Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՐԱՆՍԻԱՆ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ Է ԿՈՎԿԱՍԻՆ

Հուլիս 22,1999 00:00
Hay-Fransiakan

Ֆրանսիայի Սենատի նախագահ պարոն Քրիստիան Պոնսլեի վերջին օրերի այցը Հայաստան ոչ մի կերպ «հերթապահ շրջագայությունների» շարքին չի դասվում։

Պատճառներն առավել քան հիմնավոր են, որպեսզի տեղի ունեցածն արդյունքներ տա։ Սկսենք քաղաքականության, մշակույթի մեջ ամենեւին էլ ոչ երկրորդական նշանակության մի հանգամանքից՝ ականատեսների վկայությամբ բարեկամության հիմքեր են գցվել Կարեն Դեմիրճյանի եւ Քրիստիան Պոնսլեի հարաբերություններում, որոնք, եթե Շեւարդնաձե-Շուլց նախադեպը մտաբերենք, բավականին լուրջ հեռանկարներ են խոստանում։ Կան նաեւ այլ իրողություններ։ Ընդունված է համարել, որ Հարավային Կովկասի պետություններից Վրաստանը Գերմանիայինն է, Ադրբեջանը՝ Անգլիայինը, իսկ Հայաստանը՝ Ֆրանսիայինը։

Այս ամենում, անշուշտ, կա ճշմարտություն։ Անգլիան մեր տարածաշրջանում էական դերակատարության սկսեց հավակնել այն ժամանակներից, երբ Ապշերոնում առան նավթի բույրը։ Սաքսոնական պրագմատիզմն անմիջապես գրավեց այդ դաշտը։ Մի փոքր այլ է Գերմանիա-Վրաստան հարաբերությունների պատմությունը, ինչը եւ պայմանավորել է Ֆրանսիա-Հայաստան կապը։ Դարավոր մրցակցության արդյունքում այնպես է ստացվել, որ Գերմանիան փակել է ֆրանսիացիների ճանապարհը դեպի Արեւելյան Եվրոպա, իր ազդեցության տակ պահելով Չեխիան, Հունգարիան, Լեհաստանը, Պրուսիայի հարեւան Բալթյան երկրները, Խորվաթիան, հարավային կողմում հասնելով մինչեւ Վրաստան։ Ֆրանսիան ստիպված իր ազդեցությունը տարածել է Եվրոպայի հարավում, Աֆրիկայի հյուսիսում, Միջերկրական ծովի առափնյա տարածքներում, այդ թվում եւ Կիլիկիայում, որտեղից եւ սկիզբ են առնում հայ-ֆրանսիական հարաբերությունների արմատները։

Ուստի ամենեւին էլ պատահական չէ, որ կես հազարամյակի ընթացքում Ֆրանսիայի՝ իբրեւ ռազմաքաղաքական դաշնակցի, հիշողությունը կորցրած հայ ժողովուրդը, 19-րդ եւ 20-րդ դարերի սահմանագլխին թե՛ Պոլսում, եւ թե՛ Թիֆլիսում ուներ ֆրանսիական մշակույթի արժեքները խորապես կրող մտավորականության ազդեցիկ շերտեր։

Անկեղծ ասած, դրան նպաստում էր եւս մեկ հանգամանք, որն էական տարր էր Ֆրանսիայի թե՛ ներքին եւ թե՛ արտաքին քաղաքականության մեջ Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո։ Խոսքը բարոյականության մասին է, ինչը Ֆրանսիայի ժողովրդի ազնիվ մղումների արդյունքում առաջացել էր հանրահայտ «Հավասարություն, եղբայրություն, ազատություն» կարգախոսով։

Սա եւս հանգամանք է, որը ձեւավորեց Անատոլ Ֆրանսի մոտեցումները եւ Կիլիկիայի հայերի նկատմամբ Ֆրանսիա պետության վերաբերմունքը՝ դարասկզբի իրադարձությունների ժամանակ։

Ինչեւիցե՝ դուրս գանք պատմական հանգամանքներից եւ վերադառնանք այսօրվան, երբ Ֆրանսիայի Սենատի նախագահը մինչեւ տարեվերջ հարավկովկասյան 3 պետությունների խորհրդարանների նախագահների հանդիպում կազմակերպելու առաքելությամբ շրջագայում է տարածաշրջանում։

Սա ամենեւին էլ պատահական ձեռնարկում չպիտի համարվի։ Ինչպես Արեւելյան Եվրոպայում, այնպես էլ Կովկասյան տարածաշրջանում, լուրջ գործընթացներ են առկա Ռուսաստանի դերի թուլացման առումով։ Մեդալի մյուս երեսն էլ այն է, որ ազդեցության ազատվող դաշտը դատարկ չպիտի մնա։

Անշուշտ, այդ դերին շատերն են հավակնում՝ ԱՄՆ-ը, Թուրքիան, Իրանը։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը գոնե առժամանակ զիջելու է դիրքերը։ Հենց այս հիմքով էլ Կրեմլին ձեռնտու է, որ տարածաշրջանում հաստատվի ոչ թե ինչ-որ մեկի հեգեմոն ազդեցությունը, այլ երեւույթը խայտաբղետություն ունենա։ Տվյալ դեպքում, համաշխարհային գերտերության դերի չհավակնող Ֆրանսիայի դերի մեծացումը մեր տարածաշրջանում անհամեմատ նախընտրելի է Ռուսաստանի համար, քան ԱՄՆ-ի հաղթարշավը։

Իսկ Ֆրանսիան, հիշենք, ընդունելի է Հայաստանի համար եւ ոչ մերժելի Ադրբեջանի եւ Վրաստանի դեպքում։ Այդուհանդերձ, պաշտոնական Փարիզը Հարավային Կովկասում բացառիկ դեր չի ունենա։ Սակայն, մյուսների համեմատ, այնուամենայնիվ, ասենք, նրա դերը մեծանալու է։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031