Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՄ ԹԵՎԵՐԻ ՏԱԿ Է ՁՄԵՐՈՒԿ ԴՐՎԵԼ

Հուլիս 20,1999 00:00
Arcax

Արցախում այս օրերին շարունակվում է նշանակումների շքահանդեսը։ Կառավարություն է ձեւավորվում, նախարարներ են նշանակվում, նախարարներ են վերադառնում իրենց նախկին փեշակին…

Հետաքրքիր զուգահեռներ են արվում այս առումով Հայաստանում ընթացող կառավարաշինության նմանօրինակ գործընթացների հետ։ Արվում են նույնիսկ համեմատություններ։ Ընդհանրապես, նորանշանակ վարչապետի նկատմամբ հասարակական կարծիքը երկու մասի է բաժանվում. մեր հայրենակիցն է, որը եկել է Արցախ՝ աշխատատեղեր բացելու, բնականաբար, հակված է մի մասը «թույլատրել» նրան աշխատելու, մի մասն էլ գտնում է, որ Արցախում կային ուժեր, մարդիկ, որոնք կարող էին տիրապետել իրավիճակին, որովհետեւ պատերազմի դժվարին օրերը միասին են անցել, կորուստները միասին էին տարել։ Արցախցիների բառամթերքում մի շատ հետաքրքիր բառ է ներմուծվել. «արցախահայեր»։ Սա ամենեւին չի նշանակում արցախցուն սփյուռքահայի կարգավիճակին հավասարեցնել, այլ ինչպես պատճառաբանում են. ընդամենը շեշտել «հայ» բառը։

Առողջարանային քաղաքականությունն ընդդեմ ռազմահայրենասիրության

Մինչ ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը կմեկնի Հադրութ, Շուշի՝ տեղի «աշխատավորության հետ» հանդիպումների, մեր տեղեկություններով շաբաթ օրը Հայաստան էին կանչվել գնդի հրամանատարները։

Հիշեցնեմ, որ Արցախում ներքաղաքական իրավիճակը լարվածության հասավ այն ժամանակ, երբ Արցախում ձերբակալվեց նախկին վարչապետ Ժիրայր Պողոսյանն, ու նրան հաջորդած վարչապետն էլ փորձեց ձեւավորել իր նոր կաբինետը։ Ի դեպ, արցախցին ըմբռնումով է վերաբերվում կատարվածին, սակայն առիթը բաց չի թողնում «երեսով տալու», որ նախկին վարչապետը եղել է ԼՂՀ ներկայիս նախագահ Ա. Ղուկասյանի նախընտրական շտաբի պետը։ Ստորագրություն տալով հանրապետությունից չհեռանալու մասին, հաճախ կարող ես Ժիրայր Թեւանիչին տեսնել փողոցներում շրջելիս։ Հավանաբար, «հնարքը» մի նպատակ է հետապնդում. որ ոչինչ այնպես օրհասական չէ, ինչպես գուժում են հայոց առաջին պետության մայրաքաղաքում։ Ցանկացած հարցում՝ լինի պաշտոնական, ոչ պաշտոնական, այսպիսի զարգացում եւ ավարտ կարող է ունենալ։

– Հինչ ը՞ս օզըմ ասիմ։ Ացենկա՞ էս օզըմ ինձանա գիդաս։ Լոխ լյավա ընան։

Կամ.

– Ղարաբաղցու յուղը էնա մաշվելա։

Ավելի սրամիտ գտնեց Կարինե Սարգսյան անուն-ազգանունով մեկը, որն իմ հարցին, թե ո՞ւմ է ձեռնտու ՊՆ նախարար չնշանակելը, խորիմաստ պատասխան տվեց. «Օլբրայթի ջիբան բլոկնոտա յիր ընկել տափին, մաչին կիրած ա իլալ Միլոշեւիչին ու մեր Կոմանդույուշչուն անունը»։ Կատակը կատակ, սակայն քաղաքաքական դադարի այն պահն է եկել, երբ ժողովուրդն ուզում է հասկանալ, թե ի՞նչ պատահեց, որ երկու տարի լռած իրենց նախագահը չկարողացավ 2 օր էլ լռել։ Այս առումով նախագահի հայտնի ելույթը ճնշող տպավորություն էր թողել նրանց վրա, եւ հարցն այսպես էր հնչում. ո՞վ եւ ինչո՞ւ ձմերուկ դրեց Արկադի Ղուկասյանի թեւերի տակ։

Ա. Ղուկասյանն իր հերթին քցում-բռնումների մեջ է եւ ՊՆ նախարար նշանակելու արցախաերեւանյան ջանքերն ի դեմս Կոմանդոսի ի դերեւ եղան։ Համենայն դեպս, ճանաչված հրամանատարներից մեկը, որն իր անունը չցանկացավ, որպեսզի շահարկվի թերթերից մեկում, նկատեց այսպես. «Միֆերը չպիտի ճնշեն մեզ։ Երբ սկսում են ճնշել, որեւէ խնդիր ազատորեն լուծելը դառնում է անհնար»։

Այս պահին Արցախում նշանակված չէ հանրապետության պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազը։

Հա, ի դեպ, Ազգային ժողովի 14 պատգամավորներից, որոնք ստորագրություններ էին տվել կամ հավաքել՝ նախագահին անվստահություն հայտնելու հարցում, հինգն արդեն ետ են վերցրել իրենց ստորագրությունները։

Դադարն անհրաժեշտ էր

Այսպես է գտնում պաշտպանության նախարարի մերձավոր շրջապատը, որն այնքան էլ «խուճապահար» չէ, որ Սամվել Բաբայանի (որին «պապա» են ասում,- Ռ. Մ.) նշանակումը «չի գալիս»։ Նրանք գտնում են, որ կարելի է մինչեւ մեկ, երկու տարի լինել պաշտոնակատար։ Ավելին, նրանք գտնում են, որ սա պատասխան էր Երեւանի, մասնավորապես, ԱԺ ընտրությունների մասնակցության։ Հասարակական կարծիքն այսպիսին է. 25 տարեկանից Արցախի պատերազմում թրծված մարդը, որը 10 տարիներին եղել է կենտրոնական դերակատարներից մեկը թե՛ տարիքի, թե՛ ժամանակի առումով, հնարավորություն չի ունեցել խուսափել նաեւ թերություններից։ Ուստի, հնարավոր են համարում եւ ճիշտ՝ նրա ժամանակավոր հեռացումը ռազմաքաղաքական թատերաբեմից։

Մարտական խաչի 2-րդ աստիճանի շքանշանակիր, Ղարաբաղյան պատերազմի վետերանների եւ ԼՂՀ հանրապետականների միության նախագահ Արկադի Կարապետյանի կարծիքով էլ՝ «Մենք այդ մարդկանց մենակ չենք թողնի, որոնց հետ այս պետությունը ստեղծել ենք։ Հեղափոխություն չենք անելու, պետության վրա չենք կրակելու»։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել