Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՂԸ ԼԻՆՈՒՄ Է ՉԱՓԱԶԱՆՑ ԱՂԻ ԿԱՄ ԴԱՌԸ

Հուլիս 21,1999 00:00
ax

Հարցազրույց Արեգ Ղուկասյանի հետ

«Ավանի աղի կոմբինատ» ՊՓԲԸ գլխավոր տնօրեն Արեգ Ղուկասյանը ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հարազատ եղբայրն է։ Նա Հայաստան է եկել ոչ թե Արկադի Ղուկասյանի՝ ԼՂՀ նախագահ դառնալուց հետո, այլ՝ մոտ 28 տարի առաջ։

Սակայն նրա տնօրեն նշանակվելը, ժամանակի իմաստով, մոտավորապես համընկնում է եղբոր նախագահ դառնալու հետ։ Տնօրեն դառնալով, պրն Արեգ Ղուկասյանը ենթականերին իր մոտ է հրավիրել եւ հայտարարել, թե այսուհետեւ որեւէ գողություն եւ թալան թույլ չի տա, պահանջել է, որ բոլորն աշխատեն մաքուր ու անբասիր, իսկ փոխարենն առաջարկել է բարձր աշխատավարձ։ Այս իդեալական վիճակը տեւել է մեկ ամիս միայն։ Հիմա թալանողներն այլ մարդիկ են։

Պրն Ղուկասյանին հանդիպեցինք Վարշավա-Երեւան ինքնաթիռում եւ հանապատրաստից մի կարճ հարցազրույց ունեցանք նրա հետ։

-Պրն Ղուկասյան, ի՞նչ սպասելիքներ ունեիք Լեհաստանից։

-Մենք գիտեինք, որ Լեհաստանը խոշոր աղ արտադրող եւ արտահանող երկիր է, մենք եկել ենք Լեհաստան աղի փաթեթավորման, արտադրական սարքավորումներ ձեռք բերելու համար։ Մեր սարքավորումները բավական հին են եւ ժամանակն է նորը գնելու։ Ճիշտն ասած, մի փոքր «նակլադկա» եղավ, որովհետեւ այնտեղ կային աղ արտադրողներ, եւ նրանց հետ մենք խոսելու բան չունենք, որովհետեւ Լեհաստանն ինքը շատ խոշոր աղ արտադրող է։ Իսկ սարքավորումների հարցում մենք պայմանավորվածություններ ունենք, սպասում ենք իրենց կողմից արձագանքի։

-Իսկ ձեր սարքավորումները որքա՞ն հին են։

-20-25 տարվա են, բավականին մաշված են։ Եվ 4-5 տարի կարող ենք աշխատեցնել, բայց հարկավոր է փոխել։

-Պարսկական աղի հետ կապված ձեր հարաբերություններն արդեն պարզե՞լ եք։

-Այո, մենք կարողացանք ժողովրդին հասկացնել, նաեւ իշխանավորներին, որ մերն ուրիշ է։

-Պրն Ղուկասյան, աղի գործարանի տարածքում մոտ մեկ ամիս առաջ լուրջ վթար տեղի ունեցավ, ի՞նչ հետեւանքներ եւ վնասներ եղան։

-Մոտ մեկ ամիս առաջ Քանաքեռ կայարանում գազով ցիստեռնի շոգեքարշի արգելակները չաշխատելու պատճառով վերեւից մինչեւ մեզ մոտ… մի խոսքով, չսպասված վթար եղավ։ Շատ մեծ վնաս հասցրեց, քանդվեց մեր դեպոյի շենքն ամբողջությամբ, շոգեքարշն իր վագոնով, 80-100 կմ արագությամբ ներխուժեց մեր տարածք, ջարդելով դեպոյի դարպասները։ Մենք զոհ ենք տվել՝ կոմբինատում մի կին է զոհվել։ Բայց մեր բախտը բերել է, որ ուղղությունը դեպի դեպո էր, որովհետեւ այդ պահին մենք աշխատում էինք երկաթգծի վրա։ Եվ եթե այդպես չլիներ եւ գիծն ուղղված լիներ դեպի կոմբինատ, խոշոր երկրաշարժի կարգի վթար կլիներ։

-Բայց գազի ցիստեռն կարող էր պայթել։ Իսկ գազը՝ հայտնի Գագիկ Ծառուկյանն էր՝ «Մուլտի Գրուպ»։

-Իրոք, նրա ցիստեռններն են եղել, այդ ցիստեռնները պետք է գնային գործարան, այնտեղ պահեստավորվելու եւ վաճառվելու հետագայում։ Եթե դուք խոսում եք դիվերսիայի մասին եւ այլն… Ուղղակի, այո, էդ մարդու ցիստեռններն են եղել, Վրաստանից է ստացել։ Ճիշտն ասած, կա վարկած, որ դա պիտի բերեին մեզ մոտ կշռելու։ Ասեմ, որ ամբողջ երկաթգծի տարածքում, սկսած Իջեւանից՝ մինչեւ Կարմիր բլուր, ոչ մի երկաթգծի կշեռք չկա։ Մենք մեղավոր ենք այնքանով, որ մեր կշեռքը աշխատող վիճակում է եւ շատ դիմող կա։

-Ո՞վ պետք է հատուցի վնասները, որովհետեւ մարդկային զոհից բացի, բավականին լուրջ նյութական վնաս է հասցվել։

-Հիմա վնասները ոչ ոք չի հատուցում։ Շոգեքարշը մինչեւ հիմա այնտեղ դեռ կանգնած է եւ երկաթգիծը մեզանից փող է ուզում, որ այդ շոգեքարշները այնտեղից տանի։ Առայժմ չի որոշվել ո՞վ է վնասները վերականգնելու։ Ես կարծում եմ, որ մոտակա ժամանակներս մենք պետք է շատ խիստ զբաղվենք այդ հարցով, հարցը խիստ պետք է դնենք, որովհետեւ այսպես չի կարելի։ Հիմա աշխատում է հանձնաժողովը, որ վնասի չափերը ստույգ պարզի։ Ես համարում եմ, որ չափերը պարզելուց հետո մենք անպայման շատ խիստ պետք է հարցերը դնենք։

-Մոտավորապես որքա՞ն եք պատկերացնում վնասը։

-Ես պատկերացնում եմ, որ 80-100 միլիոն դրամի վնաս է։ Մի ամբողջ շենք է քանդվել եւ մի շոգեքարշ։ Ամենավտանգավորը կլինի այն, եթե ամեն ինչ գցեն սլաքավարի վրա, այսօր ես այդ միտումներն եմ տեսնում։

-Իրավապահ ատյանները անշուշտ զբաղվո՞ւմ են այս գործով։

-Դատախազությունն է զբաղված, պետական հանձնաժողովը արդեն իր եզրակացությունը տվել է։ Այդ եզրակացության մեջ ես միտում եմ տեսնում՝ մեղքը գցել սլաքավարի վրա։

-Իսկ դուք մասնավոր բանակցություններ չե՞ք վարել Գագիկ Ծառուկյանի հետ։

-Մենք նստած, մեր տունը քանդել են, մենք ոչ մեկի հետ բանակցությունների մեջ չենք մտնելու։

Հարցազրույցը վարեց

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031