Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՆՏԱՆԻՔ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆ

Հուլիս 17,1999 00:00
hogebujaran

Կապանն ընդհանրապես թաղված է գեղեցիկ բնության մեջ, իսկ շենքը (գտնվելու վայրի առումով), ուր մենք գնում էինք, հեռվից ավելի շատ հանգստավայր էր հիշեցնում։ Ու թերեւս այն ինչ-որ առումով հանգստավայր է (եթե նկատի ունենանք, որ այստեղ ուղեղներն են հանգստացնում), միայն թե այստեղ մարդիկ կամավոր չեն գալիս՝ նրանց բերում են։

Իմ ցավն ուրիշ ցավեն է

Սա հեռվից, իսկ իրականում շենքը հիշեցնում է 50-60-ական թվականները, եթե չասեմ հետպատերազմյան շրջանը։ Խեղճ ու կրակ երկհարկանի այս շենքում (ի դեպ, ասում են վերջին մեկ տարվա ընթացքում շենքը բավականին բարեկարգվել է) տեղավորված են միանգամից 2 դիսպանսեր՝ Սյունիքի մարզի նեյրոհոգեբանական դիսպանսերը եւ Կապանի հակատուբերկուլյոզային դիսպանսերը։ Այս չարչրկված խնդրին բազմիցս անդրադարձել են մամուլն ու հեռուստատեսությունը։ Անգամ «SOS բանականության սահմանագծի հակառակ կողմից» բարեգործական միջոցառման նախաձեռնող խմբի կողմից բաց նամակ է հղվել հանրապետության նախագահին։ Բայց ինչպես տեսանք, չափազանց տարբեր պրոֆիլներով 2 դիսպանսերները մինչեւ օրս նույն շենքում են։ Նեյրոհոգեբանական դիսպանսերի գլխավոր բժիշկ Արարատ Վարդանյանը կարծում է, որ այս խնդիրը մարզպետարանի ու հենց մարզպետի մտահոգության թիվ 1 խնդիրն է։ Բոլորովին վերջերս, վերջապես նեյրոհոգեբանական դիսպանսերին հատկացվել է (այսքանից հետո էլ չհատկացնեի՞ն) Արծվանիկ գյուղի մասնաշենքը, որը շատ հեռու է հիվանդանոց դառնալուց։

Խնդրի էությունը պատկերացնելու համար տեղեկացնեմ, որ իր ստեղծման օրվանից նեյրոհոգեբանական դիսպանսերն անընդհատ դեգերումների մեջ է, այս տեղափոխությունը նրա կյանքում արդեն 9-րդն է։ Պարոն Վարդանյանը տեղեկացրեց, որ ռազմական գործողություններից առաջ դիսպանսերը տեղավորված է եղել Արծվանիկի 80 տեղանոց մասնագիտացված մասնաշենքում։ 1991-93 թթ. դիսպանսերը տեղակայվում է Շահումյան բանավանում, սակայն անհրաժեշտություն է առաջանում ստեղծել հակաօդային պաշտպանության ստորաբաժանում եւ այստեղից եւս դիսպանսերին դուրս են անում. «Հոգեբուժական բաժանմունք փակելը անհնարին է, միակ տեղը, որ ղեկավարները գտան, դա մարզային հակատուբերկուլյոզային բաժանմունքն էր»,- ասաց Ա. Վարդանյանը։ Այդ ժամանակվանից էլ շենքի 2-րդ հարկում տեղավորվեց նեյրոհոգեբանական դիսպանսերը, իսկ 1-ին հարկը մնաց հակատուբերկուլյոզային դիսպանսերին։ Երկու տարբեր պրոֆիլների հիվանդների շփումը բացարձակապես արգելված է. սա, թվում է, թե պետք է հասկանային նաեւ իշխանավորները, բայց… 2 դիսպանսերը համատեղեցին մեկ շենքում։ Արդյունքում 6 հիվանդ վարակվեց տուբերկուլյոզով, որոնցից 5-ը մահացան։ Թեպետ, հոգեկան հիվանդների զբոսանքը պարտադիր է, սակայն, տուբերկուլյոզի վարակի վտանգի պատճառով, հոգեբուժարանի հիվանդները զրկված են նաեւ զբոսանքից։ Իսկ ազատության կարոտ այդ հիվանդներից մեկը փախուստի փորձ կատարելիս խեղդվեց մոտակա գետում։ Ներկայումս հոգեբուժարանում բուժվում են 53 հիվանդ, պարոն Վարդանյանի հավաստմամբ հիվանդների շարժն այստեղ անընդհատ բնույթ է կրում, գրեթե ամեն օր հոգեբուժարանից մարդ է դուրս գրվում եւ նոր մարդ ընդունվում։

