Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԱՆԱՑԻ ԶՐՈՒՅՑՆԵՐ

Հուլիս 20,1999 00:00
kornizor

Մեր հանդե՜րը, մեր բնության գիր՜կը

Կանացի այս զրույցները գուցե առաջին հայացքից լուրջ չընդունեն տղամարդիկ ու հատկապես նրանց պետական այրերի հատվածը։ Բայց լավ կլիներ պետական այրերը հիշեին, որ ընտանիքի, գյուղի, պետության հոգսերն ու խնդիրները նախեւառաջ ծանրացած են հենց կանանց փխրուն ուսերին։

Այս կանանց հանդիպեցի Սյունիքի մարզի սահմանամերձ Կոռնիձոր գյուղում, ավելի ստույգ՝ գյուղի մանկապարտեզում։ Արեւից այրված, գյուղի ֆիզիկական ծանր աշխատանքից կքած աստվածավախ կանայք որքան էլ կարոտ էին իրենց դարդն ու ցավը պատմելուն, միաժամանակ անհանգիստ էին, որ չլինի իմանան, թե հենց իրենք են մասնակցել զրույցին։ Այդպես էլ ողջ զրույցի ընթացքում գեղջկուհիներից որեւէ մեկն իր անունը չբաշխեց ինձ։

Կոռնիձորը մոտ 1800 բնակչություն ունեցող փոքր գյուղ է, որը, սակայն, կրել է պատերազմի ողջ դժվարությունները։ Ներկայումս գյուղի բնակչությունը զբաղվում է հողագործությամբ եւ անասնապահությամբ ու դժվար է ասել, թե դրանով կարողանո՞ւմ է խեղճ գյուղացին գլուխը պահել։ «Դե, մի կերպ կարողանում ենք հողը մշակել. մարդ կա՝ չի կարողանում, մարդ կա՝ կարողանում է։ Էս տարի էլ էս հիվանդությունը ընկավ հողերի մեջ, մարդ կա՝ իսկի էս տարվա հացն էլ չունի»,- ասաց կանանցից ամենաակտիվը։ Գյուղի կանանց բնորոշմամբ, «լվիճ» կոչվող հիվանդությունը քայքայել է հողը եւ մարդիկ ստիպված մշակված հողերում նորից խոտ են ցանել։ Կոռնիձորում հիմնականում ցանում են ցորեն, գարի, հաճար։

«Մեր կլիման շատ լավն է, երեւի էս շրջանում ամենատաք կլիման մեր գյուղինն է, ինչ ասես էստեղ աճում է, մարդիկ աճեցնում են, ով կարողանում է շուկա է տանում, ով չի կարողանում՝ չի տանում»,- ավելացրեց մեկ այլ գեղջկուհի։ «Մեր գյուղում մարդ կա, որ հիմա հացի կարոտ է,- վրա բերեց մեկ ուրիշն ու շարունակեց,- եթե էդքան ծախսի փոխարեն մեր գյուղի ժողովուրդն ալյուր առներ, ավելի ապահով կլիներ, քան թե էդ հողի ծախսը»։ Հողի մշակումից բացի, եթե որեւէ մեկին հաջողվում է աշխատանք ճարել գյուղի դպրոցում, մանկապարտեզում, բուժկետում՝ նրանք էլ ամիսներով այդ չնչին աշխատավարձը չեն ստանում։ Վերջին աշխատավարձը ստացել են մարտին։ Ինչ վերաբերում է թոշակներին, այստեղ շատ հետաքրքիր «համակարգ» է գործում՝ կոռնիձորցին երբեք թոշակը տուն չի տանում։ «Թոշակները Գորիսից բերում են, էստեղ էլեկտրիկը նստում ա, գյուղսովետի քարտուղարը նստում ա, ես ինչ իմանամ, ոռոգելի ջրինը նստում ա, ժողովրդի եղած կոպեկը քամում, մարդիկ կան, ձեռքները թափ տալով տուն են գնում»,- բացատրեց կանանցից մեկը։ Իսկ երբ բոլոր տեսակի վարձերը մուծում են, կոռնիձորցի կանանց խոսքերով ասած, թոշակի «զդաչիին» (?) փոստում թերթեր են տալիս։ Այս գյուղում ամենասիրելի թերթերն են «02»-ը, «Ծրագիրը» (այդպես էլ չկարողացա պարզել, ծրագիր ասվածը «Եթե՞րն» է, թե՞ «TV ալիքը»), «Ոզնին», «Առավոտը» (ո՞վ գիտի՝ «Առավոտի» անունն էլ իմ պատվին տվեցին)։

