Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախ դատարանը՝ իշխանության կրնկի տակ

Հուլիս 17,1999 00:00
karo karapetyan

Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության եւ «Համաձայնություն» իրավական եւ քաղաքագիտական հետազոտությունների կենտրոնի հերթական սեմինարը նվիրված էր դատավարական ավանդույթների ձեւավորման անհրաժեշտությանը դատաիրավական բարեփոխումների ընթացքում։

Tigran Janoyan

Փաստաբաններ Կարո Կարապետյանը եւ Տիգրան Ջանոյանը, ըստ էության, զեկուցեցին, որ խորհրդային շրջանում կար գաղափարականացված պետություն, որի պահանջներին էլ ծառայում էր դատարանը, որի հսկողությունը իրականացվում էր կուսակցական մարմինների կողմից։ Կար պլենում, որի պարզաբանումները եւ ճշգրտումները դատավորների համար հիմք էին որոշումներ կայացնելիս։ Այդ համակարգի փոխարեն այժմ ստեղծված է նորը, որը իր էությամբ համաձայնեցված է միջազգային չափանիշներին, նախորդի համեմատությամբ ավելի առաջադիմական է՝ օրինակ, հնարավոր է դարձել պաշտպանի մասնակցությունը նախաքննությանը։ Սակայն, ըստ Կարո Կարապետյանի, հետխորհրդային երկրների փորձը ցույց է տալիս, որ դատական իշխանությունների անկախությունը հնարավոր չէ ապահովել միայն դեկլարատիվ օրենսդրական ձեւակերպումներով։ Տիգրան Ջանոյանն ավելի մանրամասնելով, ցույց տվեց դատական համակարգի երկփեղկվածությունը. մի կողմից մենք տեսնում ենք դեկլարատիվ օրենքի հիման վրա գրագրություններ կատարող, իսկ մյուս կողմից՝ այլ հիմքի վրա ձեւավորված ավանդույթներով իրապես գործող դատական համակարգ։ Դրա պատճառն այն է, որ դատական համակարգը ձեւավորվում է գործադիր իշխանության կողմից, որի հետեւանքով չի կարողանում վերահսկողություն իրականացնել իրավապահ մարմինների վրա։ Այս պայմաններում ոչ միայն նախաքննությունը, այլեւ դատաքննությունը իրականացվում է իրավապահ մարմինների հսկողության տակ, եւ վախեցած դատավորները չեն համարձակվում ինքնուրույն վճիռ կայացնել:

Անդրադառնալով իրենց զուտ պրոֆեսիոնալ փաստաբանական խնդիրներին, Տիգրան Ջանոյանն ասաց, որ բացի իշխանությունների կողմից անկառավարելի մամուլի դեմ հարձակումներից, ուժեղացել է հարձակումը նաեւ փաստաբանների անկառավարելի մասի նկատմամբ։ «Եթե նախորդ իշխանությունների ժամանակ հակադրությունը ակնհայտ էր, բայց ձեռնպահ էին մնում միջոցներ ձեռնարկելուց, ապա այժմ ակնհայտ երեւում է, թե հակադրվելը, թե միջոցներ ձեռնարկելը»։ Տիգրան Ջանոյանի այս հայտարարությունը ակնհայտորեն շոյեց սեմինարին մասնակից նախկինների լսելիքը։

vigen khachatryan

Շարունակելով իշխանությունների կամայականությունների թեման, Վիգեն Խաչատրյանը բարձրաձայնեց. «Ով չգիտի, որ «Օրագիրը» փակվել է Սերժ Սարգսյանի կապրիզի պատճառով։ Իշխանության կողմից ընդդիմություն ճանաչված ուժերը ինչո՞ւ չեն խոսում սրա մասին։ Աշոտ Բլեյանը ձերբակալվեց ոչ թե ինչ-որ տանիք վերանորոգելու (խոսքը ոչ թե քաղաքական, այլ կրթահամալիրի տանիքի մասին է) համար, այլ՝ որովհետեւ Ռոբերտ Քոչարյանի ամենաանկառավարելի ընդդիմախոսն է։ Նախագահական ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանը փորձում էր սրամտել. «Թեկնածուներից մեկը Ադրբեջանում ավելի շատ ձայն կստանա, քան Հայաստանում»։ Ալիեւի հետ հանդիպումից հետո, կարծում եմ, Ադրբեջանում ամենաշատ ձայնը հենց նա կստանա»։

Շատ ճկուն քաղաքական միտք ունի Վիգեն Խաչատրյանը։ Լինելով կոմունիստական համակարգի պաշտոնյա, կարողացավ իր մեջ ուժ գտնել եւ ցույց տալ այդ հասարակարգի բացթողումները եւ խեղաթյուրումները՝ հանուն ազատ եւ ժողովրդավարական Հայաստանի։ Այսօր նա կարողանում է նախաձեռնությունն իր ձեռքում պահելու նպատակով քննադատել նաեւ նախորդ շրջանի բացթողումները, չմոռանալով նշել, որ այժմ դրանք տասնապատկվել եւ հարյուրապատկվել են։ Թե չէ Արա Սահակյանը կամ Բաբկեն Արարքցյանը մի տեսակ խանդով են վերաբերվում նախորդ շրջանի մասին հնչող ամեն թթու խոսքի։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031