Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԳԻՆՈՎՑԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՑՅՑ ՕԴՈՒՄ

Հուլիս 20,1999 00:00
gorcarar

Հայ գործարարների վարձած ինքնաթիռով Վարշավա-Երեւան ուղղությամբ թռիչքի ընթացքում կոնյակի հոտը բռնել էր ինքնաթիռի սրահը։ Հայկական կոնյակը հյուրասիրում էր «Կիլիկիան», «Գրանտ Տոբակոն» կոնյակի ազդեցությամբ իր արտադրանքն էր գովում, ոսկու գործարանի տնօրենն աչքն իր ճամպրուկներից չէր կտրում, «Իմպուլսը» հեռուստացույցների ծանրության տակ էր կքել։

Գործարարների մեծ մասը անուշ նիրհի մեջ խռմփացնում էր։ Սրահի առաջին մասում նստածներն առավել ակտիվ էին, քանի որ ինքնաթիռի այս մասում կոնյակի պակաս չէր զգացվում։ Հարցազրույցներից հետո, իմանալով, թե որ օրվա համարում պետք է տպագրվեն նյութերը, Աղի գործարանի տնօրեն Արեգ Ղուկասյանն անձամբ խնդրեց. «Խնդրում եմ հարցազրույցի համն ու հոտը պահպանեք»։ Քանի որ աղի գործարանի տնօրենը որեւէ բանի համն ամենալավը կարող է զգալ, աշխատեցինք պահպանել վերջինիս խնդրանքը։

Եվ այսպես՝ հարցազրույցներն իրենց տտիպ համով եւ կոնյակախառն հոտով։

xoharar  kilikia

«Մերն ուրիշ է»

Հրանտ Վարդանյան («Գրանդ Տոբակոյի» գործադիր տնօրեն)– Լեհերը ոչ միայն հասկացան, որ մերն ուրիշ է, այլեւ շատ զարմացան, որ մերն իրոք ուրիշ է։ Այս կարգի հանդիպումները կարեւոր են բիզնեսմենների համար, կապեր են տալիս, աշխատանքի նախադրյալներ։ Այսպիսի ոչ բոլոր հանդիպումներն են դրական ավարտվում բիզնեսի համար, բայց երեւի 10-ից մեկը դրական կվերջանա։ Հանդիպումները պետք է շատ լինեն։ Ես շնորհակալ եմ պրն Քոչարյանից, ինքը վարչապետ եղած ժամանակ այս աշխատանքը սկսել էր բիզնեսմենների հետ։ Հիմա, լինելով հանրապետության նախագահ, նա այդ աշխատանքը շարունակում է։

-Մեր հայ բիզնեսմեններն իրենց մտավոր եւ նյութական հնարավորություններով պատրա՞ստ են համագործակցել որեւէ կողմի հետ։

-Ընդհանուր առմամբ, մենք որպես հայ, շատ ուրիշ ենք, ու մենք այնքան տարբեր ենք։ Մի մասն, իրոք, պատրաստ է, իսկ մյուսները, որոնց մենք լուրջ բիզնեսմեն ենք պատկերացնում, ոչ միայն պատրաստ չեն, այլեւ իրավունք չունեն միջազգային ասպարեզ դուրս գալ։

Հովհաննես Հովհաննիսյան (միջամտելով զրույցին) (ԱԺ պատգամավոր, «Կայունություն» պատգամավորական խմբակցության ղեկավար)– Այդ հարցի հետ համաձայն չեմ, կարծում եմ, այդպես չի կարելի գնահատել բիզնեսմեններին։ Կան կայացած բիզնեսմեններ՝ օրինակ, «Գրանտ Տոբակոն», կարելի է ուրիշներին էլ նշել։ Բայց կան նաեւ սկսնակ բիզնեսմեններ, որոնք պետք է սովորեն նման հանդիպումների ժամանակ։ Մենք նրանց պետք է օգնենք։

-Դուք որ ասում եք՝ մենք, նկատի ունեք խորհրդարա՞նը։

-Պետությանը նկատի ունեմ, խորհրդարանն էլ պետության մի մասնիկն է։ Մենք պետք է նրանց օգնենք, պայմաններ ստեղծենք, որ նրանք էլ զարգանան, կայանան եւ մտնեն մեծ բիզնես։

