Լրահոս
Օրվա լրահոսը

ՑՈՒՅՑ ՏՎԵՔ ՈՒՍՈՒՑՉԻՆ

Հուլիս 21,1999 00:00
ashot bleyan

Նախարար թե քաղաքացի, տնօրեն թե ուսուցիչ, մեղադրյալ թե մեղավոր՝ ես պարտավոր եմ օգտակար լինել երեխային։ Դպրոցի կենտրոնում երեխան է, ընդհանուրի կրթությունը, դպրոցը բոլորի համար է։

Դպրոցը նախեւառաջ ուսուցիչն է։ Կրթությունը միջավայր է։ Դպրոցում ցույց տվեք հասարակության առաջընթացի անշրջելիության համար պատասխանատու, հասարակական առաջադիմության մշտական սպասարկու ուսուցչին ու այդպիսի կրթական միջավայր։ Ուսուցչի այսօրվա անելիքը հասարակական նոր համակեցության փոխանցումն է իր սաներին, իր սաների մեջ այդ համակեցությամբ ապրելու արժեքների հաստատումն է՝ որպես վարք։ Նոր համակեցության, նոր արժեքային սանդղակը ներքին ազատությունն է, անձնական պատասխանատվությունն իր արարքների՞ հնարավոր հետեւանքների համար, օրինապահությունը, հանդուրժողականությունը, գործընկերությունը։ Այս արժեքների՞ հետ գործ ունի ուսուցիչն այսօր։ Լավ-վատ, կամա-ակամա այսօր նա զբաղված է իր նմանին վերարտադրելով, իսկական թե կեղծ գիտելիքների «պորցիաներ» փոխանցելով։ Ուսուցիչը մեղավոր չէ՝ այսպիսին է պետական-հասարակական պահանջը։ Հանրակրթության համատարած «դուքանացումը» փաստ է։ Պատժով, վախով ու պաշտոնյայի վարչարարությամբ սրա դեմը չի առնվի, այլասերումը կարագանա, կընդունի նոր ձեւեր։ Մոտեցում է պետք։

Հանրակրթության բարեփոխումների իմ մոտեցումը հենման երեք կետ ունի. հասարակական-պետական նոր պատվերի ձեւակերպում՝ ոչ որպես լոզունգ, ծածանելու համար, այլ որպես կրթական ծրագիր, որը հետեւողական ու օրինական ուղենիշ է դպրոցին եւ ուսուցչին։ Կրթական նոր ծրագիրը բարեխիղճ յուրացնող ուսուցիչ, կրթության նորովի կազմակերպում՝ պետության, հասարակության, դպրոցի՝ մեր իրականությունից բխող դերակատարումով։ Թերթեք նորից ՀՀ կառավարության հավանությանն արժանացած հանրակրթության բարեփոխումների իմ ուղենիշները։ Ցավոք, աղմուկով մերժելով դրանք, ազատվելով ինձնից, դրանցից սկսեցին օգտվել թաքուն, «տակից», հատվածաբար, հակասական, աղավաղված։ Իմ մոտեցումն ամբողջական է եւ ենթադրում է ամբողջական կիրառում։ Այլընտրանքը մեր ներկան է՝ «անծրագիր, ցաքուցրիվ, անգաղափար»։ Ուսուցիչն իր պրոֆեսիոնալ գործունեությամբ պիտի ապահովի հաստատուն կենսամակարդակ՝ հակառակ դեպքում, կրթական նոր միջավայր չի ստեղծվի, ուսուցիչը կյանքում, թաքուն թե բացահայտ, կբեկանի ցանկացած վճիռ ու ծրագիր։ Դպրոցը պիտի հետաքրքիր ու գրավիչ լինի երեխայի համար, որ երեխան ուզենա սովորել, հակառակ դեպքում գործի է դրվում անցած հասարակարգի ռեժիմը՝ պարտադրանքի ու պատժի մեթոդը, ու նոր համակեցության արժեքների սանդղակից ոչինչ չի մնում։

