Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երեւան»՝ ոչ միայն ՀՀՇ-ի օթեւան

Հուլիս 20,1999 00:00
andranik hovakimyan

ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը համաձայնեց առավել հանգամանալից ներկայացնել «Երեւան» հասարակական կազմակերպության ստեղծման նպատակները։

-Սա ՀՀՇ-ի հերթական պառակտո՞ւմն է։

-Չի կարելի պառակտման մասին խոսել։ Մեր պատկերացմամբ, սա վերկուսակցական կառույց է լինելու։ Եվ, իմ կարծիքով, ՀՀՇ-ի հետ այնքանով է կապ ունենալու, որ ընդգրկվելու են մարդիկ, որոնք նույնպես ազատական արժեքներ են դավանում։

-Ո՞րն է այս կազմակերպության ստեղծման անհրաժեշտությունը, նպատակահարմարությունը։ Ինչո՞վ է այն առանձնանալու եղած կազմակերպություններից։

-Այս 1,5 տարվա ընթացքում բազմաթիվ շփումներ ենք ունեցել մարդկանց հետ, որոնք ներուժ, ինտելեկտ ունեն, խոսելու եւ աշխատելու ձիրք եւ չեն կարողանում լիարժեք օգտագործել իրենց հնարավորությունները։ Նրանք նաեւ ցանկանում են Հայաստանի հասարակական կյանքում լուրջ ազդեցություն, ներդրում ունենալ, բայց կուսակցական չեն։ Կուսակցականությունն իրենց վանում է եւ ընդհանրապես մի կողմ է թողնում հասարակական կյանքից։ Եվ դա է պատճառը, որ մենք որոշեցինք ստեղծել այդ հասարակական կազմակերպությունը, որի նպատակը շատ պարզ ու հասկանալի է՝ ուղղակի համախմբել այդ բոլոր մարդկանց, որոնց համար Երեւանը մանկության, երիտասարդության քաղաք է, եւ ինչպես Հայաստանի այլ քաղաք կամ գյուղ՝ ունի իր ավանդույթներն ու արժեքները եւ պետք է այդ ամենը շարունակել կամ գոնե կիսատ չթողնել։ Թե չէ, ինչքան անկապ մարդ կա՝ սկսել է Երեւանում կրակել, ինչքան իր ազգանունն առանց տառասխալի գրել չիմացող կա՝ արդեն «նալոգ» է հավաքում մի քիչ փող աշխատող կրպակավարներից։ Այսինքն, լուրջ խնդիրներ կան, որոնք իրոք Երեւանի ապագային են առնչվում։ Իմ կարծիքով, եթե լրջորեն այս ամենով զբաղվենք՝ կարող ենք ազդեցություն ունենալ, մանավանդ որ, աշնանն ընտրություններ են սպասվում, իսկ վերջին իրադարձությունների համապատկերում ուղղակի վախենում ենք Երեւանի ապագայի համար։

-Դժվար է պատկերացնել, թե որեւէ հասարակական կազմակերպություն կարող է ներազդել, որ ինչ-որ մեկը չկրակի կամ ապօրինի հարկ չհավաքի եւ այլն։

-Իմիջիայլոց, Հայաստանում հասարակական կարծիքը խեղաթյուրված է եւ ամեն դեպքում, այսպես թե այնպես՝ կուսակցականացված։ Բայց, իմ կարծիքով, կան ինչ-որ հարթություններ, որտեղ քաղաքականությունը գլխավորը չէ։ (Ըստ իս, այս հարցին առավել հաջող պատասխանեց «Երեւան» կազմակերպության նախաձեռնողներից մեկ ուրիշը, որը ներկա էր այս զրույցին. «Այդ կազմակերպությունը Հունան Ավետիսյանի դերը չի ստանձնելու եւ չի պատրաստվում կրակոցներն իր կրծքով փակել»- Ա. Ի.)։ Ես չեմ ասում, թե պայքարելու ենք կրակելու դեմ, ուղղակի նորմալ մթնոլորտ է պետք ստեղծել, որ չկրակեն։

-Այնուամենայնիվ, ինչո՞վ է տարբերվելու, ասենք, հնաբնակ երեւանցիների միավորումից, «Երեւան» հիմնադրամից եւ համանման այլ կառույցներից։

– Սա շատ կարեւոր է՝ մեր «Երեւանը», պարզ ասած, հայրենակցական միություն չի լինելու։ Այստեղ լինելու են ազատ մարդիկ, որոնք (անկախ նրանից, թե որտեղից են եկել) այստեղ են ապրել, սովորել, մեծացել, գիտեն Երեւանի արժեքները։

-Հստա՞կ է, թե ովքեր են այդ մարդիկ։ Նրանցից քանի՞սը կլինեն ՀՀՇ-ից։

-Գուցեեւ լինեն։ Բայց այս գաղափարը շատ նոր է, դեռ միս ու արյուն չի ստացել։ Ինձ թվում է, եթե լուրջ վերաբերվենք այս ամենին՝ կկարողանանք ստեղծել նույնիսկ հասարակական շարժում («Հայոց համազգային»- Ա.Ի.)։

Հարցազրույցը վարեց

Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031