Դատական կատարածուները սուրբ են, բոլորս գիտենք։ Վերջերս ստացանք դրա վառ ապացույցը, երբ «Օրագիր» թերթի խմբագրությունում վերջիններս իրենց բացառիկ լկտի էին պահում եւ դրա համար ստացան «կազյոլ» որակումը, չորս կետով քրեական մեղադրանք առաջադրեցին Նիկոլ Փաշինյանի դեմ։ Հասկանալի է, մարդկանց սրբությունն է կասկածի տակ դրվել։
Սրբության մի նոր ապացույց էլ ստացանք օրերս։ Հունիսի 19-ին, ժամը 16-ին Ավան-Նոր Նորք համայնքների հարկադիր կատարման բաժին է հրավիրվում Նոր Նորքի 5-րդ զանգվածի բնակիչ Աղվան Աշոտի Բադալյանը։ Վերջինս վաղուց արդեն կնոջ հետ չի ապրում, թեպետ ապահարզանի դատը պետք է լինի սեպտեմբերին։ Բադալյանների ապահարզանի պատմությունը բավական բարդ է ու խճճված, այդ պատճառով էլ ամենեւին նպատակ չունենք անդրադառնալ վերոնշյալ գործին։
Ինչեւէ։ Ուրեմն, ամսի 19-ին, ժամը 16-ին Աղվան Բադալյանը մտնում է վերոնշյալ հարկադիր կատարման ծառայություն։ Սկսվում է բավական հետաքրքիր մի զրույց կատարածու Արարատյանի հետ։ Վերջինս Բադալյանին համոզում է եւ պարտադրում, որ նա այսուհետեւ պետք է ալիմենտ վճարի, քանի որ նոյեմբերին դատարանն այս կապակցությամբ վճիռ է կայացրել։ Բադալյանը խիստ զարմանում է, քանզի նոյեմբերին տեղի ունեցած դատի մասին լսում է այդ պահին։ Վերջինս ասում է, որ սեպտեմբերին լինելու է ապահարզանի դատը, որի ժամանակ էլ փորձաքննությունը կորոշի. երեխան իրե՞նն է, թե՞ ոչ։ Եվ միայն դատարանի որոշումից հետո կվճարի ալիմենտը։
Խոսակցությունը սկսում է ձգձգվել։ Արարատյանն իրենն է ասում, Բադալյանը՝ իրենը։ Հանկարծ խոսակցությանը խառնվում է կատարածուներից մեկը։ Բավական կոպիտ ձեւով Բադալյանին ասում է, որ վերջինս պետք է անի այն, ինչ իրենք են ասում, եւ իրենց ասածը բեկանման ենթակա չէ։
Կարդացեք նաև
Քիչ անց բացվում է բաժնի պետի դուռը եւ Ավան- Նոր Նորք համայնքների հարկադիր կատարման բաժնի պետ Սահակյանը Բադալյանին կանչում է իր աշխատասենյակ։ Խոսակցությունն այստեղ ավելի կարճ է տեւում։ Սահակյանը Բադալյանին ասում է. «Ուրեմն մեր ասածով չես անում, հա՞»։ Որից հետո բռունցքով հարվածում է եւ կոտրում Աղվան Բադալյանի քիթը։ Վերստին այս անգամ ծեծկռտուքին խառնվում է նույն կատարածուն, որը քիչ առաջ խառնվելով խոսակցությանը՝ սրել էր իրավիճակը։ Վերջինս սկսում է հայհոյել եւ հարվածել Բադալյանին։
Ծառայության պետ Սահակյանը ավելի է պարզեցնում իրավիճակը՝ ասելով. «Ալինան «ցենտր» աղջիկ ա, առավոտը այստեղ էր։ Իրեն տիրություն չես անում, դրա համար էլ գլխիդ գործ ենք սարքելու, դե, դու տես»։
Մի կերպ պետի աշխատասենյակից դուրս պրծնելով, Բադալյանը հասնում է Մաշտոցի ՆԳ բաժին։ Արդյունքում հարուցվում է քրեական գործ։ Ներկայումս գործը գտնվում է նույն ՆԳ բաժնի հետաքննիչ Գեւորգյանի վարույթում։ Հաջորդ առավոտյան Բադալյանը դիմում է դատական բժշկի, որտեղ արձանագրվում է նրա քթի ոսկորի կոտրվածքը, չի բացառվում նաեւ, որ առաջիկա ստուգումների արդյունքում պարզվի, որ նա նաեւ որոշակի ուղեղի ցնցում է ստացել։
Մենք ուշի-ուշով հետեւելու ենք այս գործի ընթացքին, քանզի դրված է դատական կատարածուների սրբության հարցը, եւ մենք, որպես մեր երկրի պատասխանատու քաղաքացիներ, պետք է կարողանանք ապացուցել դա, քանզի գործ ունենք պետական կարեւորագույն ինստանցիաներից մեկի պատասխանատու աշխատողների հետ։
Ս. Մ.