Հարցազրույց առեւտրի եւ արդյունաբերության փոխնախարար Մովսես Ձավարյանի հետ
Լեհաստանում հայ-լեհական բիզնեսի-ֆորումի անցկացման գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվեց Լեհաստան։ Բիզնեսին օժանդակելու նախագահի ցանկության արդյունքում որոշվեց պաշտոնական այցը զուգակցել հայ-լեհական գործարար շրջանակների հարաբերությունների սերտացմանը։
Վարշավա-Երեւան ինքնաթիռում առեւտրի եւ արդյունաբերության փոխնախարար Մովսես Ձավարյանը պատասխանեց «Առավոտի» եւ «Ազգի» հարցերին։
-Ինչպես դուք տեսնում եք, բավականին տխուր է փոխհարաբերությունների իրավիճակը Լեհաստանի հետ, չնայած Խորհրդային Միության ժամանակ մենք ունեցել ենք մեծ քանակությամբ ապրանքային փոխհարաբերություններ՝ արտահանման եւ ներմուծման։ Հայաստանից ժամանակին արտահանվել են (եւս մի քանի ճյուղ ասեմ, բայց դա կլինի ոչ վերջնական) քիմիական, մեքենաշինական արտադրանքը եւ մի շարք գյուղատնտեսական արտադրանք, իսկ Լեհաստանից մենք ստացել ենք թեթեւ արդյունաբերական ապրանքներ, հիմնականում կոշիկ։ Դրանք հիմնականում սպառողական ապրանքներ էին եւ, իհարկե, որոշ սարքավորումներ։ Մեր նախարարությունը համագործակցելով Արդյունաբերողների եւ գործարարների միության հետ, պլանավորեց այս միջոցառումը եւ եթե ինչ-որ փաստաթղթեր էլ չծնվեին, համենայնդեպս, հանդիպումներն իրենց արդյունքը տվեցին, որ մենք մեր մասին հայտարարեցինք։
Կարդացեք նաև
-Ի՞նչ տպավորություն թողեց հայկական արտադրանքը լեհական կողմի վրա։
-Լեհական կողմի տպավորությունը բավական լավ էր։ Կային, իհարկե, արտադրանքներ, որոնք Լեհաստանում չէին կարող իրենց շուկան ունենալ, որոնց մասին ես չեմ կարող ասել։ Մենք չուզեցինք սահմանափակել, ասենք մի գործարար չունի շուկա եւ մենք այդ մասին տեղյակ էինք պահել, բայց նա ունի ցանկություն տեսնելու, շփվելու, գուցե մի վարձ ձեռք բերի, գոնե հանգստանա։ Բնականաբար, արտադրատեսակների մոտ 40%-ը լեհական շուկա չի մտնի։ Այստեղ գալիս է իմիջի հարցը։ Կան արտադրողներ, որոնք իրենց արտադրանքով Լեհաստանում գտան այն սարքավորումները, որ իրենց պետք կլինեն հետագայում։
-Փաստորեն հայ գործարարներն իրենց արտադրանքը եւ իրենց դրսում ցուցադրելու ցանկություն ունե՞ն։
-Այո, ունեն միանշանակ, եւ ես համարում եմ այդ ցանկությունը ավելի քիչ, քան անհրաժեշտ է։ Գործարարների հետ միանշանակ ցանկալի է, որ ավելի շատ շփվեն, դրանք կլինեն ցուցահանդեսներ, ֆորումներ։ Վերջին հաշվով, նայելով, տեսնելով է ճաշակը բարձրանում։ (…) Իհարկե, սա սկիզբն է, սկիզբը կբերի ինչ-որ արդյունքի։ (…) Եթե դուք էլ ուշադիր էիք, հանդիպումները բավականին հաջող էին, իրենք էլ պարտավորություններ վերցրին ոչ գրավոր, բանավոր, որպեսզի մեզ օգնեն թե ՆԱՏՕ-ի շրջանակներում եւ թե նույնիսկ տեխնիկական աջակցության հարցերում։ Սա արդեն նախապայման է, որպեսզի մենք մեր տնտեսությունը զգանք բավականին ամուր։ Եվ լեհական եւ հայկական կողմի մոտ մտայնություն կա, թե տնտեսական կողմը սահմանափակվում է ապրանքների առաքումով։ Ոչ, դա սխալ է, քանի որ գոյություն ունեն ընդհանրապես ծառայություններ, որոնցում մենք կարող ենք համագործակցել։
