Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՇԱՐԺՈՒՄՆ Է

Հուլիս 17,1999 00:00
samvel babayan

Այն ժամանակից ի վեր, երբ քաղաքական կատեգորիաները յուրովի մեկնաբանելով, հին ընկերները /Դաշնակցությունը նկատի չունենք/ հայրենիքի փրկության նոր ուղիների որոնման մեջ ընկան եւ հանուն ղարաբաղյան կարգավորման փաթեթային տարբերակի հասունացրին Հայաստանի նախագահի հրաժարականը, ահա այդ պահից նոր Շարժում սկսվեց մեր երկրում, «Դվիժենի», ինչպես կասեին հայրենիքիս ղարաբաղյան հատվածում:

Ժողովուրդը, որը չէր կարող հաշտվել «լիսաբոնյան պարտության» եւ հատկապես, բոսնիական /դեյթոնյան/ սցենարի հետ, հետզհետե սկսեց մոռանալ հանուն ինչի էր ալեկոծվում ու ծայրաստիճան հուզվում, որովհետեւ սկսվում էր հայոց պետականաշինության բոլորովին նոր փուլ: Հայաստանում, ըստ ավանդույթի, արդար եւ ազնիվ ընտրություններ անցկացվեցին, որոնց հանդեպ Ղարաբաղի ղեկավարությունը չեզոք դիրք էր գրավել: ԼՂՀ /այժմ նախկին/ վարչապետ Լեոնարդ Պետրոսյանը հավաստիացնում էր, որ նախագահական ընտրությունները Հայաստանի ներքին գործն է եւ ղարաբաղցիները չեն միջամտելու, պաշտպանության /արդեն նախկին/ նախարար Սամվել Բաբայանը վստահեցնում էր, որ կաշխատեն Հայաստանի ժողովրդի կողմից ընտրված ցանկացած նախագահի հետ:

Եվ թվում էր, թե աշխույժ էլ աշխատում էին իշխանության եկած խիստ ազգային ուժերի հետ, երբ սկսվեց ղարաբաղյան վարչապետական շարժումը: «Բացահայտվեց» 1994 թ. Հայաստանից Ղարաբաղ վերադարձած ԼՂՀ վարչապետ Լեոնարդ Պետրոսյանի «հանցավոր գործունեությունը», կրկին հիշեցին Ղարաբաղի հերոսական ժողովրդի սոցիալական ծանր վիճակի մասին, արդյունքում կայացված քաղաքական վճիռը մատուցվեց միայն մեզ՝ հայերիս հասկանալի մեկնաբանությամբ՝ «Սյամոն Լեոնարդին Ղարաբաղ չի թողնում»: Բոլորս մտահոգվեցինք «ղարաբաղյան ճգնաժամով», /չէ որ թշնամին քնած չէ եւ ուրախանում է մեր ներքին պառակտումով/, բայց եւ ըմբռնեցինք հայ պետականաշինության առանձնահատկությունները՝ ԼՂՀ նախկին վարչապետը զբաղեցրեց Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալի պատասխանատու պաշտոնը, Ղարաբաղը ունեցավ նոր վարչապետ, որն ամենեւին էլ Սամվել Բաբայանը չէր /վերջերս ԼՂՀ բարձաստիճան մի պաշտոնյա խոստովանեց, որ պարոն Բաբայանը համաձայնեց «զիջել» վարչապետի աթոռը միայն Ժիրայր Թեւանիչին/:

