Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆՆԱՍԵՆՅԱԿՆԵՐՈՒՄ ԿՐՔԵՐ ՉԵՆ ԲՈՐԲՈՔՎՈՒՄ

Հուլիս 20,1999 00:00
qnnutyun

Առավել ձանձրալի պարտավորություն, քան բուհերի ընդունելության քննությունների ընթացքին հետեւելն է, դժվար է մտածել՝ չնայած կրքերն այս առնչությամբ երբեք էլ չեն հանդարտվում։

Պարզապես, այդ կրքերը սովորաբար քննասենյակներում չեն բորբոքվում եւ մանր-մունր խախտումներից, կազմակերպչական բացթողումներից բացի, այլ բան արձանագրելը գրեթե անհնար է։ Մանավանդ, եթե քննությունների ընթացքը վերահսկելու առաքելություն ստանձնած լիազոր-ներկայացուցիչներն ու դիտորդներն էլ առանձնապես խոսկան չեն, իսկ խոսելիս էլ հնարավորինս վարդագույն երանգներով են ամեն ինչ ներկայացնում՝ «տանը եղածը» դուրս չհանելու «մտահոգ» ցանկությամբ։ Այդ իդեալական պատկերը քիչ թե շատ խաթարող միակ «չկամները» ծնողներն են։ Բայց քննությունների առաջին օրերին նրանք էլ են սովորաբար լռում. դեռ տնտղում են ու սպասում։

ՀՊՃՀ-ի, ԵԲՀ-ի ու ԵրՃՇԻ-ի պատերի տակ հերթապահող բարեկամ-հարազատների՝ դրամատիկ ապրումներով լեցուն սպասումն արդեն ավանդական, թերեւս՝ ազգային իրողություն է։ Նրանց այս վիճակին հասցրած քննողներն ու քննվողներն էլ պակաս լարված հոգեվիճակում չեն՝ չնայած հավաստիացնում էին, որ այս տարի մթնոլորտը շատ ավելի հանգիստ է եւ լիազոր-ներկայացուցիչների հետ առճակատում չէր արձանագրվել՝ ի տարբերություն նախորդ տարվա։ Սույն իրողությունը, գովելի ինքնաքննադատությամբ, նույնիսկ ՀՊՃՀ պրոռեկտոր, ոչ վաղ անցյալում կրթության եւ գիտության փոխնախարար Ոստանիկ Մարուխյանն էլ ընդգծեց։ Իսկ պատճառը հավանաբար այն է, որ կրթության եւ գիտության նախկին նախարար Լեւոն Մկրտչյանն անցյալ տարի քննությունների վերահսկողության գործը հիմնականում վստահել էր, այսպես ասած՝ «դրսի մարդկանց»: Այս տարի դրանք հիմնականում բուհերի ներկայացուցիչներն են, այսինքն՝ իրենք իրենցով հա՛մ քննություն են անցկացնում, հա՛մ իրար վերահսկում։ Թե որ տարբերակն է ավելի արդյունավետ, դժվար է պնդել։ Այնպես, ինչպես դժվար է պնդել, որ քննությունների օբյեկտիվ անցկացման երաշխիքը լիազոր-ներկայացուցիչների ներկայությունն է։

Եթե անցյալ տարի քաղաքական տարբեր կուսակցությունների եւ կազմակերպությունների ներկայացուցիչները դիտորդի կարգավիճակով էին քննությանը մասնակցում, այս տարի՝ լիազոր-ներկայացուցչի։ Ընդ որում, նախարարի հավաստմամբ, քննասենյակում պետք է լինի մեկ լիազոր-ներկայացուցիչ՝ կուսակցություններից ընտրված եւ մեկը՝ կրթական-գիտական հիմնարկներից։ Սակայն երեկ մեր այցելած՝ ԵրՃՇԻ-ում ընթացող անգլերեն լեզվի գրավոր քննությանը ներկա երկու լիազոր-ներկայացուցիչներն էլ բուհերից էին։ Նրանցից մեկը՝ ԵՊՀ դոցենտ Սամվել Դալալյանը, ի արդարացում միամիտ-միամիտ նկատեց, որ «երեւի սա շատ պատասխանատու քննություն է, դրա համար…»։ Իսկ քննությունների ընթացքը պարոն Դալալյանը «նորմալ ու հանգիստ» որակեց։ Նախորդ օրը անգլերեն գրավոր քննությունը ժամը 10-ին նոր սկսվել էր, երեկ՝ 9.30-ին, իսկ արտագրության, ծածկագրերից օգտվելու եւ այլ անթույլատրելի դեպքեր չէին արձանագրվել։ Երեկ քննությանը չէր ներկայացել վեց դիմորդ, իսկ նախորդ օրը հանձնած քննության արդյունքներում, ըստ հանձնաժողովի նախագահի տեղակալի, անբավարարների ու գերազանցների (20 միավոր) մեծ թիվ չի արձանագրվել, գերիշխում են միջին գնահատականները։

Այս առումով, գրեթե նույնն էին նաեւ մաթեմատիկա քննության արդունքները, մաթեմատիկայի հանձնաժողովի նախագահ Հոմերոս Առաքելյանի հավաստմամբ, գերազանցները շատ չեն (14), իսկ անբավարար են ստացել 37-ը։

Ի դեպ, այս տարի մաթեմատիկա հանձնող դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ մոտ 1000-ով ավելի է, այնպես որ, այս հանձնաժողովին կարելի է էս գլխից ցավակցել։ Երեկ քննություն էր հանձնում 203 դիմորդ. կար 7 բացակա։ Իսկ ժամը 11.10 րոպեի դրությամբ, արդեն 15 դիմորդ, ավարտելով աշխատանքը, դուրս էր եկել քննասենյակից։ Ընդ որում, չնայած դիմորդների մեծ թվին, քննությունը սկսվել էր ճիշտ ժամանակին՝ 9-ին, իսկ նախորդ օրը միայն 10 րոպե ուշացումով։ Չնայած այս տարի ռեկտորները քննասենյակ մուտքի իրավունք ունեն, սակայն պարոն Առաքելյանի հավաստմամբ, ՀՊՃՀ ռեկտորն իր այդ իրավունքից դեռ չէր օգտվել։ Խախտումների դեպքեր այստեղ եւս չեն արձանագրվել։

Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031