Զրույցի սկզբում ձայնագրիչիցս քաշվող կանայք այնքան էին տարվել իրենց դարդ ու ցավով, որ արդեն մեկը մյուսին հերթ չէր տալիս։ «Ռադիոյի, հեռախոսի վարձը, տելեվիզորի վարձը վերցնում են՝ տակը թոշակ չի մնում։ Չորս ամիս է թոշակ չեն տվել, չեն մտածում, բայց որ էդ վարձերը մի օր ուշացնում ենք՝ գալիս լույսն ու հեռախոսը կտրում են»,- դժգոհեց կանանցից մեկը։ Նրան լրացրեց մյուսը. «Հողից դեռ բերք չենք ստացել, բայց հողի հարկ են վերցնում, հլա տոկոս է գալիս։ Ով չի տալիս՝ տոկոս է գալիս, պայմանագիր կա, էլի՜, որ էս ինչ ամսվա, էս ինչ օրը պետք է հողի վարձը տաս, էդ օրը չես կարողանում վճարել՝ տոկոս է գալիս»։

Մեր ականջները վաղուց արդեն հոգնել են լսելուց, թե պետությունը բազմաթիվ այլ վարկային ծրագրերի շարքում նաեւ վարկեր է հատկացնում գյուղացուն։ Համատարած այս հոգսերի շարքում փորձեցի Կոռնիձորի կանանցից իմանալ, թե արդյո՞ք իրենք չեն փորձում վարկերի միջոցով վերականգնել տնտեսությունը։ «Տալիս են, բայց ո՞ր գյուղացին է վարկ ուզում։ Բա հետո ի՞նչ անի, ո՞նց փակի։ Հետո մեր գյուղն էլ շատ ա հեռու թե կենտրոնից, թե Գորիսից. ավտոբուսի վարձն էլ 300 դրամ ա, գնալ-գալը 600 դրամ ա նստում։ Էն գնալ-գալը ավելի շատ ծախս է նստում, քան թե վարկը։ Դա էլ վերցնի, ի՞նչ անի, որտեղ ներդնի, ասենք, Երեւանից պետք է գա առեւտուր անի, բիզնես անի, մի քիչ էդ փողը ծախսի՞, հետո բա ի՞նչ անի։ Իսկ մեր հողը հիմա էնպիսի վիճակում ա, որ շատ խաբուսիկ ա, կարող է անի, հողն էս տարվա նման հիվանդություն բռնի, էդ փողը որտեղի՞ց հանի»,- բացատրեցին կանաք։

Ընտանեկան նպաստ Կոռնիձորում, կանանց խոսքերով, շատ քչերն են ստանում (մոտ 20 ընտանիք), քանի որ նրանց կարծիքով պետությունը համարել է, որ գյուղացին հողից բերք է ստանում, ուրեմն ապահով է։ Այսքան հոգսերով հանդերձ, Կոռնիձորից արտահոսք չկա, կոռնիձորցիները գերադասում են ահելով ու ջահելով ապրել ու արարել գյուղում։ Ու ինձ՝ մայրաքաղաքաբնակ երիտասարդիս համար, որպեսզի պարզ լինի, թե հատկապես երիտասարդներն ինչպես են կապվում գյուղի հետ, վերջապես ինչով են զբաղվում ու զվարճանում՝ կանայք հպարտությամբ ասացին. «Մեր գյուղը շատ լավ գյուղ ա եղել, գրադից հետո է քանդվել։ Երկուտարիուկես ուրիշ գյուղերում ենք ապրել։ Բոլորի տները համարյա քանդված է եղել՝ վերականգնել ենք, բայց կուլտուրայի տունը չենք վերականգնել, էլի երիտասարդները զբաղվում էին. կինոյի շենք կար, թատրոն էին ցույց տալիս»։ Էլ ինչ կանացի զրույց, եթե այնտեղ իր ուրույն տեղը չգրավի հարսի ու սկեսուրի, փեսայի ու զոքանչի հավերժական թեման։ Կոռնիձորցի կանայք պնդում էին, թե գյուղի ջահելները ամուսնանում են անպայման սիրահարվելով ու սիրելով։ Նույնիսկ սիրո խոստովանության տեխնոլոգիային ծանոթացրին. «Ասենք, մի տղա մի աղջկա հավանում է, զանգում է աղջկան, նա էլ ասում է՝ արի մեր դռան քովը զրից անենք։ Խոսում են, հավանում են, հետո էլ տղայի հերը, մերը գնում են աղջկորանց տունը խոսք ուզում՝ ամուսնացնում»։ Իսկ իմ զարմանքի վրա, թե որտե՞ղ, ինչպե՞ս են ծանոթանում երիտասարդները, իրենք զարմացան. «Բա էս բնության գի՜րկը, մեր կանաչ հանդե՜րը, մաքուր օ՜դը»։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հ.Գ. «Ազիզ ջան, ինչի քաղաքից մի երկու հոգի չեն գալիս գյուղում ապրելու՝ ես իմ տունը տալիս եմ՝ կյան-ապրեն։ Քաղաքացիք ասում են՝ սարսափելի վիճակում ենք ապրում, քաղաքից մի 20 հոգի գան՝ տեղավորենք, իրանք կյան ըստեղ, ես գնամ քաղաքում վեր ընկնեմ»,- ասաց գյուղի դարդ ու ցավից կքած կոռնիձորցուհին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031