Հրանտ Վարդանյան– Հա, բայց պրն Հովհաննիսյան, մենք այնքան մեծ քանակով տարբեր ոլորտի աշխատողներ, առեւտրականներ եւ այլն ունենք, որ բիզնեսմեն գաղափարից շատ հեռու են, բայց նրանք ուզում են կոչվել բիզնեսմեն։

Հովհաննես Հովհաննիսյան– Մենք ճիշտ է, շատ պրն Վարդանյաններ չունենք։ Ես բիզնեսը հատուկ տարբերում եմ առեւտրականներից։ Ես խոսում եմ բիզնեսի մասին։

-Պրն Հովհաննիսյան, դուք այս ուղեւորությանը մասնակցում եք որպես պատգամավոր միայն, թե՞ նաեւ որպես բիզնեսմեն։

-Ես ուղեկցում էի նախագահին, որպես խորհրդարանի անդամ։

-Իսկ ինչպե՞ս է կատարվել ընտրությունը։ Ինչո՞ւ հատկապես դուք եւ ԱԺ պատգամավոր Արմեն Հակոբյանն եք ուղեկցում նախագահին։

-Դա ԱԺ նախագահի լուծելու խնդիրն է, նրա որոշումն է եղել։ Դա ինձ վերջին օրն են ասել։

-Դուք գիտե՞ք, թե ինչո՞ւ ԱԺ նախագահը Երեւանից չէր ճանապարհում հանրապետության նախագահին։

-Գիտեք, ես արդեն ինքնաթիռում նստած, պատուհանից նայում էի, թե ովքեր են ճանապարհում, այնպես որ, այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Գիտեմ, որ վարչապետն էր…

Հրանտ Վարդանյան (միջամտելով զրույցին)– Մեր պետությունում այնքան բաներ է խախտված, որ այսօր ես շատ զարմացած էի, որ մեր դեսպանը Լեհաստանում ճանապարհում էր փոխնախարարին (առեւտրի եւ արդյունաբերության- Մ. Ե.) եւ ոչ թե պառլամենտի երկու անդամներին։

Հովհաննես Հովհաննիսյան– Դրանք համատեղելի հարցեր չեն, իհարկե, դեսպանի կողմից պրոտոկոլի խախտում կա, բայց դա մի քիչ ուրիշ խնդիր է… Ուղղակի երեւի երիտասարդ է։ Նորմալ չի, բայց ներելի է։

”Я люблю тебя ,,Киликия”

-Կա՞ն պայմանավորվածություններ լեհական կողմի հետ։

Աշոտ Բաղդասարյան (Երեւանի «Գարեջուր» ԲԸ նախագահ եւ գլխավոր տնօրեն)– Դեռ պայմանավորվածությունները նախնական են, արդյունքները ժամանակը ցույց կտա, մոտավորապես երեւի աշնանը։

-Մենք Լեհաստանում բազմատեսակ գարեջուրներ ըմպեցինք, կարծում եմ, դուք նույնպես։ Համեմատությունը ո՞ւմ օգտին է։

-«Գրանդ Տոբակոյի» նշանաբանը ես ընդունում եմ՝ մերն ուրիշ է, իրոք։

-Ուրիշը դեռ չի նշանակում լավը, խոսքը լավի-վատի մասին է։

-Մերը բավականին լավն է եւ դա ընդունում ենք ոչ միայն մենք, այլեւ մեր կոլեգաներն ու ծանոթները Լեհաստանում։

-Վարշավայում «Կիլիկիա» անունով խանութ չկա՞։

-Ես չեմ տեսել, ցավոք սրտի։ Պատրաստվում ենք Փարիզում ունենալ։

-Պրն Բաղդասարյան, դուք եղա՞ք լեհական ձեռնարկություններում։ Ի՞նչ տպավորություն ստացաք։

-Գիտեք ինչ կա, շփվեցինք բավականին բիզնեսմենների հետ, բայց կոնկրետ արտադրությունը ժամանակ չեղավ տեսնելու։ Բայց ես պատկերացում ունեմ, թե ինչ մակարդակի է գարեջրի արտադրությունը Լեհաստանում։

-Հարկային դաշտի, արտադրական տեխնոլոգիաների հնարավորությունները Հայաստանո՞ւմ են ավելի հարմար բիզնեսի համար, թե՞ Լեհաստանում։

