Լրահոս
Օրվա լրահոսը

Փողով չի՝ տնից գոյացած բան է

Հուլիս 17,1999 00:00
bazmazavak

Հետաքրքիր է, եթե հանելուկի սիրահարներին նման հանելուկ առաջարկվեր, ինչ պատասխաններ կստացվեին։ Համենայն դեպս, մեր խմբագրության աշխատակիցները ինչ պատասխան ասես, որ չտվեցին՝ էլ թթու վարունգ, էլ կռիվ-ղալմաղալ, էլ դաստիարակություն… Պատկերացրեք, որ ճիշտ պատասխան գուշակողներ էլ եղան՝ դա երեխան է։

Շատ երեխաներ ծնելու այս յուրօրինակ ձեւակերպումը լսեցի ներքին Գյոդակլուի (նախկինում՝ Կապանի շրջան) ավագանու անդամ, բազմազավակ Ռուզաննա Մնացականյանից։ Ինքը բազմազավակ է. երեխաներին էլ ամուսնացնում է վստահաբար բազմազավակ տեսնելու ցանկությամբ։ Այս բազմազավակ ընտանիքի շնորհիվ էլ հիմնադրվել է Ներքին Գյոդակլու գյուղը (նախկինում ադրբեջանական է եղել)։ 1988 թվականին, երբ Մնացականյանների ընտանիքը Կապանից տեղափոխվել է Ներքին Գյոդակլու, այստեղ ընդամենը մեկ-երկու ադրբեջանական ընտանիք է եղել։ Մնացականյանների հիմնավորումից հետո գյուղից հեռացել է նաեւ այդ 2 ընտանիքը, եւ աստիճանաբար գյուղում հիմնավորվել են ինչպես Կապանից եկածները, այնպես էլ Ղարաբաղի եւ Բաքվի փախստականները։ Գյուղացիներից մեկի խոստովանությամբ՝ այս 10 տարվա ընթացքում գյուղում հիմնավորվել են 22 ընտանիք, սակայն սոցիալական պայմանների բացակայության պատճառով որոշները լքել են գյուղը եւ հիմա մնացել են 15 ընտանիք։ Այս տեսակետի հետ, սակայն ոչ մի կերպ չէր համաձայնում ավագանու անդամ տիկին Ռուզաննան։ Սեփական գյուղի թասիբը պահելով, նա պնդում էր, որ ոչ մի ընտանիք չի հեռացել. «Էն ռուս կնիկն է, էն էլ ձմեռը գնում է՝ գարունը գալիս»։

Ինչեւէ, աշխարհից կտրված, խոր ձորերի հետեւում ծվարած Ներքին Գյոդակլուն հասկացել է, որ առանց դպրոցի չկա գյուղ։ Ու իր ուժերով 8-ամյա դպրոց է բացել, որտեղ սովորում են 14 աշակերտ (ասենք մի 3-րդ դասարանցի, երկու 5-րդ դասարանցի), անցած ուսումնական տարում 1-ին դասարանցի չեն ունեցել, իսկ այս տարի երեք 1-ին դասարանցի ունեն։ Ութ ուսուցիչ ունեն, որոնք կողքի գյուղերից ու Կապանից են գալիս։ Գյոդակլուցիները հասկացել են դպրոցի կարեւորությունը, իսկ պետությունը՝ ոչ այնքան, ու այս (մյուսների նման) դպրոցի ուսուցիչներին մայիս ամսվանից աշխատավարձ չի տվել։ Ընդհանրապես աշխատավարձ, փող ասվածը գյուղի բնակիչների համար «կակայի» նման մի բան է։ Խեղճ ու կրակ գյուղացիներն ապրում են (եթե դրան ապրել կարելի է ասել) գորբաչովյան վերակառուցման հայտնի սկզբունքով՝ ինքնածախսածածկմամբ, իսկ հայերեն ասված՝ տապակվում են իրենց յուղի մեջ։ Առավոտից ուշ երեկո քամուն, անձրեւին ու արեւին հողի հետ կռիվ են տալիս մի կտոր չոր հաց վաստակելու համար։ Դեռ լավ է, որ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը երկու տարի առաջ այստեղ ջրագիծ կառուցեց ու դրա շնորհիվ գյուղը խմելու ջուր ստացավ։ Իսկ ամերիկյան «Ադրա» կազմակերպությունն էլ յուրաքանչյուր տնտեսության փոքր ջերմոցներ տվեց։ Ներքին Գյոդակլուն այնքան փոքր է, որ անգամ համայնք չի կազմում, այն հարեւան Դիցմայր, Սիզնակ, Սյունիք գյուղերի հետ միավորված է մեկ համայնքում եւ բնականաբար էլ մեկ գյուղապետ ունի, որի «նստավայրը» Սյունիք գյուղում է։

Լ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031