ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ (ավելին՝ ՀՅԴ անդամ) Վահան Հովհաննիսյանն ակնհայտորեն համաձայն չէ Հրանտ Բագրատյանի՝ այս խորհրդարանի՝ «պպզողների ԱԺ» որակմանը։
Եվ նա երեկ իր վերաբերմունքին համարժեք մեջբերում արեց ՀՅԴ դասական Ռուբիկ Հակոբյանից. «Նա Հրանտ Բագրատյանին որակել է՝ հավերժական կզող։ Եվ եթե էդ տեսակի տերմիններով խոսանք, չեմ կարծում, որ Բագրատյանը մեզ կարողանա հաղթել»,- հպարտացավ պրն Հովհաննիսյանը։ Չբավարարվելով իր պատասխանի «դիպուկությամբ»՝ պրն դաշնակցականը մեկ այլ ցիտատ եւս հիշեց՝ «Կարծեմ նախկին քաղաքապետն է ասել՝ ավելի լավ է ունենալ Խուճուճ Էդո, քան Խուճուճ Բագրատյան»։
Մականունները դասելով ազգային սովորույթների շարքում՝ պրն Հովհաննիսյանը նկատեց, որ նախորդ ԱԺ-ում էլ ակադեմիկոս լիխաչովներ չեն եղել։ Հարցը, թե որքանով է իր գլխավորած հանձնաժողովը պատրաստ խորհրդարանի քննարկմանը ներկայացնել Ղարաբաղի խնդիրը, ԳՄ ներկայացուցչին դարձյալ հիշեցրեց «անցավորաց»՝ նախորդ ԱԺ-ն. «Նախորդ խորհրդարանը երեք ու կես տարի իրենից ճահիճ էր ներկայացնում։ Հանկարծ վերջին նախընտրական շրջանում ակտիվացավ ու էլեկտրաէներգիայի սակագներից մինչեւ Ղարաբաղի հարց ակտիվ դիրքորոշում փորձեց դրսեւորել»։ Պաշտոնյաների անհամաձայնությունների կամ անձնական ու գաղափարական հակասություններից առաջացած կրիզիսի մեջ, ըստ նրա, բոլորը փորձում են «բարիշացնողի կամ հակառակ» դերը ստանձնել։ Եվ, որ կան հարցեր, ուր որքան շատ մարդ խառնվի, այնքան՝ վատ։ Հռետորը շատ ծանրացավ «իշխանությունների քաղաքացիական դառնալը» թեմայի վրա՝ մանրամասն ներկայացնելով այդ առթիվ իր դիտարկումները (որոնք, ի դեպ, պրն Հովհաննիսյանը շատ է կարեւորում)։
Համարելով, որ ինքը այն եզակի քաղաքական գործիչն է, ում պետք է հարցերը «բաց» տալ, նա թղթակիցներից մեկի հարցը պատշաճ «բացությամբ» սրբագրեց. «Եկեք պայմանավորվենք, որ գոնե ինձ հարցերը բաց տվեք, էլի՛. դուք ուզում եք հարցնել՝ արդյոք Հայաստանի կողմից Ղարաբաղի իշխանության ռազմական թեւի վրա կատարված ճնշումը չի՞ պայմանավորված նրանով, որ Ղարաբաղն ուզում են տալ եւ Ղարաբաղի բանակի հրամանատարներին թուլացնում են։ Էդ եք, չէ՞, ուզում ասել։ Չէ՜, էդպես չեմ կարծում»։
Կարդացեք նաև
«Նորաթերթի» աշխատակցուհին ջանք չխնայեց պրն Հովհաննիսյանին համոզելու՝ ի վերջո՝ կրակե՞լ է «Պապլավոկում», թե՞ ոչ։ «Առանց մեկնաբանության։ Կանխակալ կարծիքն արդեն ստեղծված է եւ ցանկացած այդ թեմայով ասված բան պետք է դիտվի որպես ինքնապաշտպանություն, իսկ ես դրա կարիքը չունեմ»։
«Նորաթերթ»– Բայց ես ուզում էի ձեզ հնարավորություն տալ՝ ներկայացնել ճշմարտությունը։
– Բայց էդ հնարավորությունը եկեք դո՛ւք ինձ մի տվեք,- իրեն ընձեռած եզակի հնարավորությունից հրաժարվեց ԳՄ ներկայացուցիչը։
Հավերժական այն հարցին, թե «Ձեզ ապօրինաբար զրկեցին ազատությունից եւ ապօրինաբար էլ ազատ արձակեցին», պրն Հովհաննիսյանն իր երկարակեցության հավանականությունը չբացառեց. «Ես երեւի 70-ամյակիս օրն էլ եմ այդ հարցը ստանալու, բայց՝ եթե թողնեք այդքան ապրեմ։ Անօրինական ձերբակալված մարդուն ինչ ձեւով էլ ազատես, օրինական է։ Եթե, իհարկե, բանտի պատը գրանատամյոտով չես ջարդում»։
Բանտային թեմայով Վահան Հովհաննիսյանն ակնհայտ սիրով էր խոսում՝ խոստանալով, որ բանտը «քաղաքակիրթ» դարձնելու նպատակով օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգա։ Իր գլխավորած հանձնաժողովը (որի կազմը՝ ի տարբերություն սոցիալականի, ոչ միայն թափուր տեղեր չունի, այլեւ 17 պարտադիր անդամի փոխարեն ունի 18 անդամ) աշխատում է նաեւ ոստիկանության մասին օրենքի, ազգային անվտանգության կոդեքսի մշակման վրա։ Այն, որ պրն Հովհաննիսյանին ընտրել են հենց ա՛յդ հանձնաժողովի նախագահ, նա դա համարում է Գերագույն արդարադատության արտահայտություն (Գերագույն՝ ոչ Աստծո մակարդակով, այլ՝ իշխանությունների)։
«Առավոտն» էլ հանդգնեց հարց ուղղել պրն դաշնակցականին («Ձեր՝ այսինքն՝ Դաշնակցության, հին ընկերներից մի քանիսը դեռեւս ՊԱԿ-ի նկուղներում են։ Նրանց հետ հանդիպո՞ւմ եք կամ նրանց ազատ արձակման ուղղությամբ որեւէ քայլ նախատեսո՞ւմ եք ձեռնարկել»)։ «Ես «Առավոտի» հարցերին չեմ պատասխանում»,- իր դժկամությունը «Առավոտի» հանդեպ անկեղծորեն չթաքցրեց նա։ Թեեւ, քիչ անց, պարզվեց, որ «Օրագրի» հանդեպ էլ դաշնակցական մեծ գործիչը ջերմ վերաբերմունք չունի։
Վահան Հովհաննիսյանի նման սառը վերաբերմունքից հետո ո՛չ «Օրագրի», ո՛չ էլ «Առավոտի» թղթակիցը ինքնասպանության կամ օդում կրակելու փորձ չարեցին։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