Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԽԴՈՅԻ ԿԻՆԸ ՍԹՐԵՍԻ ՄԵՋ Է

Հուլիս 17,1999 00:00
dat

Հուլիսի 14-ին Վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ Հակոբ Մարտիրոսյանի դատը, որին զրպարտում են Խդոյի կնոջ՝ Էլզա Խոջաբեկյանի ականջօղերի հափշտակման գործում։

Դատական նիստը նշանակված էր ժամը 11.30-ին, սակայն հետաձգվեց մինչեւ ժամը 16-ը։ Նիստը հետաձգվում էր տուժող Էլզա Խոջաբեկյանի չներկայանալու պատճառով՝ հայտարարեց նախագահող Արշակ Խաչատրյանը։

Կրկին վերհիշեցինք Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանին, որը առավոտյան ժամը 10-ից մինչեւ 17։30 րոպե սպասեցնելով Հակոբ Մարտիրոսյանի բարեկամներին, նույնիսկ չէր բարեհաճում գալ եւ հայտնել, որ հետաձգվել է դատական նիստը։ Էլզա Խոջաբեկյանի փաստաբան Ժուդեքս Շաքարյանը զարմացած հայտարարեց, որ ծանուցագիրը հանձնելու ժամանակ Էլզա Խոջաբեկյանը գտնվում էր նորմալ առողջական վիճակում եւ ինքը տեղյակ չի չներկայանալու պատճառի մասին։ Էլզա Խոջաբեկյանը դիմում է հղել Վերաքննիչ դատարան, որում նշված է. «Քանի որ ես հանդիսանում եմ հեղինակություն վայելող անձնավորության կին, ես չեմ կարող ներկայանալ դատարան»։

Նույնիսկ ծիծաղելի է։ Վերաքննիչ դատարանը ավելի արժանավայել տեղ է կնոջ համար, քան մեկուսարանը, որտեղ դեպքից երեք տարի անց առերեսման ժամանակ ներկայացել է հեղինակություն վայելող Խդոյի կին Էլզա Խոջաբեկյանը։

Ինչպես նկատեց Հակոբ Մարտիրոսյանի դատապաշտպանը՝ Էլզա Խոջաբեկյանը վիրավորում է դատարանի դահլիճում գտնվող բոլոր կանանց, քույրերին, մայրերին եւ Հակոբ Մարտիրոսյանի բարեկամուհիներին, որոնք գուցեեւ շատ ավելի հեղինակություն վայելող մարդկանց կանայք են, քան Էլզա Խոջաբեկյանը։ Ինչեւէ, չընկնենք մանրուքների հետեւից եւ անցնենք գործի բուն էությանը։ Ժամը 16-ին էլ Էլզա Խոջաբեկյանը չներկայացավ դատական նիստին, առանց որեւէ փաստաթղթի եւ լուրջ պատճառի։

41 տարեկան մարդուն 12,5 տարի ժամանակով ազատազրկում են, մի մարդու, որի մեկ թոքը վիրահատված է եւ հաշվառման մեջ է գտնվում տուբդիսպանսերում, որի լյարդը նորմալ չափսերից մեծացած է, երիկամներն ահավոր վիճակում են, ունի սրտի շողացող առիթմիա եւ ճնշումը կտրուկ տատանվում է, իսկ Էլզա Խոջաբեկյանը համառորեն չի ներկայանում 14 դատական նիստերից ոչ մեկին։ Էլ չեմ խոսում վեց կեղծ վկաների մասին, որոնց դեմքերն այդպես էլ պատիվ չունեցանք տեսնելու։

Եվ մենք համարվում ենք իրավական պետություն։ Եվ մենք պետք է ընդգրկվենք Եվրամիության կազմի մեջ՝ ասելով, որ մեզ մոտ չի ոտնահարվում մարդու իրավունքները։

Ինչեւէ, դատական նիստը հետաձգվեց։

Հակոբ Մարտիրոսյանը խոսելու է եւ ցուցմունք է տալու միմիայն տուժող Էլզա Խոջաբեկյանի եւ վեց վկաների ներկայությամբ։ Հատկապես վկա Աշոտ Թադեւոսյանի, որը վաղուց այլ հանգամանքների բերումով ընդհարված էր Հակոբ Մարտիրոսյանի հետ, եւ վկա Մանվել Օհանյանի, որը Խդոյի տղայի՝ Դավիթ Խոջաբեկյանի մանկության ընկերն է եւ երկար տարիներ միասին գտնվում են նարկոլոգիական դիսպանսերում հաշվառման մեջ։

Մենք արդարություն ենք պահանջում։ Մենք դիմել ենք եւ ստացել պատասխանները՝ դատարաններում մեղադրանքի պաշտպանության վարչության ավագ դատախազ Է. Աստվածատրյանից, ՀՀ դատախազությունից, ՄԱԿ-ի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ազգային կենտրոնից, ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահից, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից, Միջազգային կարմիր խաչից, երբ Հակոբ Մարտիրոսյանը 30 օր գտնվում էր հացադուլի մեջ, ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանից, Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանից, մամուլից եւ բոլոր հեռուստաընկերություններից։

Ելնելով Վերաքննիչ դատարանի դատավոր Հակոբ Մարտիրոսյանի գործի նախագահող Արշակ Խաչատրյանի մարդկային վերաբերմունքից, հույս ենք տածում, որ արդարությունը եւ օրինականությունն այդ դռներով ոչ միայն անցել են, այլեւ իրենց հաստատուն տեղն են գտել դռներից ներս։

Հարգանքներով՝

ՀԱԿՈԲ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

հարազատներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031