Լրահոս
Օրվա լրահոսը

Եկամուտների հավաքագրումը բավարար է

Հուլիս 21,1999 00:00
vanadzor

Բայց աշխատավարձերն ու թոշակներն ուշանում են

Վանաձորի քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանի՝ օրերս կայացած մամուլի ասուլիսը տարբերվում էր մինչ այդ կայացած նրա հազվադեպ ասուլիսներից նրանով, որ կոնկրետ «խորագիր» չուներ եւ ո՛չ խմելու ջրին էր նվիրված, ո՛չ ջրմուղ-կոյուղուն կամ աղբահանությանը, ո՛չ էլ ջրաչափերին կամ կոմունալ ծառայության վարձավճարների գանձմանը։ Եվ նույնիսկ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին էլ չէր նվիրված։ Պարզապես քաղաքին վերաբերող մի քանի համառոտ եւ ընդհանուր մտքերի շարադրանքից հետո քաղաքապետը հասկացրեց, որ ավելի ճիշտ կլինի, եթե իրեն հարցեր ուղղեն։ Մի «թունոտ» ԶԼՄ ներկայացուցիչ («Առավոտը» չէր) հակված էր նկատելու, թե հավանաբար ասուլիսը քարոզարշավի սկիզբ է ազդարարում (մոռանալով, որ ցանկացած բարձրաստիճան պաշտոնյա, որ փորձում է ժողովրդավար երեւալ, առնվազն ամիսը մեկ անգամ, հարկ է, որ լրատվամիջոցների օգնությամբ ժողովրդին հաշվետվություն ներկայացնի արվածի եւ չարվածի վերաբերյալ)։

«Առավոտի» հարցին, թե «մշտապես ասվում է, որ Վանաձորի կենտրոնը դուրս է մնացել աղետի գոտու վերականգնման ծրագրից, ի վերջո, ո՞վ է մեղավոր եւ ինչո՞ւ այդ հարցը մեկ տարի առաջ է բարձրացվել կառավարությունում», քաղաքապետը պատասխանեց, թե «Մշտապես բարձրացվել է այդ հարցը բոլոր մարզպետների կողմից» (մոռանալով, որ այդ պատասխանից մի քանի րոպե առաջ ասաց. «Հարցը բարձրացվել է մեկ տարի առաջ»)։ Ինչեւէ։ Նա տեղեկացրեց, որ քաղաքապետարանն առաջիկայում կներկայացնի ծրագիր՝ քաղաքի կենտրոնում շինարարություն սկսելու համար (հարցը բարձրացնում է մարզպետարանը, ծրագիրը ներկայացնում քաղաքապետարանը, այսինքն այս 2 կառույցներից մեկը ստեղծված է ներկայացնելու, մյուսը՝ բարձրացնելու համար)։ Քաղաքապետը հպարտությամբ պատմեց, որ քաղաքի բյուջեն 86 տոկոսով կատարվել է, եւ հարկային եկամուտների հավաքագրումը համարեց բավարար։ Բայց թե ինչո՞ւ Վանաձորում թոշակների ու աշխատավարձերի վճարման վիճակը «խայտառակից էլ խայտառակ» է՝ «Առավոտի» այդ հարցին պատասխանեց միայն թոշակային «մասով», ասելով, թե դա «Կենսաթոշակային հիմնադրամի գործն է» (ահա թե ինչու այս հիմնադրամը կոչվում է Լոռու մարզի. որպեսզի քաղաքապետը նրա հետ գործ չունենա)։ Այդ դեպքում զարմանալի էր այն, որ քաղաքապետն ակնարկեց, թե թոշակների ուշացումից բողոքող ինչ-որ խմբի ինքը խոստացել էր, որ հաջորդ օրը թոշակ կտան եւ տվեցին (նաեւ նշեց, թե հարցը հեռախոսազանգով կարգավորել էր)։

Քաղաքապետը հերքեց այն լուրը, թե շտապբուժօգնության կայանը աշխատավարձերի պարբերական ուշացման պատճառով դարձել է վճարովի ծառայություն (սա՝ ի գիտություն շտապօգնության անհրաժեշտություն զգացողների. շտապօգնությունն անվճար է, բժիշկներն ամիսներով աշխատավարձ չեն ստանում, բայց անվճար ծառայում են բնակչությանը)։

Քննադատության մասին էլ քաղաքապետը նշեց, թե «Մարդ կա՝ սեւ կետը տեսնում է սպիտակի մեջ, սպիտակը չի տեսնում»։ Մշուշոտ ակնարկներից «ջոկեցինք», որ «սեւ» տեսնողների մեջ հատկապես «Առավոտին» նկատի ունի, մանավանդ որ Վանաձորի իշխանությունների «թանին թթու ասող» հոդվածներ էր տպագրել։

Ասուլիսից հետո «սպիտակ» լրագրողներն սկսեցին իրարից հետ ու առաջ ընկնելով քաղաքապետին գովել ու գովել՝ շենք-շնորհքը, փողոցում ոտքով քայլելու ազնիվ սովորույթը, իսկ մեկն էլ՝ ոչ ավել, ոչ պակաս, «տարավ-բերեց» ու թե. «Բայց մեր բախտը լավ բերել ա, էն մյուս քաղաքապետերի մեջ ընենցը կա, ոնց որ ձմերուկ ծախող լինի»։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031