Առաջին նշանակումն է կատարվել ՀՀ պետական եկամուտների նախարարությունում։ Մաքսային ծառայության ղեկավար է նշանակվել Գրիգոր Մելքումյանը, որը Հայաստանում մաքսային գործի հիմնադիրներից է։ Հինգուկես տարի նա աշխատել է մաքսային վարչության պետի տեղակալ։
ՆՈՐ ԺԱՄԿԵՏ ԱՌԱՅԺՄ ՉԻ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ
Մերժվել է Վանո Սիրադեղյանի դատապաշտպանների միջնորդությունը՝ գործի նյութերին ծանոթանալու համար լրացուցիչ ժամկետ տրամադրելու վերաբերյալ։ Փաստաբաններն այժմ պատրաստվում են այս որոշումը գանգատարկել գլխավոր դատախազին։
Կարդացեք նաև
ԱԻՄ-ՈՒՄ ՉԳԻՏԵ՞Ն, ԹԵ ՈՒՐ Է ԻՐԵՆՑ ՆԱԽԱԳԱՀԸ
Նախագահին առընթեր սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի լուծարումից հետո նույն գիշերը Պարույր Հայրիկյանը Մոսկվայի չվերթով ԱՄՆ է ուղեւորվել, ուր նա պարբերաբար մեկնում է իր զավակներին տեսակցության։ Չնայած այս ուղեւորության մասին ինքը՝ Պարույր Հայրիկյանն էր նախապես հայտնել հանձնաժողովի անդամներից մեկին, բայց երբ փորձեցինք տեղեկությունը լրացուցիչ ճշտել նաեւ ԱԻՄ-ի Կենտրոնական գրասենյակից, հերթապահը պատասխանեց, թե որեւէ տվյալ այդ մասին չունեն։
ԲՆԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆ
Հայտնի իրողություն է, որ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Սիլվա Խրիմյանը եւ կրթության ու գիտության փոխնախարար Աիդա Թոփուզյանը մի քիչ իրար չեն սիրում։ Ու հակամարտությունն այս մինչեւ այնտեղ է հասել, որ Սիլվա Խրիմյանը մի զեկուցագիր է ուղղել կրթության եւ գիտության նախարարին՝ Աիդա Թոփուզյանի գործած մեղքերի (ընդ որում՝ քրեորեն պատժելի) պարտաճանաչ թվարկումով։ Աիդա Թոփուզյանի համարժեք քայլը Սիլվա Խրիմյանի նկատմամբ, բնականաբար, չի ուշացել։ Հաշտարար առաքելությամբ գործին միջամտել է ՆԳ նախարարությունը՝ կրթության եւ գիտության նախարար Էդուարդ Ղազարյանին խնդրելով՝ ընթացք չտալ երկու զեկուցագրերին էլ։