Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՄԻՆ ԶԱՆԱ, ՔԱՄԻՆ ԶԱՆԱ, ԶԱ-ՆԱ՛

Հուլիս 16,1999 00:00
qami

Կամ քեռիխեչանության սինդրոմը

Հատկապես հեռավոր գյուղերի բնակիչները համոզված են, որ եթե մայրաքաղաքում ունեն, թող որ, շատ հեռավոր ազգականներ, ուրեմն քաղաքի հետ կապված որեւէ խնդիր այլեւս չունեն։ Նախեւառաջ, լուծված է գիշերելու հարցը։ Այս դեպքում ամենեւին էական չէ՝ բնակարանի տերը որքանով է կուրսի մեջ, որ իրենք ազգականներ են։ Կամ, ասենք, եւս մի անկարեւոր փաստ՝ տանտերը հարգելի հյուրի հանգիստ քունն ապահովելու հնարավորություն ունի՞, թե ոչ։ Ի դեպ, թե՛ մեկ, թե՛ մյուս հանգամանքը գյուղացիների որոշումը՝ գիշերել այդ տանը, չի սասանում։

Ընդհանուր դատողություններ չանելու համար կարող եմ սեփական հարուստ փորձիցս մի օրինակ բերել։ Մի գիշեր հնչեց մեր դռան զանգն ու շեմքին հայտնվեց 40-70 տարեկան մի կին։ Համոզվելով, որ սա «էսինչանց էսինչի» որդու ընկերոջ բնակարանն է՝ անվարան ներս մտավ։ Մինչ մեր ողջ ընտանիքը զարմացած տիկնոջն էր նայում՝ նա տեղավորում էր իրերը՝ հընթացս ճշտելով, որ բնակվում է այն գյուղում, ուր բնակվում են մեր հեռավոր ազգականները։ Եվ որ հենց նրանք էլ խորհուրդ են տվել գիշերել հենց մեր տանը, քանի որ… այն մոտ է X հիմնարկին, ուր տիկինը կարեւոր գործեր ունի։ Նրան (հումանիստական նկրտումներից ելնելով) ընդունեցինք։ Բայց դե նրա գործերն էլ նրա համար են, որ ձգձգվեն։ Այն էլ՝ մեկ շաբաթով։ Իսկ հետո իմացանք, որ գյուղում դժգոհել էր, թե իր ջրիկ ճաշի պարբերականությունը տեղը չենք պահել։

Ամառվա «սեզոնին» գյուղերից քաղաքի իրենց ծանոթների տանը հյուրընկալվում են հիմնականում դիմորդները՝ իրենց ծնողների անմիջական ուղեկցությամբ։ Կենցաղի ու ապրելակերպի տարբերությունը թյուրիմացությունների տեղիք է տալիս, որոնք գումարվելով՝ նյարդային պոռթկումների են վերածվում։

Նախ՝ գյուղից ժամանած հյուրերն առավոտյան ժամը 6-ից արդեն ոտքի վրա են (իրենց սովորության համաձայն) եւ իրար հետ անկեղծ (ու բարձրաձայն) զրույցի են բռնվում։ Տանտերերը ստիպված նույնպես արթնանում են։ Գյուղացիները (որոնք, որքան նկատել եմ, չեն տիրապետում ատամները լվանալու «ինստիտուտին») նյարդայնանում են, որ տանտերերը այդքան երկար ժամանակ լոգարանից դուրս չեն գալիս։ Ինչեւէ։ Արագ-արագ թեյելով՝ հյուրերը հասկացնում են, որ իրենց դուրս գալու ժամանակն է (բայց միայն քո ուղեկցությամբ)։ Այսինքն՝ ժամը 10-ին համալսարան հասնելու համար ժամը 7-ի մատույցներում տնից դուրս են գալիս։ Քո հորդորները, որ շուտ է, որ տասը րոպեում կհասնենք, նրանք ընդունում են քաղաքացու ծուլության, դանդաղկոտության ու պատասխանատվության պակասի հետեւանք։ Լա՛վ։ Դիմորդի գործերը հանձնելուց հետո նրանք որոշում են համտեսել պաղպաղակ եւ այգում զբոսնել։ Հասկացնում են, որ ամենեւին դեմ չեն դա անել առանց քո ներկայության։ Մանավանդ, որ տան ճանապարհն արդեն գիտեն ու կարող են ինքնուրույն վերադառնալ։

Եթե հանկարծ դիմորդը չընդունվի, ուրեմն ողջ պատասխանատվությունն ընկնում է նրանց իր տանն ընդունող «կողմի» վրա. երեխայի համար նպաստավոր պայմաններ չեն ստեղծվել, տանը սաստիկ շոգ էր եւ այլն։

Իսկ տանտիրուհու նյարդերն էլ մյուս կողմից են տեղի տալիս. բավական չէ՝ հյուրերն առավոտ կանուխ իրեն անկողնուց հանում են, զուգարանից կամ լոգարանից նորմալ չեն կարողանում օգտվել, դժգոհում են, թե քաղաքի ձուն ու մածունը թարմ չեն, վերջում էլ գնում են գյուղ ու դժգոհում։

Ի դեպ, գյուղից ժամանած տղամարդիկ առանձնակի խստապահանջ չեն իրենց հիգիենայի հանդեպ։ Բնակարանում տնային կոշիկներ հագնելու ոչ մի ցանկություն չդրսեւորելով, իրենց կոշիկները դռան մոտ հանելուց եւ հանդիսավոր կենտրոնական տեղում դնելուց հետո առաջանում է բնակարանն ինտենսիվ օդափոխելու խնդիր։

Զգալով ու գիտակցելով քո պարտքն իրենց հանդեպ, ափսոսելով, որ մահճակալների թիվը ընդամենը 3-ն է, հյուրերդ ամեն դեպքում պատրաստ են եւս մեկ ամիս պատվել քեզ իրենց ներկայությամբ։ Ու երբ մի օր այլեւս չդիմանաս ամեն շարժումիդ վրա հառվող օտար հայացքներին ու հանկարծ նեղսրտե՜ս… կկրկնվի քեռի Խեչանի պատմությունը։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031