրա։ Ուրեմն, արդյոք ընդհանրապես իրավապաշտպանությունն անիմաստ զբաղմունք չէ եւ դատապարտելի, քանի որ ոչ այլ ինչ է, եթե ոչ ճնշում իրավապահ մարմինների վրա։ Մեր այս հարցին պրն Մամիկոնյանը պատասխանեց. «Եթե «Ավանգարդը» կամ ցանկացած որեւէ այլ իրավապաշտպան կազմակերպություն նման հայտարարություն աներ՝ նորմալ կգնահատեի։ Անկախ կազմակերպություններ են եւ դատարանը կարող էր հարգել կամ չհարգել այդ միջնորդությունը։ Բայց եթե գործադիր իշխանությունն է նման հայտարարություն անում (չմոռանանք, որ մեր հանձնաժողովը նախագահական համակարգում է), ապա անձամբ ես էլ դա ճնշում կգնահատեի եւ կդիտարկեի որպես իշխանությունների տարանջատման սկզբունքի խախտում։

Ավելացնեմ, որ նախնական կալանքի ենթարկվածները հարյուրավոր, հազարավոր մարդիկ են, բայց նման հարցերի հանձնաժողովը երբեք չի անդրադարձել։ Եթե բացառություն է արվում մի մարդու համար, որն ուղղակի բարձր դիրքեր է զբաղեցրել՝ սա նմանվում է շուրջանակի պաշտպանության, որն անընդունելի եմ համարում, դրա համար էլ դեմ եմ քվեարկել»։ Դժվար է, ասենք, Պարույր Հայրիկյանին եւ Աշոտ Բլեյանին մի շրջանակի մեջ պատկերացնել։ Իսկ նախատեսված ընդհանրական հարցից որոշակի մեկի ընտրությունը Վարդան Հարությունյանն այսպես էր բացատրել. «Մեր խնդիրը քաղաքացիական դիրքորոշում արտահայտելն է։ Անկախ նրանից դա ճնշում կդիտվի, թե ոչ՝ իրավապաշտպանը պարտավոր է մեղմ մոտեցման կողմնակից լինել։ Հայտարարության մեջ ոչ էլ պահանջում էինք, որ Բլեյանին ազատ արձակեն, ուղղակի խնդրում էինք, որ նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվի։ Եթե ծանր հանցագործությունների կատարման մեջ կասկածվողի խափանման միջոցը կարելի է փոխել եւ կալանքը չընտրել, ապա Բլեյանը տնտեսական հանցագործությունների մեջ է մեղադրվում։ Ընդ որում, Հայրիկյանը հիշեցրեց, որ դրանք 2-4 տարի առաջ կատարված հանցանքներ են։ Ինչո՞վ պիտի նա հետաքննությանը խանգարի»։

Պրն Մամիկոնյանի մտահոգությունների առնչությամբ մեր կողմից նշենք, որ եթե մեր նոր դատական համակարգն իրոք անկախ է՝ կարող է նաեւ մերժել միջնորդությունը նախագահին առընթեր մի հանձնաժողովի, որը նաեւ զուտ խորհրդակցական մի մարմին է եւ որի խորհուրդների մեծամասնությունը նախագահը չի էլ ընդունել։

Ինչեւէ, Վարդան Հարությունյանին խնդրեցինք գնահատել այս խայտառակ փաստը, որ իրավապաշտպանության առաքելություն ունեցող այս հանձնաժողովի մեծամասնությունը հրաժարվեց մարդուն պաշտպանելուց։ Նա նախատեսեց ավելի ընդհանրական պատասխանը. «Մեր հանձնաժողովի աշխատանքների մի փուլի գործունեությունը ես արդեն շատ բացասական էի գնահատել, հիմա էլ շատ գոհ չեմ (առանձնացնենք Վարդան Հարությունյանի աշխատանքը՝ փախստականների, բանակում կատարված սպանությունների եւ այլ բազմաթիվ խրթին հարցերի վերաբերյալ իր նախաձեռնություններով – Ա. Ի.)։ Գտնում եմ, որ այս հանձնաժողովում ոչ թե իրավապաշտպան անունը կրող կազմակերպությունների անդամներ պիտի ընտրվեին, այլ քաղաքացիական քաջության պատրաստ մարդիկ։ Քաղաքացիներ պիտի ընտրվեին, այլ ոչ թե հասարակական կամ քաղաքական գործիչներ։ Եթե Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է լսել այն, ինչ իր ականջին հաճո է՝ ապա կարող է նույնիսկ չունենալ այս հանձնաժողովը։ Յուրաքանչյուր նախարար պատրաստ է նրան հաճո բաներ ասել։ Բայց ինձ թվում է, որ եթե նա այսպիսի հանձնաժողով է ստեղծել, ուրեմն ցանկացել է այնպիսի կառույց ունենալ, որը մի քիչ ակտիվ լինի ու հստակ դիրքորոշումներ ունենա»։

Այսինքն, ենթադրվում է, թե կարիք կա այս մի հանձնաժողովը նույնպե՞ս վերակազմավորել, մեր այս հարցին պրն Հարությունյանի պատասխանն էր. «Եթե ես լինեի որոշողը՝ ավելի շուտ կվերակազմավորեի այս հանձնաժողովը, բայց Ռոբերտ Քոչարյանի ելույթներից դատելով՝ կարծում եմ, որ նա աշխատանքներից գոհ է։ Չնայած պիտի որ հակառակը լիներ»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031