Լրահոս
Օրվա լրահոսը

Բայց մենք դմբո ենք, մեր լեռների պես

Հուլիս 21,1999 00:00
Aram Abrahamyan

Երբ անցած տարվա աշնանը մեր վարչապետը եւ կառավարությունը պնդում էին, թե ռուսաստանյան ճգնաժամը որեւէ ձեւով չի ազդի մեր տնտեսության վրա, դիլետանտներից շատերը, այդ թվում մեր թերթը, զարմանում էր՝ ինչպե՞ս է դա հնարավոր, ինչպե՞ս կարող է պատահել, որ մեր ռազմավարական գործընկերը, մեր ապրանքների հիմնական շուկան սնանկանա 10 անգամ, եւ դա մեր տնտեսության վրա որեւէ ձեւով չազդի: Ոչինչ, ասում էին արհեստավարժները, մենք կայուն ենք մեր լեռների պես, ռուսական «դեֆոլտը», հողմերի պես, կկորչի վայրագ:

Ավելին՝ հայտարարվում էր, որ այս տարվա հունվարին մենք հինգ տոկոսից ավելի տնտեսական աճ ունենք, փետրվարին՝ չորսից ավելի, իսկ մարտին ընդհանրապես դեֆլյացիա է տեղի ունեցել՝ այսինքն մեր դրամն այնպես է ամրացել, որ «քացու տակ է» գցել դոլարին: Այդ չափազանց լավատեսական տվյալներով մոտեցանք խորհրդարանական ընտրություններին, որոնցից հետո կազմվեց նոր կառավարություն: Եվ հանկարծ… առ քեզ. խորհրդարանում վարչապետը հայտարարում է, որ բյուջեի ճեղքվածքը 20 մլրդ դրամ է, այնուհետեւ խմբագիրների հետ հանդիպման ժամանակ հրապարակում է 60 միլիարդ թիվը: Ուրեմն, նախկինում հրապարակված փայլուն ցուցանիշները սո՞ւտ էին: Եվ վաղը, եթե կառավարությունը սկսի ինչ-որ տոկոսների աճ ցույց տալ, դա նույնպե՞ս սուտ կլինի:

Ի վերջո, եկեք մի երկու րոպե էլ մտածենք «դրամի կայունություն» մեր կախարդական բանաձեւումի մասին: Իհարկե, հնարավոր է, որ Հայաստանի բնակավայրերից մեկում, ասենք, Ապարանում «ֆանտիկներ» տպվեն եւ դրանք հայտարարվեն «Ապարանի ազգային տարադրամ», որոնցով կարելի կլինի Ապարանում հաց ու մածուն առնել: Բայց եթե Ապարանից դուրս այդ «ֆանտիկները» որեւէ տեղ Հայաստանում դրամի չեն փոխանակվում, ապա այդ ապարանյան տարադրամի «կայունությունը», բառիս բուն իմաստով, ոչ մի կոպեկ չարժի:

Մի՞թե ես դա պիտի բացատրեմ լուրջ տնտեսագիտական դպրոց անցած արհեստավարժներին: Մի՞թե հասկանալի չէ, որ եթե այսպես շարունակենք, մյուս տարի մեր արտաքին պարտքն իսկապես անցնելու է մեկ միլիարդ դոլարից, իսկ 2001 թվին, որոշ փորձագետների կանխատեսումներով, 1 մլրդ 100 մլն դրամից: Գրածս տպագիր խոսք է, եւ երկու տարի հետո բոլորս, Աստծո կամոք, ողջ ու առողջ կլինենք եւ այդ կանխատեսումն էլ կկարողանանք ստուգել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031