Դիմակավոր ոստիկանները, «բերման ենթարկելով» Բուռնաշին՝ իր զինված ջոկատով, վախեցրել էին ԱԺ պատգամավոր դարձած «բուռնաշատիպ» երկրապահներին՝ այնպես, որ վերջիններիս հոգիներում մի պահ կասկած առաջացավ՝ «Արա ախպեր, կարո՞ղ ա պատահի էս …-երը մեզ էլ մեր տղերքի հետ հավքեն»: Բանը հասավ նրան, որ մի քանի ժամ չալաղաջի կտորը կուլ չէր գնում քաջարի ատաման-երեսփոխանների կոկորդով: Բայց հետո պարզվեց, որ Բուռնաշին եւ նրա գրոհայիններին բաց են թողել, եւ «ախպերությունը» հանգիստ շարունակեց իր քեֆ-ուրախությունը:
Սերժ Ջիլավյանը
Միջազգային մակարդակի այս արկածախնդիրը անցած շաբաթ հանգստացրեց հայաստանյան հասարակայնությանը, որն արդեն սկսել էր անհանգստանալ՝ մի՞թե պրն Ջիլավյանն այլեւս երբեք չի պարի սեղանի վրա: «Պետք լինի՝ կպարեմ», – խոստացավ Օստապ Իբրահիմիչի ամենասկզբունքային հետնորդներից մեկը: Ճիշտ է, մենք նորից մի փոքր մտահոգվեցինք՝ արդյոք նա այսուհետ շարունակելո՞ւ է հագնել քրդական նրբերանգների կոստյումներ եւ կապել համապատասխան փողկապներ։
Կարդացեք նաև
Մովլադի Ուդուգովը
Չեչենական իսլամիզմի գաղափարախոսն այնպես վախեցրեց Հեյդար Ալիեւին՝ Ղարաբաղը հայերից ազատագրելու իր մերկապարանոց սպառնալիքով, որ ծերուկի առանց այդ էլ փխրուն սիրտը քիչ էր մնում պայթեր: Միայն երբ Հեյդար Ալիեւիչին բացատրեցին, որ Մովլադին այսօրվա Չեչնիայում իշխանական որեւէ լծակ չունի, Ադրբեջանի նախագահը խորը հոգոց հանեց եւ հանգիստ խղճով գնաց Ժնեւ՝ մեր նախագահի հետ հանդիպելու:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