Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի պսակվելու հարցը Մոսկվայում չի քննարկվել

Հուլիս 21,1999 00:00
stepashin

Հուլիսի 19-ից պաշտոնական այցով Մոսկվա է ժամանել ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը։ Նրա առաջին պաշտոնական ուղեւորությունը բավական աշխույժ է ընթանում։ Երեկ ՌԴ կառավարության շենքում Վ. Սարգսյանը հանդիպեց ՌԴ վարչապետ Ս. Վ. Ստեպաշինի հետ։ Բանակցությունների շրջանակը լայն էր՝ հայկական ատոմակայանի անվտանգ շահագործման խնդիրներ, նոր ատոմակայանի կառուցման հնարավորություն, ՀՀ-ի արտաքին պարտքը ՌԴ-ին, ռուսաստանյան բանկերում սառեցված հայկական 26,7 մլն դոլարի տրամադրման հնարավորություն։

Բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ պարտքի դիմաց հայկական կողմը կվճարի ապրանքային տեսքով։ Հանդիպումից հետո վարչապետները հանդիպեցին տեղացի եւ հայ լրագրողների հետ։ Վարչապետները միմյանց նկատմամբ քաղցր խոսքեր ասացին։ Ստեպաշինը նշեց, որ երկու վարչապետների քաղաքական կենսագրությունը բավական նման է։

Այնուհետեւ վարչապետ Վ. Սարգսյանը հանդիպեց Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Մոսկվա կառաքվի 10 մլն դոլարի հայկական արտադրության ապրանքատեսականի։ Հիմնականում հյութեր, ջրեր, գյուղմթերքներ, կոշկեղեն, թեթեւ արդյունաբերության ապրանքներ։

Մեր ունեցած տվյալներով, թե վարչապետ Ստեպաշինի, թե քաղաքագլուխ Լուժկովի հետ հանդիպումների ընթացքում խոսվել է «Նաիրիտ» հանրահայտ ձեռնարկության մասին։ Լուժկովը մասնավորապես նշել է, որ հայկական կողմին մի քանի ամիս առաջ խնդրել է հաշվարկել, թե որքան կարժենա կաուչուկը, եթե Ռուսաստանը հումք (բուտադիեն) տրամադրի։ Պատասխանն առայժմ չկա։ Դժվար թե խրախուսվի ուշացնողը՝ արդյունաբերության ու առեւտրի նախարար Հ. Գեւորգյանը։ Բնականաբար, ենթադրվում է, որ զբաղեցրած աթոռից բաժանվելու վտանգն առկա է նաեւ «Նաիրիտի» տնօրեն Գ. Ներսիսյանի համար։

Վաղը Վ. Սարգսյանը, ուղեկցող նախարարները, դեսպան Սուրեն Սահակյանը կհանդիպեն Ռուսաստանի էներգահամակարգի ղեկավարության հետ։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

«Առավոտի» թղթակից,

Մոսկվա

Հ. Գ. Երբ Ստեպաշինի հետ հանդիպելու համար դահլիճ մտավ Վազգեն Սարգսյանը, Ռուսաստանի կառավարության աշխատակիցներից մեկը մյուսին ասաց. «У них же премьер был другой, более молодой»։ Այնպես որ, մեր մոլոդոյին ուրիշներն էլ են հիշում։ Նա վարչապետին Մոսկվա չի ուղեկցել։ Մնացել է Երեւանում ու ծանր բանակցություններ է վարում ՄԱՀ-ի հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել