Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՍԻԱՆՑԻՆ ՊԻՏԻ ՏՐԱՄՎԱՅ ՆՍՏԻ

Հուլիս 17,1999 00:00
Sisian

Սիսիանում հաշվառված է 20 հազար 200 մարդ, նրանցից կենսաթոշակառու են 2 հազար 715-ը, Հայրենական պատերազմի մասնակիցներ՝ 132-ը (որից հաշմանդամ են 72-ը), ազատամարտիկներ՝ 163-ը (որից հաշմանդամ են 22-ը), զոհված ազատամարտիկներ՝ 50, զոհված ազատամարտիկների ընտանիքներ՝ 34, բռնադատվածներ՝ 24 հոգի, փախստականներ՝ 1325-ը, գործազուրկներ՝ 3850-ը։

Եթե մյուս տվյալների վերաբերյալ դատողություններ անել չենք կարող, ապա վերջինի համար հաստատ կարող ենք ասել, որ քաղաքում գործազուրկներն ավելին են, քան հաշվառված են։ Եվ ընդհանրապես՝ Սիսիանում (ինչպես եւ ողջ հանրապետությունում) աշխատող մարդկանց շատ քիչ կհանդիպես. համատարած պարապություն է։ Վարչական հաստատություններն էլ չլինեին՝ մարդիկ ինչով պետք է զբաղվեին՝ չգիտեմ։

Երբ հասանք Սիսիանի քաղաքապետարան, ժամը 16-ի կողմերն էր, ու թեպետ արդեն 2 ժամ անցել էր ընդմիջումից, սակայն քարտուղարուհին տեղեկացրեց, որ քաղաքապետը տուն է գնացել՝ ճաշելու։ Քաղաքապետ Գառնիկ Հովակիմյանը երկար սպասեցնել չտվեց. եկավ ու անկեղծորեն էլ խոստովանեց, որ «գնացել էր տուն՝ քնելու»։ Սրա մասին հետո, մինչ այդ նշեմ, որ Սիսիանի քաղաքապետարանը բավականին բարեկարգ (հիմա ասում են՝ եվրոռեմոնտ արած) շենք էր, ու հաստատ մայրաքաղաքում գտնվող շատ նախարարություններ կնախանձեին նրան։ «Լավն ա չէ՞, մեր քաղաքապետարանը»,- հպարտությամբ ասաց քաղաքապետ Հովակիմյանը։ Երբ ասացի, թե կուզենայի քաղաքապետից լսել ոչ թե քաղաքապետարանի, այլ քաղաքի լավ վիճակի մասին՝ պարոն քաղաքապետը առարկեց. «Ինչո՞ւ եք քաղաքապետարանը քաղաքից դուրս հանում»։ Այնինչ, ոչ թե ես էի քաղաքապետարանը քաղաքից դուրս դիտում, այլ քաղաքապետն էր սահմանափակվում քաղաքապետարանով։ Քաղաքը շա՜տ հեռու էր քաղաքապետարանի նման եվրոնորոգման հավակնելուց։

Սիսիանում ներկայումս աշխատող հիմնարկ-ձեռնարկություններ գրեթե չկան։ «Չեն աշխատում ոչ թե նրա համար, որ չեն կարող, այլ տեխնոլոգիաներն են հին։ Միջազգային ստանդարտներին համապատասխան արտադրանք պետք է տան, որպեսզի կարողանան շուկայում մրցունակ լինել (…)։ Տարերային աշխատող մանր-մունր ձեռնարկություններ կան, որոնք որակ չեն կազմում, ասենք՝՝ վարսավիրանոցներ, հացի արտադրություններ (մասնավոր), Հայկոոպի արտադրամաս կա. կարծեմ վաճառել ենք (…)»,- տեղեկացրեց Գառնիկ Հովակիմյանը։ Քաղաքի բնակչությունը ռանչպար գյուղացու նման զբաղված է հողագործությամբ եւ անասնապահությամբ։ Քաղաքապետի պնդմամբ քաղաքի բնակչության արտահոսք չի նկատվել, սակայն այլ շրջանների տղամարդկանց նման Սիսիանի տղամարդիկ եւս տարվա մեծ մասն անցկացնում են արտագնա աշխատանքի մեջ։ Քաղաքի բնակչության բյուջետային հիմնարկներում աշխատողների աշխատավարձերի (ինչպես ողջ հանրապետությունում) ուշացումն էլ, քաղաքապետի խոսքերով, խրոնիկ բնույթ է կրում։ Ապրիլից չեն ստացվել աշխատավարձերն ու թոշակները, իսկ թեկուզ այդ չնչին գումարը, կարծում եմ, կհամաձայնեք, շատ անհրաժեշտ է բնակչությանը հատկապես պահածոյացման այս շրջանում։