Բարեփոխական 98-ի վերջերին էր, որ «Կոմանդույուշչին» էլի բարկացավ՝ Հայաստանի վարած տնտեսական քաղաքականությունը նրան չէր բավարարում, եւ եթե հիշում եք, գեներալը երեք հարց էր տվել Հայաստանի նախագահին, որից պատասխան չստանալու դեպքում, խոստացել էր էլ ավելի վճռական լինել: 99-ից Հայոց նոր Դվիժենին թեւակոխեց երկրորդ փուլ, որի գերագույն նպատակը եւս ավանդական ազատ եւ արդար ընտրություններն էին՝ այս անգամ խորհրդարանական: Դարձյալ Ղարաբաղի մասնակցությունը հայաստանյան ընտրություններին ըմբռնումով ընկալվեց՝ Հայաստանի նախագահը անձամբ եւ մամուլի խոսնակի միջոցով՝ նորմալ, բնական համարեց ռազմական ականավոր գործիչ Սամվել Բաբայանի քաղաքական գործիչ դառնալու ձգտումները: Հասկանալի էր, որ Ղարաբաղի քաղաքական կարգավորման, տնտեսության զարգացման եւ այլ «միջպետական» խնդիրները հենց «Իրավունք եւ միաբանության» փորձառու օրենսդիրների հոգսը պիտի լինեին: Այս կապակցությամբ այնպիսի եռուզեռ սկսվեց ողջ հայոց աշխարհում, որ քիչ մնաց զինված պայքարի վերածվեր Անկախ Արցախը Հերոսական Սյունիքից բաժանող հատվածում:

Միջազգային փորձագետները հավաստում են, որ հայկական պետականաշինության առանձնահատկությունը ոչ թե Արեւելք-Արեւմուտք կողմնորոշման, Եվրոկառույցներին անդամակցելու, ժողովրդավարական համակարգ ստեղծելու եւ նման բաների մեջ է, այլ՝ անդադար Շարժման: Ընդ որում, նրանք վստահ են, որ անհանգիստ հայերիս համար այնքան էլ կարեւոր չէ Շարժման գերագույն նպատակը, որը մյուս ժողովուրդների մոտ կոնսոլիդացման առանցքն է, այլ հետաքրքիր է ինքը՝ գործընթացը: Որովհետեւ Շարժման մեջ է, որ հայ հասարակության տարբեր շերտերը «դվիժենի անելով» ազգօգուտ գործունեության պատրանք են ստեղծում, սեփական շահերը գերագույն նպատակ դարձնելով: Գործընթաց, որ սկսվելով մեր հայրենիքի մի հատվածում սահուն փոխանցվում է մյուսին, հետո նորից դառնում ելման կետ, կրկին փոխանցվում, եւ այսպես հավերժ:

Ասենք, հազիվ ձեւավորվեց Հայաստանի կառավարությունը եւ հանդարտվեցին խորհրդարանական ընտրությունների հետ կապված կրքերը, երբ անհանգստության նոր շարժառիթներ երեւան եկան՝ ալեկոծվեց Լեռնային Ղարաբաղը: Ղարաբաղը Հայաստանից այս անգամ առաջ ընկավ, «պատասխանատվության ենթարկելով» ոչ թե նախկին, այլ ներկա իշխանություններին՝ անգամ եթե վարչապետ ես, ապօրինի զենք պիտի չունենաս եւ պետական փաստաթղթեր պիտի չկորցնես: Ղարաբաղի ռազմական մելիքներն էլ, ըմբոստանալով նախագահի դեմ, ի նշան բողոքի հանձնեցին շքանշանները /փոխանակ «Ջիպերն» ու «Մերսեդեսները» հանձնեին՝ այս կապակցությամբ սրամտեց բնիկ ղարաբաղցիներից մեկը/: Ի՞նչ պիտի աներ Հայաստանը՝ պարզ չէ՞, որ պիտի մտահոգվեր /չէ որ թշնամին քնած չէ եւ ուրախանում է մեր ներքին պառակտումով, ավելին՝ չի կարելի սեպ խրել Ղարաբաղի իշխանությունների եւ բանակի միջեւ/, ղարաբաղյան «ճգնաժամից» դուրս գալու փորձեր աներ, ինչը եւ արեցին Հայաստանի նախագահն ու նրան ուղեկցող պետական այրերը:

Առանց միջազգային փորձագետների էլ պարզ էր, որ Ղարաբաղից «դվիժենու» էստաֆետը, ըստ իրադարձությունների տրամաբանության, պիտի փոխանցվեր մայր Հայաստան: Եւ իրոք, դեռ ԼՂՀ Պաշտպանության նախարարի պաշտոնին հարմար թեկնածու չգտած, տեղի ունեցան Աջափնյակի դեպքերը, որոնց մանրամասներին անդրադառնալու կարիք էլ չկա: Տեսնես ի՞նչ կլինի վաղը Ղարաբաղում…

ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031