Լրահոս
Օրվա լրահոսը

Չբռնե՞նք՝ մի հասարակական կազմակերպություն ստեղծենք

Հուլիս 17,1999 00:00
Artaradatutyun

ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված 200-ից ավելի հասարակական կազմակերպությունների մասին սովորաբար լսում ենք, երբ դրանք գրանտ են ստանում։ Կամ էլ, երբ վերադառնում են արտասահմանյան ինչ-որ սեմինարից։ Իսկ նրանք, ում մասին չենք լսում եւ որոնց ոչ մի կերպ չի հաջողվում որեւէ մեկից գրանտ ստանալ, հաճախակի պարբերականությամբ նամակներ են ուղարկում տարբեր կազմակերպություններ՝ խնդրելով, որ իրենց օգնեն։

Բայց միայն ֆինանսապես ու շտապ։ Նամակի ներքեւում (փող տվողի համաձայնությունը չստացած) նշվում է կազմակերպության բանկային հաշիվը։ (Ի դեպ, ընտրություններից առաջ նույն նամակներն ուղարկվում էին պատգամավորության թեկնածուներին ու նամակի վերջում՝ իբր իմիջիայլոց, նշում իրենց թաղամասի ընտրողների թիվն ու իրենց ազդեցությունը նրանց վրա)։ Ուղարկվող բոլոր նամակներն ունեն նույն բովանդակությունը եւ ուղղված են հանրապետությունում գրանցված գրեթե բոլոր իրավաբանական անձանց (թվով՝ 39 հազար)։

Հասարակական կազմակերպությունների անվանումներն ու ծրագրերը միմյանցից այնքան քիչ են տարբերվում, որ կարելի է ասել՝ ամենեւին չեն տարբերվում։ Խոսենք օրինակներով. ելնելով միջազգային գրանտատու կազմակերպությունների պահանջարկից՝ ՀՀ-ում գործում է 36 միայն բնապահպանական ուղղվածության կազմակերպություն։ Դրանց անվանումներն ընկալելու համար նախ եւ առաջ պետք է ունենալ հումորի անսպառ պաշար ու ակադեմիական մակարդակ։ Այսպես՝ «Ինքնահարատ զարգացում»՝ նպատակը «բնապահպանական եւ էկոլոգիապես անվնաս միջավայրին վերաբերող հարցերում հանրային գիտակցության բարձրացումը»։ «Խաչթառակ»՝ նպատակն է աջակցել Հայաստանի համայնքների էկոլոգիական զարգացմանը»։

«Երիտասարդ էկոլոգիական խումբը» նպատակ է դրել «բարձրացնել երիտասարդության գիտակցությունը բնապահպանական հարցերում»։ Քանի որ բոլոր հիմքերն ունեմ ինձ երիտասարդ համարելու, կարող եմ վստահեցնել, որ իմ գիտակցությունն այս ոլորտում բարձրացնելու վրա որեւէ կազմակերպություն չի աշխատել։ Բացի տարիքային սահմանափակումներով կազմակերպություններից, կան նաեւ սեռային։ Այսպես՝ «Հայ կանանց դաշինքի էկոլոգիական ճյուղի» գերխնդիրն է «հասարակության եւ կառավարման մարմինների ուշադրությունը հրավիրել էկոլոգիական խնդիրների վրա»։ Իսկ «խաղաղությունը (հավանաբար՝ աշխարհի- Լ. Ա.) պաշտպանելու գործընթացը, աշխատավորուհիներին (՞) օգնություն տրամադրելը, բնապահպանական հարցերի շուրջ բնակչության գիտակցության բարձրացման» ազնիվ նպատակն է փորձում իրականացնել «Հայաստանի կանանց էկոլոգիական համագումարը»։ Նույն ազգափրկիչ ծրագրերի իրականացմամբ են տառապում «Հանուն մարդկային հասարակության կայուն զարգացման» եւ «ՀՀ անտառաբույծների» ասոցիացիաները եւ «Խազեր» հիմնադրամը։

Ընթերցողների «կրթական մակարդակը» բարձրացնելու նպատակով պարզապես ներկայացնենք նաեւ որոշ կուսակցությունների անվանումներ՝ «Հայրենասերների միություն», «Բնության զարթոնք մշակ», «Հայ աշխատավորների» կուսակցություն (ենթադրում ենք, որ սա այնքան էլ բազմանդամ չէ), «Հայաստանի հայահավաք (՞) կուսակցություն», «Հայաստանի թագավորական կուսակցություն» (նախագահ՝ Արգիշտի Տիգրանի Պետրոսյան), «Հայ միապետների», «Աշխատավորական Հայաստանի», «Դիլիջանի ժողովրդավարական ուժերի», «Համընդհանուր բարեկեցության», «Փրկություն» կուսակցություններ։ Ներեցեք, եւս մեկը՝ «Ազգային շահերի նվիրյալների» կուսակցություն։ ՀՀ արդարադատության նախարարության կողմից գրանցված են 85 հասարակական-քաղաքական կազմակերպություններ։

Քիչ չեն նաեւ վետերանների տասնյակ հասարակական կազմակերպությունները՝ «Համաշխարհային պատերազմի արդարացված ռազմագերիների միությունը (ուր, ինչպես նշված է գումար խնդրող նամակներից մեկում, ամենաերիտասարդ բռնադատվածը 77, իսկ ամենատարեց զառամյալը 100 տարեկան են)», «ՀՀ վետերանների հանրապետական խորհուրդ», «Աշխատանքի վետերանների կոմիտե», ՀՀ «Մարշալ Բաղրամյան» հիմնադրամ, ապա եւ «Իսակովի անվան» հիմնադրամ, ՀՀ պատերազմի վետերանների կոմիտե, Совет ветеранов 351-ого гвардейского парашютно-десантного полка, Երեւանի «Կենտրոն» տարածքի պատերազմի, աշխատանքի եւ զինված ուժերի վետերանների խորհուրդ եւ այլն, եւ այլն։

Կազմակերպություններից մեկի ղեկավարը, որին օրական տասնյակ նամակ-խնդրանքներ են ուղարկվում՝ ֆինանսական աջակցության «առաջարկով», խոստովանեց, որ եթե ինքը թեկուզ 50 դոլարով օգնի յուրաքանչյուր դիմողին անխտիր, ապա իր ֆիրման շրջանառու միջոց պարզապես չի ունենա։ Ընդ որում, խոստովանեց նաեւ, որ հատուկ հաստիք են ավելացրել՝ կարդալու եւ պատասխանելու բոլոր նամակներին։ Ընդ որում, այդ հաստիքով աշխատողին աշխատավարձ վճարելիս հաշվի է առնվում աշխատանքի լարված եւ նյարդային լինելը։ Օրվա վերջում նաեւ մեկ շիշ մածուն են տալիս։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031