Սիսիանը եւս անմասն չի մնացել վարկային եւ ներդրումային ծրագրերից։ Անցած տարվանից այստեղ գործունեություն են ծավալել գերմանական «Վոլդվիժն», «Փրկեցեք երեխաներին» կազմակերպությունները։ Վերջինիս ծրագրի շրջանակներում աշխատանք են ստացել մոտ 500 կանայք։ «Բայց սրանք հիմնական խնդիրներ լուծող չեն, սրանք գոյատեւման խնդիր լուծող են։ Մենք մեր հույսը չպետք է դնենք, թե ինչ-որ կազմակերպություն մի քանի դրամ վարկ տա, որ մենք կարողանանք ապրել։ Իսկ հիմնական խնդիրների համար, ես կարծում եմ, պետք է հատուկ պետական քաղաքականություն մշակվի, սեփական արտադրողը պետք է պաշտպանված լինի, հարկ վճարող քաղաքացին պաշտպանված լինի ամեն ինչով, կիրառվեն այնպիսի մեխանիզմներ, որպեսզի շահավետ լինի սեփական արտադրությունը»,- նշեց պարոն Հովակիմյանը։

Սիսիանն ունի 5 հանրակրթական դպրոց եւ տարօրինակորեն վարակված չէ սեփական, ոչ պետական բուհ ունենալու մոլուցքով։ Քաղաքապետի պնդմամբ ինքն անձամբ դեմ է գավառում բուհ բացելու գաղափարին. «Բա մարդը գյուղում ծնվի-մեծանա, գյուղում էլ բարձրագույն կրթությո՞ւն ստանա, բա էդ մարդը ե՞րբ շփվի, ուսանողը պետք է տրամվայ նստի վերջապես»,- ասաց Գ. Հովակիմյանը։ Ընդհանրապես քաղաքապետին շատ մտահոգում էին քաղաքի մշակութային կյանքի կազմակերպման խնդիրները, հավանաբար այդ մտահոգությամբ էլ ստեղծել է քաղաքապետարանի անկախ ռադիո եւ հեռուստաընկերություններ։ Այսպիսի ձեւակերպումն ինձ համար շատ տարօրինակ էր. ռադիո եւ հեռուստաընկերությունները պետք է կամ անկախ լինեն, կամ քաղաքապետարանինը, թե ինչպես են հաջողացնում համատեղել՝ դժվար չէ պատկերացնել։ Թեպետ, լրագրողները պնդում էին, թե իրենք ազատորեն քննադատում են քաղաքապետին։ Իսկ ռադիոընկերության գեղեցկուհի ղեկավարը հպարտորեն նշեց, թե. «մեր քաղաքապետի վատը չենք տեսել, որ քննադատենք»։ Երբ ասացի, թե ընդամենը մեկ ժամ է, ինչ Սիսիանում եմ եւ արդեն նկատել եմ, որ քաղաքապետը աշխատանքի ժամին քնում է՝ «Որոտան» թերթի գլխավոր խմբագիրն ասաց. «Մայրաքաղաքից եկած լրագրողները չգիտես ինչու ուզում են անպայման վատը տեսնել, ոչ թե այն, ինչ կա»։ Իսկ ինձ թվում է, մայրաքաղաքի լրագրողի աչքն արդեն արհեստավարժվել է, ավաղ, միայն վատը տեսնելու եւ՝ ոչ իր մեղքով։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031