Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԾ ԱՇԽԱՐՀԻ ՄԵՐ ԱՆԿՅՈՒՆԸ

Հուլիս 21,1999 00:00
lehastan

Լեհաստանում Հայաստանի դեսպանատունն առաջինն է, որ բացվել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում։

Լեհաստանում ՀՀ դեսպանատան հյուպատոսական ծառայության ընդունելության օրերն են երկուշաբթին, չորեքշաբթին եւ ուրբաթը։ Լեհաստանում ապաստանած հայերն ամենատարբեր առիթներով են դիմում դեսպանատուն, հիմնականում՝ մի բան պոկելու մտադրությամբ։ Հայկական ազգային տարազը՝ մարզական արտահագուստը (հիմնականում՝ «Adidas»), Լեհաստանի հայերի սիրած հագուստն է, իսկ մի քիչ խմած վիճակը՝ նրանցից շատերի համար սովորական կենսակերպ է։ Այս պատճառով ՀՀ դեսպանատունը Լեհաստանում ստիպված փակցրել է հայտարարություն այն մասին, որ ոչ սթափ վիճակում եւ մարզական արտահագուստով արգելվում է մտնել դեսպանատուն։ Այս հայտարարությունը չի վերաբերում Վարշավայի ծայրամասում գտնվող դեսպանատունը շրջապատած մոծակներին եւ մլակներին։ Քանի որ այս արարածներն այստեղ խիստ թմբլիկ են եւ իրենց բուն գործում՝ կծելու ու արյուն քաշելու, հասել են պրոֆեսիոնալիզմի։ Մինչ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ հետ կայցելեր դեսպանատուն, լեհական մոծակները մի լավ կծոտեցին Նարինե Դիլբարյանին, տողերիս հեղինակին եւ մյուսներին։ Մոծակները բացարձակ հաշվի չէին առնում, թե ո՞վ է իրենց դիմաց, նրանք նույնիսկ հայկական ծխախոտի բույրից խելքի չէին գալիս։ Երբ նախագահը ժամանեց, մոծակները կարգին տռզած էին եւ հայկական արյունից կշտացած։

Հուլիսի 13-ին Լեհաստան պաշտոնական այցի առաջին գիշերը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն ուղեկցող պաշտոնատար անձանց հետ ուղեւորվեց Հայաստանի դեսպանատուն։ Դեսպան Աշոտ Հովակիմյանը եւ հյուպատոս Հայկ Բիշարյանը մի կարգին չարչարվել էին ՀՀ նախագահին ինչպես հարկն է դիմավորելու համար։ ՀՀ դեսպանատունը գտնվում է մասնավոր տների թաղամասում, մեր դեսպանատան հարեւանությամբ բնակվող լեհերը հսկայական շուն ունեին (ընդհանրապես այստեղ կենդանիներ սիրում են), որն անվերջ հաչում էր ու հաչում։ Աշոտ Հովակիմյանը նախօրոք էր խնդրել, թե՝ նախագահն է գալու, եւ լավ կլինի, որ շունը չհաչի։ Բայց շունը շարունակում էր շնություն անել ու անվերջ հաչել։ Ի վերջո, երեւի տերերի գլուխը եւս ցավեց, քանի որ գիշերվա մի ժամի շան հաչոցը կտրվեց։

Դեսպանատանն ամեն ինչ եռագույն էր զարդարված, անձեռոցիկները կարմիր-կապույտ-նարնջագույն էին, ծաղկեփնջերը՝ նույնպես։ Ամեն ինչից երեւում էր, որ նախագահին սպասում էին սիրով։ Դեսպանատանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, ԱԱ նախագահ Սերժ Սարգսյանը, տիկին Բելա Քոչարյանը եւ մյուս հյուրերը ոտքի վրա հյուրասիրվեցին, փոխադարձ ջերմ խոսքեր փոխանակեցին, դիտեցին «Հայլուր» տեղեկատվական ծրագիրը։ «Հայլուրի» տնօրեն Արմեն Արզումանյանն ամենաուրախն էր, որ հնարավորություն կար հեռվից տեսնել ու գնահատել սեփական աշխատանքը։

Դեսպանատանը հոտնկայս զրույցից հետո ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ուղեկիցներով մեկնեց հին Վարշավայի պատմական հուշարձանները դիտելու։ Ճանապարհին մեր նախագահը եւ նրան ուղեկցող շքախումբն ուշադրության էր արժանանում գիշերային սրճարանների այցելուների կողմից։ Նրանցից մեկի մոտով անցնելիս քեֆը լավ մի երիտասարդ մեզ ալբանացիների հետ շփոթելով, ոգեւորված «Ալբանիա, Ալբանիա» էր գոչում, մինչեւ նրան հանգստացրին ու ներս տարան։ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նրան ուղեկցողներս անշտապ անցանք նստարաններին անկաշկանդ համբուրվող զույգերի կողքով եւ բարեհաջող հասանք ՀՀ նախագահի «կեցավայր» (չգիտես ինչո՞ւ, այսպես էր կոչվում այն հյուրանոցը, որտեղ հանգրվանել էր նախագահը)։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031