-Ինչ վերաբերում է ինքնարժեքին. մենք բավականին աշխատանք ենք կատարել ինքնարժեքի իջեցման հարցում։ Ինչ վերաբերում է հարկային դաշտին, մենք այստեղ բավականին ծանր վիճակում ենք։ Եվրոպական երկրների եւ մեր երկրի հարկային դաշտի համեմատությունը երկու տարի առաջ ներկայացրել ենք կառավարությանը, բայց ոչ մի լուրջ, համապատասխան ուշադրության չենք արժանացել։

-Հայ բիզնեսմենի համար դժվարություններն ավելի շա՞տ են, եթե համեմատենք լեհերի հետ։

-Հարաբերությունը ի օգուտ մեզ չէ։

– Ի՞նչ ձեռնարկությունների հետ դուք պայմանավորվածություն ձեռք բերեցիք։

-Մենք փնտրել էինք խառը արտադրող գործընկերներ, որ մեզ կարող էին հետաքրքրել, լեհական շուկան ինչ-որ չափով իմանալով փորձել էինք գտնել գործընկերներ, որի արձագանքը սպասում ենք երեւի հաջորդ ամսին։

Լեհերը «Կոտայք» կխմեն

Գաբրիել Զաքարյան (Աբովյանի գարեջրի գործարանի գործադիր տնօրեն)- Ունենք երկու նոր կնքված պայմանագիր։ «Կոտայքը» կարտահանվի Լեհաստան։

«Հնարավոր է պայմանագիր կնքենք»

Էդուարդ Խանամիրյան (Դիլիջանի «Իմպուլս» գործարանի տնօրեն) -Սրանից 2-3 ամիս առաջ բանակցություններ ենք վարել Ճապոնական «Կրոուն» ֆիրմայի Արեւմտյան Եվրոպայի մասնաճյուղի հետ։ Եթե չլիներ նախագահի այցը եւ այն կարգավիճակը, որով մենք ներկայացված էինք, ես երեւի հրաժարվեի մեկնումից։ Շատ կարեւոր էր, երբ կա պետական աջակցություն։ Այդ դեպքում գործընկերների վերաբերմունքը բոլորովին ուրիշ է լինում։ Գների հարցում բազմաթիվ խնդիրներ կան, ամենակարեւորը՝ ճանապարհածախսն է։ Մեր գործընկերը՝ «Կրոուն» ֆիրման, մի փոքր իջեցրեց գինը (սա այն միակ ճապոնական ֆիրման է, որն իրավունք ունի աշխատել ԱՊՀ երկրների հետ)։ Այս ուղեւորության ընթացքում ես ձեռք բերեցի «Կրոուն» ֆիրմայի հեռուստացույցներ։ Ես դրանք կհավաքեմ, կցուցադրեմ կենտրոնական խանութներում, կտեսնենք, թե ինչպիսի մարկետինգ է ստացվում։ Դրանից հետո մենք վերջնական որոշման կհանգենք, եւ հնարավոր է պայմանագիր կնքենք։

Հարցազրույցները եւ լուսանկարները՝

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Հ. Գ. Հայ գործարարները խիստ տարբեր մարդիկ են՝ կան շատախոսներ եւ քչախոսներ, շատակերներ եւ քչակերներ, կնամոլներ եւ՝ ոչ այնքան, ներկայանալի եւ ոչ այնքան, Բաքոսի երկրպագուներ եւ խմիչքի հանդեպ ժուժկալներ… Հայ գործարարները խիստ տարբեր են, բայց եւ նման են մի հարցում՝ կարողանում են փող սարքել ու պետք եկած ժամանակ (երբեմն նաեւ անտեղի) փողը քամուն տալ։

Հայ գործարարներն այս բոլոր նմանություններից ու տարբերություններից բացի մեկ կարեւոր տարբերություն եւս ունեն. նրանցից ոմանց ՀՀ նախագահը սիրում է եւ իր հետ Լեհաստան է տանում, իսկ մյուս մասին չի սիրում ու իր հետ ոչ մի տեղ չի տանում։ Չի բացառվում նաեւ, որ այս վերջին խմբի գործարարներն իրենք չեն ուզում նախագահի հետ տեղ գնալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031