Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՏԵՍԵ՞Լ ԵՍ՝ ԱՍԱ՛…

Հուլիս 20,1999 00:00
aydin

Բաց նամակ ՀՀ նախագահ Ռ. Ս. Քոչարյանին, ՀՀ ԱԺ նախագահ Կ. Ս. Դեմիրճյանին, ՀՀ վարչապետ Վ. Զ. Սարգսյանին

Մեծարգո պարոնայք

Խնդրում եմ ներողամիտ լինել ձեր առանց այն էլ խիստ բազմազբաղ առօրյան մեկ խնդրով եւս ծանրաբեռնելու համար, սակայն հարցը հայեցակարգային է եւ այնքան սկզբունքային ու հրատապ, որ միայն դուք (ասեմ, որ համատեղ պատասխանի ակնկալիք չունեմ, բայց, համոզված եմ, որ առանձին-առանձին գոնե կարձագանքեք) կարող եք պարզություն եւ որոշակիություն մտցնել խնդրո առարկայում: Իսկ մինչեւ «նամակիս բուն իմաստին անցնելը» խնդրում եմ գրությանս մեջ ոչ մի վերա- կամ ենթատեքստ, տողատակ կամ տողամեջ իզուր չփնտրել: Քանզի նման բաներ ուղղակի չկան: Իսկ ինչպես գիտեք անհնար է մութ սենյակում սեւ կատու գտնել, մանավանդ, եթե այդ կատուն պարզապես այնտեղ չէ:

Անցնեմ բուն խնդրին, որը կաշխատեմ առավելագույն հստակությամբ եւ որոշակիությամբ ներկայացնել՝ ակնկալելով ձեր շահագրգիռ արձագանքը:

Նրան, որ մեր պետության արտաքին քաղաքականությունը բազմաշերտ է, բազմաբովանդակ եւ հասարակ մահկանացուներիս համար անմատչելի՝ համակերպվել էինք եւ արդեն ջանք իսկ չէինք թափում անհասականալին հասկանալու համար:

Ի տարբերություն արտաքինի, ներքինում ամեն ինչ պարզ էր: Կա «Չի եղել- չկա – չի լինելու որեւէ լավ բան» հստակ բանաձեւը՝ իր թաքնված կամ բացահայտ դրսեւորումներով եւ այդ բանաձեւն անգամ ոզնուն էր հասկանալի: Եվ մենք էլ, նրա հետ, ըմբռնումով էինք եւ ենք մոտենում դրան: Կամ էլ, եթե հնարավորություններս ներում է, հեռանում ենք: Նույն ըմբռնումով:

Սակայն վերջերս մեր խիստ ըմբռնող հոգիները լրջորեն խռովվեցին: Պարզվում է՝ մենք ոչ միայն արտաքին ու ներքին քաղաքականությունից բան չենք հասկանում (մեր մեղքով, իհարկե), այլեւ չգիտենք, թե որտեղ ենք ապրում ընդհանրապես: Մենք՝ միամիտներս, կարծում էինք, թե ապրում ենք մեր հայրենիքում: Ու մեր այդ հայրենիքը Հայաստանն է: Մինչդեռ, պարզվում է, որ դա բնավ էլ այդպես չէ: Մենք ընդամենը ապրում ենք ինչ-որ հատվածի վրա: Այն էլ՝ մի փոքր:

Քավ լիցի, սրանք իմ մտավարժանքները չեն:

Ո՜ւր էր թե…

«Մեր հայրենիքն ու նրա մի փոքր հատվածի վրա վերածնված մեր երիտասարդ պետականությունն ամենքինս է…»: Սա բառացի մեջբերում է ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի «Արմենպրես» գործակալության հետ կիսած խոհերից ու նկատառումներից՝ տպագրված «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթում սույն թվականի հունիսի 19-ին:

Օրինաչափ հարց կարող է ծագել ձեզ մոտ, թե ինչու՞ եմ ավելի քան մեկ ամիս հետո դիմում ձեզ՝ խնդրելով «Ո՞ՐՆ Է ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ» հարցի պատասխանը:

Այդ ավելի քան մեկ ամիսը ես անց եմ կացրել հենց այդ հարցի պատասխանի փնտրտուքով: Սակայն թե պատմաբանները, թե բոլոր նրանք, ում դիմել եմ, ոչ միայն միասնական, այլեւ անգամ իրար խաչվող կարծիքներ չեն հայտնել:

Նրանց տեսակետներով մեր Հայրենիքը այն ծառերի տակից, որոնցից մենք արդեն իջել էինք, մինչդեռ մյուս ազգերն ու ազգություները դեռ նրանց վրա ճյուղից ճյուղ էին թռչում, ձգվում է մինչեւ փարավոնների բուրգերն ու Բյուզանդիոն: Ինձ, օրինակ, շատ ավելի հոգեհարազատ եւ սրտամոտ է Տիգրան Մեծի (Ք.ա. 140-55թթ.) Հայաստանը (Ք.ա. 70-ական թվականների), մինչդեռ այլոք, չգիտես ինչու (ավելի համեստ երեւալու համար, երեւի) իրենց հավակնությունները սահմանափակում են ավելի մանր-մունր տարածքներով:

Խոնարհաբար խնդրում եմ ձեզ վերջ դնել մեր այս հոգեմաշ տվայտանքներին եւ վերջնական մի պատասխան տալ, թե Ո՞ՐՆ Է, Ի ՎԵՐՋՈ, ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ:

Համոզված եմ, որ դա պետական գաղտնիք չէ: ԵՎ բազմաչարչար ազգս՝ ի Հայաստան եւ ի սփյուռս աշխարհի, իր բազմադարյան պատմությամբ ու մշակույթով վաստակել է իր հայրենիքի չափը, ձեւն ու տեղն իմանալու իրավունքը:

Կանխահայտ շնորհակալությամբ եւ հարգանոք՝

ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031