Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՎԱԽԵՆՈ՞ՒՄ ԵՆ ՀՐԱՏԱՐԱԿԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ»

Հուլիս 16,1999 00:00
Roland Sharoyan

Ռոլանդ Շառոյանին հարցնում է երաժշտագետ Արթուր Շահնազարյանը

Մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանի վերջերս մեր թերթին տված հարցազրույցում ասվածը, թե Կոմիտասն է խազերը ստեղծել, նույն նախարարության Ազգային մշակույթի եւ արվեստի տարածման ու զարգացման արդեն նախկին պետ Արթուր Շահնազարյանն ուղղեց. «Խազերը ստեղծվել են Կոմիտասից 1000 եւ ավելի տարի առաջ։ Կոմիտասն ուսումնասիրել է, դրանց վերծանությամբ է զբաղվել։ Նախարարը դա էլ չգիտի»։ Արթուր Շահնազարյանը պարզաբանում է աշխատանքից ազատման իր դիմումում նշած՝ նախարարին ու նախարարությանն ուղղված մեղադրանքները։

-Ձեր ղեկավարած վարչության բուն ֆունկցիան ո՞րն էր։

-Նախքան վարչության կառուցվածքի ստեղծումը, նախարարի հետ միասին կառուցվածքային սխեմա էինք կազմել, եւ իմ առաջարկն ընդունվել էր, որ պետք է լինի արվեստի վարչություն։ Սա որոշվեց եւ ուղարկվեց կառավարություն։ Կառավարությունից հետ եկավ Ազգային մշակույթի եւ արվեստի տարածման ու զարգացման վարչություն անունով։ Ես ինքս զարմացա, թե այդ ինչ վերնագիր է, նախարարն ասաց՝ համարյա նույն բանն է, եւ հետ տալ հնարավոր չէր։ Ասաց՝ դու պիտի հայեցակարգը կազմես, որով այդ ամբողջը իբրեւ մի օղակ պետք է աշխատի։ Արդեն գլխի ընկա, որ սա ձեւ է՝ վարչություններին ինքնիշխանություն տալու, որ բոլորն իրարից անկախ-առանձին աշխատեն, չպայմանավորված, թե ուր են գնում, ոչ ոք չիմանա ով ինչ է արել, ինչ ծրագիր ունի։ Ինքն այդ ժամանակ ծրագրել էր ինձ մեկուսացնել այս ձեւով։ Մի քանի աբսուրդ բաներ էլ առաջարկեց, թե ինչու ես ուզում, որ քո ենթակայության տակ օբյեկտներ լինեն, դրանք վարչություններինն են, կարող ես լրատվությունը քաղել ու վերլուծել։ Հաջորդը պահանջեցի, որ վարչություններն ունենան իրենց կանոնադրությունները, եւ ամեն աշխատող պետք է իմանա իր պատասխանատվության սահմանը, ինչ իրավունքներ ունի մյուս վարչությունների հետ փոխհարաբերվելու մեջ, որ վարչության ֆունկցիան որն է։ Անմիջապես աշխատեցի կանոնակարգի վրա, մշակեցի հայեցակարգ։ Չեն հասկանում որն է կանոնակարգը, ասում են՝ մշակույթի մասին օրենքի վրա աշխատում ենք, ի՞նչ կանոնակարգ։ Ամեն ինչ տնավարի են անում։ Երկրաշարժին նվիրված միջոցառման ծրագիրը, ասացին, կազմել է Շահեն Կարամանուկյանը։ Շահեն Կարամանուկյանը համերգի ծրագի՞ր է կազմում-ուղարկում։

-Ձեր դիմումի մեջ պահանջել էիք, որ նախարարը մամուլում հրատարակի նախարարության ֆինանսական հաշվետվությունը։

-Թող հրատարակեն, ի՞նչ կա գաղտնի, դեմոկրատական երկիր է, բոլորն ասում են՝ արդար ենք, մեր հայրենիքի համար ենք աշխատում։ Փաստաթղթերը թող տպեն, թող ժողովուրդը տեսնի որքան գումար եւ որ միջոցառման համար է փոխանցվել, պետության հատկացրած գումարներն ինչին եւ ինչպես են ծառայել։ Ի՞նչ գաղտնի բան կա, ինչո՞ւ չեն ուզում տպագրել, թե չէ, ով ինչ ուզում անում է։

