Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏՂԵՔ, ԵԿԵՔ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ԳՐԵՆՔ

Հուլիս 21,1999 00:00
shavarsh qocharyan

Ազգային ժողովի հանձնաժողովների նորընտիր նախագահների մամուլի ասուլիսների շքերթը երեկ ընդունեց կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը։

Նախորդ խորհրդարանի կողմից ընդունած կրթության մասին ՀՀ օրենքը պարոն Քոչարյանը մեծ քայլ համարեց դեպի առաջ, «չնայած բնական է, այնտեղ կան թերություններ, բնական է, պետք է եւ չսահմանափակվել միայն այդ օրենքով, դա կարելի է համարել մայր օրենքը, որը պետք է բացել, շարունակել աշխատանքը, նաեւ որոշ փոփոխություններ անել»,- նշեց պարոն Քոչարյանը։ Բայց կրթության հանձնաժողովի նախագահը նախ եւ առաջ ցանկացավ սկզբունքային 2 մոտեցում արտահայտել։ Դրանցից առաջինը վերաբերում էր հայեցակարգին, որն ըստ պրն Քոչարյանի, արձանագրում է, թե ինչ վիճակում ենք գտնվում, ինչ նպատակներ է դրել իր առջեւ պետությունը, ինչպիսին է ցանկանում տեսնել այդ ոլորտը, ինչպես է կատարելու անցումը ներկա վիճակից դեպի այն իրավիճակը, որը որ մենք պատկերացնում ենք։ Հայեցակարգի անհրաժեշտության մասին բազմիցս ենք լսել տարբեր պետական ու քաղաքական գործիչների կողմից, ամեն անգամ թվում է, թե այ, այս մեկը վերջապես կմշակի այդ բազմաչարչար հայեցակարգը, բայց… ոչ՝ գալիս է նորը ու նորից ամեն ինչ սկսվում է հայեցակարգից։

Հավանաբար, նախորդներից գոնե մի փոքր տարբերվելու ազնիվ մղումով, պարոն Քոչարյանն առաջարկեց հայեցակարգի մշակման առանձին փուլեր, որտեղ պետք է արձանագրվեն ժամկետները։ «Եթե չկա այդ ամբողջական պատկերացումը, ապա ցանկացած օրենք վերջիվերջո կրելու է էկլեկտիկ բնույթ»,- պնդեց Շավարշ Քոչարյանը։ Նա տեղեկացրեց նաեւ, որ արդեն կրթության, մշակույթի նախարարություններում մշակվում են հայեցակարգեր, եւ հանձնաժողովը որոշել է չսպասել դրանց պաշտոնական ներկայացմանը, այլ համագործակցել գործադիր իշխանությունների հետ։ Սկզբունքային 2-րդ մոտեցումը վերաբերում էր ընդհանուր պետական ծրագրին ու որպեսզի միտքն ավելի պարզ լինի, Շ. Քոչարյանն ավելացրեց. «Եթե տնտեսությունը չի զարգանում, եթե չկա պահանջարկ, ապա շատ բարդ է, որպեսզի զարգանա գիտությունը։ Տնտեսական պահանջարկն է առաջացնում գիտության զարգացումը»։

Չնայած Շավարշ Քոչարյանը տեղեկացրեց, որ վերջին շրջանում խիստ զբաղված է հանձնաժողովի աշխատանքներով ու չի տիրապետում այդ շրջանի քաղաքական զարգացումներին, ավելին, կուսակցությունը դիմել է առաջիկա 2 ամսում նիստերին չմասնակցելու խնդրանքով, այդուհանդերձ լրագրողները չէին կարող քաղաքական գործիչ, ԱԺՄ անդամ Շավարշ Քոչարյանին չդիմել այլ հարցերով։ Մանավանդ որ պարոն Քոչարյանն ասաց, որ ԱԺ-ն առաջին հերթին պետք է դիտել ոչ թե մասնագիտական, այլ քաղաքական մարմին։ Ռ. Քոչարյան-Հ. Ալիեւ Ժնեւյան հանդիպման գնահատական տալուն պատրաստ չէր Շ. Քոչարյանը, սակայն «միամտորեն» կարծեց, թե այդ հանդիպումը նախօրոք պայմանավորված չի եղել։ Իսկ բանակցությունների առումով Շավարշ Քոչարյանը հանգստացրեց ժողովրդին այն մեկնաբանությամբ, թե որեւէ բանակցության ընթացքում չի կարող լուծվել Ղարաբաղի հարցը՝ դա հանրաքվեով լուծված հարց է։ Ինչ վերաբերում է իշխանությունների նկատմամբ կուսակցությունների հանդուրժողականությանը՝ պրն Քոչարյանը օրինաչափ համարեց՝ նշելով, որ իշխանափոխությունից հետո հույսի եւ սպասումի շրջան է սկսվել։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031