Կառավարության հունիսի 24-ի նիստի ընթացքում ի շարս կառավարության գործունեության ծրագրի իրականացմանն ուղղված այլեւայլ միջոցառումների՝ վարչապետ Վազգեն Սարգսյանը հանձնարարել էր եռամսյա ժամկետում առաջարկներ ներկայացնել բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների հայտարարագրման համակարգի վերաբերյալ։
Պիտի նախ նշենք, որ անցած տարվա դեկտեմբերի 28-ին ընդունված օրենքը, որով բարձրաստիճանների պաշտոնային դրույքաչափերը 2-2,5 անգամ բարձրացրին՝ արդեն իսկ նախատեսում էր, որ 1999-ի հոկտեմբերին նրանք պիտի սեփական գույքի, եկամուտների եւ ծախսերի հայտարարագիր ներկայացնեն։
Սակայն, մեր համոզմամբ, ե՛ւ այս օրենքը, ե՛ւ պաշտոնյաների եկամուտների հայտարարագրման եւ դա նրանց կատարած ծախսերի հետ համեմատելու վերաբերյալ վարչապետի բազմակի խոստումներն ուղղակի դատապարտված են, անիրագործելի։ Ինչպես եւ թղթի վրա մնաց Լեւոն Տեր-Պետրոսյանի համապատասխան հրամանագիրը, որով նույն իշխանավորներին պարտավորեցվում էր եկամուտների հայտարարագրեր ներկայացնել։ Եվ սրա հետ որեւէ կապ չունի, թե ում չհերիքեց հետեւողականությունը կամ վճռականությունը։ Ինչպե՞ս պիտի նախկինում Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ այժմ Վազգեն Սարգսյանը վերահսկեին, թե արդյոք ներկայացված հայտարարագրերը իրականությանը համապատասխան եւ ճշգրիտ են եւ տվյալ պաշտոնյան իր օրինական, չոր աշխատավարձից բացի նաեւ, ասենք, հայտնի պաղպաղակի արտադրությամբ զբաղվող ձեռնարկություններից մեկի հիմնական բաժնեմասի տնօրինողը չէ։ Կամ կնոջ, հորեղբոր որդու եւ այլ ազգականների անունով գրանցված սեփականության մասին ինչպե՞ս են տեղեկանալու՝ այստեղից-այնտեղից լսածո՞վ, թե՞ «ստուկաչների» միջոցով։
Իսկ ծախսերի մասին հնարավոր կլիներ ճշգրիտ տեղեկանալ, եթե Հայաստանում եւս ներդրված լիներ պլաստիկ քարտերի համակարգը (որն, ի դեպ, Արմեն Դարբինյանի կառավարության խոստումներից էր)։ Չնայած քարտերն էլ այս դեպքում երաշխիք չեն եւ էլի բացառված չէ, որ գնումներն այլեւայլ ազգականների միջոցով կարվեն։
Կարդացեք նաև
Մի խոսքով, բավական թերահավատ էինք, թե նոր կառավարությունը կկարողանա բարձրաստիճանների իրական եկամուտներն ու ծախսերը պարզելու եւ համադրելու առնչությամբ որեւէ գործուն միջոց կիրառել, սակայն ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Խաչատրյանը չբաժանեց այդ թերահավատությունը։ Նա լիովին հնարավոր էր գտնում, որ փոքր ծավալի՝ հայտնի երեւացող, նեղ շրջանակի մարդկանց համար նման մեխանիզմներ մշակվեն։ Մեծածավալ ներդրումներ հարկավոր չեն, որ, ասենք, կառավարության անդամների եւ ԱԺ 131 պատգամավորների վերաբերյալ տեղեկատվությունը համակարգվի։ Ի դեպ, պրն Խաչատրյանը նաեւ անհրաժեշտ գտավ, որ բարձրաստիճանների բարեկամների ցանկն էլ ներառված լինի համակարգչային տվյալներում։ Նրանց կատարած խոշոր գնումները չպիտի կանխիկ վճարվեն, որ արձանագրվեն ծախսերը եւ այլն։
Առավել մանրամասն եկամուտների հայտարարագրման մասին կարելի կլինի խոսել, երբ սահմանված ժամկետի ավարտից հետո առաջարկներ ներկայացվեն։ Բայց վաղօրոք դարձյալ պնդենք, թե գրեթե անհավանական ենք համարում, որ «Միասնության» ու կառավարության այս մի խոստումը կատարվի։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