-Նշել էիք նաեւ ֆիլհարմոնիկ նվագախմբի կանոնակարգի խախտման մասին։

-Այո, զեկուցագրերը կան, որոնց տակ 20 երաժիշտներ եւ կոմպոզիտորներ են ստորագրել։ Նվագախմբի տնօրեն Ռոբերտ Միրզոյանը նախարարություն էր ուղարկել էլեկտրաէներգիայի ծախսի հաշիվը, եւ վարչության պետը ոչ մի կերպ մեկ-երկու ամիս չէր կարողանում իմանալ, թե եթե ասենք, ժողովրդական որեւէ խումբ՝ կամ Չեքիջյանի, կամ Օհան Դուրյանի խմբերը, որոնց բիզնեսի աչքով չպետք է նայես, եւ կանոնակարգում կա այդ մասին, որքա՞ն պիտի վճարեն։ Ինքնարժեքն ինչքա՞ն է։ Մոտ 80 այդպիսի օրինակներ կարող եմ բերել, եւ դրանց մասին փաստաթղթերը նախկին փոխնախարար Արամ Մանուկյանի մոտ էր հավաքվում։ Ամեն անգամ մի թիվ էին ասում եւ տատանումը կազմում էր 450, 200, 300 դոլար։ Եվ Ռոբերտ Միրզոյանը նախարարություն էր ներկայացրել մի ինքնարժեք, կարծես մեզ անգրագետի տեղ էր դրել։ Նշում էր համերգի ընթացքում էլեկտրաէներգիայի ծախսը, դրանից հանում ավելացած արժեքի հարկը եւ այլն։ Վերջում, ստացված թվին նորից գումարում է ինչ-որ մի թիվ։

Ըստ կանոնակարգի, մեր խմբերը էլեկտրաէներգիայի վճարը ինքնարժեքով պետք է մուծեն, մեր կոմպոզիտորների գործերը պետք է կատարվեն, պրոպագանդվեն ազգին։ Ֆիլհարմոնիկ նվագախմբում վարչություն էր ստեղծվել։ Այդ վարչության երկրորդ նիստից հենց սկսվեց մեր ընդհարումը, Լորիս Ճգնավորյանը հայտարարեց՝ ո՞ւր է այստեղ կոմպոզիտոր, բացի Ալեքսանդր Հարությունյանից, մնացածը՝ բլանգ-դլանգ-բլանգ, էս ինչե՞ր են գրում, ո՞վ ա Մարտուն Իսրայելյանը եւ թե նախարարության մեր վարչությունը ձեւական բան է։ Ճգնավորյանին ասացի՝ դուք էիք ասում, որ մատը մեկին տաս՝ մարմինդ էլ կվերցնի, սա «Խաչագողի հիշատակարանից» քավոր Պետրոսի ոճն է։ Նվագախմբի վարչությունն անօրեն վարչություն դարձավ, որովհետեւ ինչ ասում էր, կոմպոզիտորները քվեարկում էին։ Ծրագիր էր կազմում առանց մեր արդի երաժշտության։ Ո՞ւմ է պետք դա, եթե մեր ազգային արդի երաժշտությանը չի ծառայելու։ Մենք փաստաթղթերը պահանջեցինք, թե ինչ է արել ինքը, որ այդքան ասում է՝ պրոպագանդել եմ հայ երաժշտությունը։ Խառը ցուցակ ուղարկեց, թե քանի հայ կոմպոզիտորների գործեր է կատարել։ Կոմպոզիտորների միությունը գրություն ուղարկեց, որ սա խայտառակություն է եւ որ միության վճարած-կազմակերպած գործերը վերագրել է իրեն։ Ցուցակը նայեցինք՝ պարզվեց, որ Ճգնավորյանը 35 անգամ իր գործերն է կատարել եւ ամենաշատը 4-5 անգամ՝ մեծ կոմպոզիտորների գործերը։ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից էլ շատ է կատարել իր գործերը։ Այն էլ այն դեպքում, երբ ինքը կոմպոզիտոր չէ. ընդամենը մշակված հարմոնիաներ են, սովորել ենք, գիտենք։

Սիմֆոնիկ նվագախումբը թեեւ մասնավոր գումարներով է ֆինանսավորվում, բայց մեր պետության հիմնական նվագախումբն է։ Նվագախմբի կանոնակարգի բոլոր կետերը խախտվել են։ Այլեւս ոչինչ չէի խոսում այն պահից, երբ տեսա, որ նվագախմբի տնօրենը որեւէ հարցի դեպքում փոխանակ գա վարչության պետի մոտ, միանգամից նախարարի մոտ է մտնում։ Այդտեղ էլ հենց որոշվեց, որ դահլիճի վարձավճարը 1000 դոլար պետք է լինի։ Նախարարն այնպես արեց, որ վարչության դերը բացասվի, եւ նա անձնական հարաբերությունների մեջ էր մտնում աշխատողների հետ։ Ճգնավորյանին սկսեց պաշտպանել եւ իմ չորս զեկուցագրերին ընթացք չտվեց։ Շարունակվեց նույն հին՝ ավազակային աշխատաոճը։

-Մի բանավոր զրույցում նախարարն ասաց, թե ոչ թե կանոնակարգ է խախտվել, այլ ձեր բողոքի պատճառը Շուֆուտինսկու համերգն էր, որի կազմակերպմանը դուք մասնակցել եք եւ գումարային խնդիրներ եք ունեցել։