Հոգեբուժարան դիմում են մարզի բոլոր ծայրերից՝ ամենատարբեր պրոբլեմներով, իսկ վերջին շրջանում, պարոն Վարդանյանի պնդմամբ, ավելացել են. սոցիալական վիճակի պատճառով, դեպրեսիաների հետեւանքով հոգեկան շեղումներ ստացածների թիվը։ Հոգեբուժարանն ունի 49 աշխատակից, այս թիվը բավականին փոքր է նորմալ սպասարկման համար (թեպետ Ա. Վարդանյանն անձնական նախաձեռնությամբ մշակել է, եւ բուժանձնակազմը իրականացնում է հիվանդի պահպանման ռեժիմը)։ Դարձյալ շենքային վատ պայմանների պատճառով հոգեբուժարանը չի կարողանում իրականացնել խրոնիկական հիվանդների տարանջատում սուր հիվանդներից, պահպանված հիվանդի տարանջատում դեֆեկտի ենթարկված հիվանդից, հանգիստ եւ խելոք հիվանդի տարանջատում ագրեսիվ հիվանդից։ Այդ է պատճառը, որ հոգեբուժարանում բուժքույրական ընդամենը 2 կետ կա՝ տղամարդկանց եւ կանանց։ Ի դեպ, այս պայմաններում անգամ պարոն Վարդանյանը բազմաթիվ միջազգային բարեգործական կազմակերպությունների միջոցով կարողացել է հոգեբուժարանին ապահովել նորմալ դեղորայքով, սնունդով, փակել աշխատավարձի պարտքերը եւ նույնիսկ պարգեւատրումներ տալ։

Ցավդ՝ կհասկնամ

Ի դեպ, այս համատեղության պատճառով նույնքան տուժել է նաեւ հակատուբերկուլյոզային դիսպանսերը, որի գլխավոր բժիշկ Ռաֆայել Քոսակյանը նշեց. «Այս խնդիրը պետք է անպայման լուծվի, որ 2 դիսպանսերն էլ կարողանան բավարար մակարդակով աշխատել։ Հիվանդների միջեւ շփումներն անընդհատ հնարավոր չի հսկել։ Այս համատեղումը սանիտարահիգիենիկ եւ վարակի տարածման տեսակետից անթույլատրելի է»։ Դիսպանսերի պոլիկլինիկական մասի բժշկական կաբինետները վեր են ածվել հիվանդասենյակների։ Այս պայմաններում անգամ հակատուբերկուլյոզային դիսպանսերը չի կարողանում ընդունել ստացիոնար բուժման կարիք ունեցող բոլոր հիվանդներին (բաժնում ընդամենը 20 տեղ կա)։ Հոգեբուժարանի նման, հակատուբերկուլյոզային դիսպանսերը եւս ունի սպեցիֆիկ պահանջներ. կան տուբերկուլյոզի բացիլակիրներ եւ ոչ բացիլակիրներ, կան տարբեր սեռերի հիվանդներ, երեխաներ, որոնց չի կարելի մի սենյակում տեղավորել։ Այժմ դիսպանսերում հաշվառված են մոտ 300 հիվանդ, որոնցից բացիլակիր են 60-ը։ Սակայն 23 տարվա բժշկին չափազանց անհանգստացրել էր մանկական տուբերկուլյոզի դեպքերի թվի մեծացումը։ Միայն վերջին 2 շաբաթում եւ միայն Սյունիքի մարզում գրանցվել է մանկական տուբերկուլյոզի 3 դեպք. սա այն դեպքում, երբ ըստ Քոսակյանի, նախկինում նման մեկ դեպքը դառնում էր հանրապետական քննարկման առարկա։

Դարդիս դարման չի լինում

Թեպետ վերեւում նշեցինք, որ վերջապես նեյրոհոգեբանական դիսպանսերին հատկացվել է Արծվանիկ գյուղի մասնաշենքը, բայց ներկայումս այն գտնվում է շենքային վատթար պայմաններում, եւ հայտնի էլ չէ, թե դրա վերանորոգման համար պետությունը երբ հատկացումներ կանի։ Սակայն պարզվում է, որ ջրի խնդիրը շատ ավելի մեծ է, քան մասնաշենքինը։ Արծվանիկ գյուղը զրկված է ջուր ունենալու հնարավորությունից, իսկ հոգեբուժարանն անհնարին է պատկերացնել առանց ջրի։ Արարատ Վարդանյանը դիմել է միջազգային բարեգործական կազմակերպությունների, որպեսզի գյուղին ինքնահոս ջուր հասցնեն, որը կբավարարի ե՛ւ գյուղին, ե՛ւ հիվանդանոցին։ Դեռեւս որեւէ ռեալ պատասխան չի ստացվել, ուստի պրն Վարդանյանի միակ խնդրանքն է, որ որեւէ հովանավոր ֆինանսավորի այս խնդրի լուծումը։

Մեր բժիշկը աշխարհի ամենահումանիստ բժիշկն է

Այսպես անգիր արած կրկնում էր հոգեբուժարանի հիվանդներից մեկը (որը ժամանակին բուժաշխատող է եղել) ու ավելացնում. «Թող ձեր մայրերի աչքերը երբեք թաց չլինեն»։ Ընդհանրապես, մեր այցելության ընթացքում հիվանդները խելոք, վախվորած, կարգ ու կանոնին ճիշտ հետեւող մարդկանց տպավորություն թողեցին։ Միայն թե մեկ-մեկ, ասում են անկարգություն են անում. ասենք սավանից երկար-բարակ կտորներ են կտրում, դրանից պարան պատրաստում եւ իջեցնում առաջին հարկ։ Իսկ այնտեղի խելոք վարակվածները պարանին են կապում իրենց ծխած սիգարետի մնացորդները. այ այդպես էլ սիգարետի հետ տուբերկուլյոզը առաջին հարկից բարձրանում է երկրորդ հարկ։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031