-Լեհական կողմի վերաբերմունքը հայկական ապրանքների նկատմամբ ինչպիսի՞ն էր։ Վերաբերվում էին որպես «ճ» կարգի պետությո՞ւն, թե՞ ավելի լուրջ։
-Ամեն անգամ դա անհատական մոտեցում է։ Եթե նրանք տեսնում են գործընկեր, որի հետ կարողանում են լուրջ բանակցել, տեսնում են մի մակարդակ, եթե ոչ ցածր, ապա հավասար կամ բարձր, ապա վերաբերմունքը չի լինում որպես երրորդ պետություն։ Հետո, եկեք չմոռանանք, որ լեհերի հիշողության մեջ կա այն Հայաստանը, որը հարուստ է եղել։ Լեհերը տուրիստական ուղեւորություններ շատ էին ունենում դեպի Հայաստան, հիշողությունները մնացել են։ Համենայնդեպս ես չեմ նկատել, որ նրանք մեզ մոտենում էին որպես երրորդ պետություն։ Եթե հարցը գնաց դրան, եկեք ասեմ, որ բավականին հետաքրքիր հանդիպումներ ենք ունեցել գյուղատնտեսության, արդյունաբերության նախարարություններում, գանձապետարանում, արտասահմանյան ներդրումների գործակալությունում, տեխնոլոգիաների գործակալությունում եւ այլն։ … Որոշ ֆունկցիաներ, որոնցով մեզ մոտ նախարարություններն են զբաղվում, նրանց մոտ դա նախարարության ֆունկցիա չէ, ինչպես առեւտուրը, տնտեսական սուբյեկտների կառավարումը, առաքումները եւ այլն։
-Հայ գործարարները բավականին բան տեսան եւ փաստորեն կարող են սովորել լեհական կողմից։ Կա՞ ինչ-որ բան, որ լեհերը կարող են հայերից վերցնել։
-Այո, կա։ Եվ ձեզ ասեմ, իրենց մոտ բարեփոխումները չեն հասցրել մինչեւ վերջ հասցնել, նրանք խնդիրներ ունեն, նույնն ունեցել է նաեւ Չեխիան։ Առաջինը բանկերն են։ Չգիտեմ դուք ինչ վերաբերմունք ունեք մեր բանկերին, բայց մեր բանկերն ունեն բավականին կայուն կառուցվածք։ Իրենց մոտ բանկերի կառավարումը գնաց բոլորովին ուրիշ ճանապարհով։ Գոյություն ունեին կոմունիստներ կամ կոչեցյալներ, որոնք սեփականաշնորհեցին բանկերը։ Մի մասը պետական է մնացել, որը պրոբլեմներ է առաջացնում։ Բյուջեն բավականին մեծ ծախսեր է անում ձեռնարկությունների եւ բանկերի նկատմամբ։ Սեփականաշնորհումը, որ պետք է միանշանակ արագ սովորեին, չեն արել։ Միգուցե նրանք մեծ պետություն են, նրանց անհրաժեշտ է այդպես գնալ։ Մենք փոքր ենք, մերը այլ կերպ պետք է լինի։ Բյուջեի կարգապահությունը երեւի մեզ մոտ ավելի բարձր է, քան իրենց մոտ։ Մենք ունենք որոշ կատեգորիայի բյուրոկրատներ եւ գործարարներ, որոնք ավելի առաջ են անցել Հայաստանում։
-Պրն նախարար, սպասվո՞ւմ է լեհ գործարարների այց Հայաստան։
-Անպայման սպասվում է։ Հանդիպումների շարք կա։ Համար առաջին. մենք ընդունեցինք լեհական կողմի հրավերը սեպտեմբերի 2-3-ին անցկացվող միջազգային ֆորումին մասնակցելու համար։ Լավ կլինի, որ դուք էլ մասնակցեք։ (…) Մեր առաջին փորձը կլինի մասնակցել ոչ միայն պետական մակարդակով, այլ նաեւ գործարարների, բայց այլ կատեգորիայից, քանի որ անտեղ այլ գլոբալ հարցեր են քննարկվում։ Հաջորդը՝ սեպտեմբերի 13-15-ը, կլինի լեհական մեծ այց հարավ-կովկասյան հանրապետություններ, մենք խնդրել ենք վերջինը լինի Հայաստանը, որ ավելի հանգիստ լինենք։
Հարցազրույցը՝
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