Նոր միջավայրի բաղկացուցիչը երեխավայել պայմաններն են, ոչ թե մեծերին մարմարով ու այլ «պլպլան բաներով» զարմացնելը։ «Փողը,- ասում էր Բենդերը,- կարեւոր չէ՝ գաղափար է պետք»։ Պետական բյուջեի մասին գործող օրենքով, գանձապետական համակարգով ու ՀՀ քաղաքացիական նոր օրենսգրքով դպրոցը բյուջետային հիմնարկ է, ամբողջովին հանձնված կրթական բյուջեի ողորմությանը։ Դպրոցն ինքնուրույն ֆինանսատնտեսական գործունեություն ծավալելու, քաղաքացիաիրավական-տնտեսական նոր հարաբերություններում ծնողի, գործարարի, բարեգործի ներդրումների համար գրավիչ լինելու ոչ միայն հնարավորություն չունի, այլեւ՝ իրավունք։ Երազել կարելի է այնպիսի պետություն, որն իր բյուջեով անհրաժեշտ չափով բավարարում է հանրակրթության կարիքները։ Բայց այդ պետությունը ստեղծել է պետք։

Այսօր փաստացի բյուջեից չֆինանսավորվող դպրոցի անվճար աշխատող ուսուցիչն ու տնօրենը, վախից, անհուսությունից բարձրաձայն չեն արտահայտվում ու ընդդիմանում, դատապարտված են «ստվերային» գործունեությամբ իրենց, իրենց դպրոցն ու ընտանիքը պահելուն։ Իսկ «օրգանը» тут как тут, երբ կա առիթը ու իշխանավորի կամքը։ Այսպես չի կարելի։ Պիտի վերադառնալ 1995 թ. իմ առաջարկած մասնակի վճարովի պետական դպրոցի ու հանրակրթության ֆինանսավորման նորովի կազմակերպման մոդելին։ Նախընտրական հերթական խոստումներով, բարի ցանկություններով ու անհասցե կոչերով դպրոց ու ուսուցիչ չի պահվում, նոր կազմակերպում է պետք, այսօրվա հասարակության ու պետության իրողություններին համահունչ կրթության կազմակերպման նոր մոդել։ Հետաքրքիր է, ինչո՞ւ հարկեր-տուրքեր, հոսանքի, հեռախոսի սակագնային վճարումները միայն կոչերով չեն արվում։

Պետությունն իր բյուջեով, իր հնարավորություններով պիտի կենտրոնանա քաղաքացու դաստիարակման դպրոցի վրա։ Դպրոց՝ բոլորի համար, ընդհանուրի կրթության դպրոց, որը պիտի ավարտվի ոչ թե բուհական ուսումնառություն տվող միջնակարգ կրթության վկայականով, այլ քաղաքացիական հասունության վկայականի հանձնումով։

Նախաբուհական ու նախամասնագիտական պատրաստության պատվիրատուն այսօր ծնողն է, որը որպես ուղենիշ կարող է ունենալ մասնագիտական կրթության որոշում կայացրած իր երեխայի ինքնակրթությունը։

Անհնար ու անիմաստ է հանրակրթական դպրոցը վերածել ռեպետիտորականի՝ բորբոքելով դասախոսի եւ ուսուցչի շահերի մշտական բախում, զրկելով նրանց գործընկերությունից։ Ինձ վերագրվող մանկավարժությունը իր մեթոդով, ծրագրով, դասագրքով եւ կրթական միջավայրով նախարար-փոխնախարար շրջանում այդքան աղմուկ հանեց ու արժանացավ անգիտակից դիմադրության, քանզի ընդհանուրի կրթության շահերը ստորադասվեցին ռեպետիտորական դպրոցի շահերին։ Սակայն այդ մանկավարժությունը նորից կյանքի պիտի կոչվի։

ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031