-Կանոնակարգ չի խախտվել, հա՞։ 20 կոմպոզիտոր ստորագրել է, ու սուտ է, հա՞։ Չեքիջյանը սուտ է խոսում, որ իրենից 400 դոլար դահլիճի վարձավճար է ուզել։ Շուֆուտինսկու համերգը կազմակերպել էր մի կազմակերպություն, որոնց ճանաչում եմ։ Թող ցույց տան մի դեպք, որ ես իմ պաշտոնն օգտագործել եմ դրա համար։ Թող գնան պայմանագիրը ստուգեն՝ 1000 դոլար դահլիճի վարձավճար է գրված։ Շուֆուտինսկու համերգին Լորիս Ճգնավորյանը եւ նվագախմբի տնօրեն Ռոբերտ Միրզոյանը 600 մարդ «լեւի» մտցրին ներս։ Այդ կազմակերպությունը հազարավոր դոլար կորցրեց։ Փաստեր կային, որ հսկիչը տոմսերը չէր պատռում եւ նույն տոմսը ներսից փոխանցում էին դուրս, ու մարդիկ էին մտնում։ Այդ հարցը դրեցի, որ մարդկանց հանդեպ կոռուպցիա է կատարվում, բայց ասացին՝ անցել-պրծել ա, ո՞նց պիտի ապացուցենք։ 600 մարդ ներս թողնելը խաղուպար ա՞։ Ակնհայտ կոռուպցիա էր, որին նախարարությունը տոն չտվեց։

-Որքան գիտեմ, դուք դեմ էիք ռաբիս երգիչ Փոլի համերգի կազմակերպմանը։

-Էդ մակարդակի ռաբիսներին բերելը ո՞րն է։ Ես արգելեցի, որ ֆիլհարմոնիայի դահլիճում չպետք է երգի։ Իրավունք չկա պետական դահլիճներում նրա նման երգչին համերգ տալ. հետո որքա՞ն պիտի ծախսես, որ մեր երեխաների միջից դա մաքրես։ Մեկ էլ տանը նստած լսում եմ, որ Փոլը համալիրում համերգ է տալիս, որը նույնպես նախարարության շենքն է։ Դա ինձ համար նույնն է, թե ասեն, որ Թուրքիայի դրոշը կախել են Հայաստանում՝ «հայտնագործիր Թուրքիայի ոգին» ձեւակերպմամբ։ Ես երաժշտագետ եմ եւ գիտեմ, թե այդ ելեւէջներն ինչ են։ Դա մարդկային ամենացածր, ճահիճից էլ այն կողմ երեւույթ է։ Եկա հարցրի՝ ո՞վ է թույլ տվել։ Աշխատակազմի ղեկավարն ասում է. «Կասետը բերեց ինձ տվեց, տվեցի նախարարին, երեւի միամիտ շփոթել է, չի հասցրել լսել ու ստորագրել-թույլատրել է»։ Նախարարն ասաց՝ եթե փող են տալիս, իրավունք չունենք չթողնելու, դահլիճը վարձում է՝ համերգ է տալիս։ Ասացի՝ եթե 1 մլն դոլար տան, կհամաձայնեի՞ք Թուրքիայի դրոշն ընդմիշտ կախեն օպերայում։ Ասաց՝ ինչքա՞ն-ինչքա՞ն… Ինձ համար արդեն պարզ էր, էլ ի՞նչ խոսեմ։

-Նախարարությունը, ձեր ասելով, ուղղակի կուլտմասսավիկությամբ է զբաղվում։

-Խորություն չունեցող, միջոցառում-ժամանցների վրա են գումար ծախսում՝ կոմերիտական անցողիկ միջոցառումների պես, որը ոչ մի հետք չի թողնում ժողովրդի մեջ։ Արագ-արագ մի բան են կազմակերպում, որ երեւա, թե էդ էլ արեցին, ու որակը կարեւոր չի։ Փուչիկներ են կախում, երգիչներ են կանչում (կգա՞ս երգես, հա՞, ըհը…), կառավարությունն է գալիս, երգում են, անցնում են։ Կուլտմասսավիկությունը ոչ մի կապ չունի բուն մեր ազգային եւ համաշխարհային իրական մշակույթի հետ։ Ինչո՞ւ իրական. որովհետեւ պետք է տարբերել, այլապես ամեն ինչ կարող ես համարել մշակույթ։

-Գրել էիք, որ նախարարության աշխատակիցների մեծ մասը տարրական քաղաքավարությունից զուրկ է։

-Ինչի մասին է խոսքը, երբ նախարարության գործերի կառավարիչը՝ Շահբազյան Կարոն, պահակ է կանգնում աղջիկների զուգարանի մոտ՝ հարցնում՝ ո՞ւր էիք, ի՞նչ էիք անում, զուգարան գնալուց պետք է թույլտվություն վերցնեք։ Նախարարը բանավոր հրաման էր տվել՝ աշխատավայրից չբացակայել առանց տեղյակ պահելու։ Բայց դա արդեն խուլիգանություն է։ Այդ աղջիկների հարազատներն իրար էին խառնվել՝ Կարոյին էին փնտրում։ Էլ ինչի՞ մասին խոսես, տարրական բաներ չգիտեն։ Նախարարության աշխատողները վախենում են խոսեն, չգիտես ինչն են վախենում կորցնել. բա դա աշխատա՞նք է։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031