1998 թվականի սեպտեմբերի 1-ին Գյումրիում սպանվեց Ալբերտ Ոսկանյանը, որի սպանության առթիվ հարուցված քրեական գործի կարճման եւ դրան հաջորդած իրավական «ելքերի» մասին «Առավոտը» մեկ անգամ չէ, որ անդրադարձել է։
Սակայն շարունակվում են խմբագրություն ուղղվել սպանվողի հարազատների, հաշմանդամ հոր բողոք-աղերսները։ Ընդամենը մեկ հարցի պատասխան է ուզում ստանալ Ալբերտի հայրը՝ Ռ. Ոսկանյանը. ի՞նչ հանգամանքներում, ինչո՞ւ սպանվեց իր որդին եւ պետությունն ինչպիսի՞ իրավական պարտավորություններ ունի այս դեպքում։ Ռ. Ոսկանյանին չի բավարարում ՀՀ գլխավոր դատախազության այս «հաշվետվությունը», թե «առաջին օրվանից գործը քննվել է Գյումրի քաղաքի դատախազության կողմից»։
Տուժողը «հենց այնպես» հարցնում է դատախազության աշխատակիցներին. «Տեղյա՞կ են, որ այդ գործը պետք է քններ Գյումրու զինվորական դատախազությունը» եւ հիմնավորում իր ասվածը հետեւյալ կերպ. «Դատաքննության ժամանակ կենսագրություններն էին լրացվում եւ դատարանը երբ լսեց, որ զինծառայողներ կան մեղադրյալների մեջ, բացահայտ զարմանք հայտնեց, որ գործը քննել է քաղաքի դատախազությունը եւ դատաքննությունն ընդմիջվեց»։ Անհայտ մնաց, թե դատարանն ինչպե՞ս «հարթեց» սույն «միջադեպը» եւ, ինչպես գիտեք, շարունակվեց դատաքննությունը։ Իսկապես, ինչո՞ւ գործը չքննեց զինվորական դատախազությունը… «Դատախազությունը չի՞ իմացել նրանց զինծառայող լինելու մասին», հարցնում է Ռ. Ոսկանյանը։ Ալբերտի հարազատների համար անհասկանալի է եւ այս, մի՞թե տուժողի ստացած թեթեւ վնասվածքները համարժեք կամ ավելի ծանր են, քան նրա կատարած սպանությունը։ Խոսքը Կարեն Սարգսյանի մասին է, որի կողմից կատարված սպանությունը դատարանը գնահատեց իբրեւ անհրաժեշտ պաշտպանություն։
«Պատահականորեն» իր հետ դանակ վերցրած մարդասպանը տուժող է դարձել, տուժողին հրազենի կրակոցով «պատահական» ծանր մարմնական վնասվածք հասցնողը՝ անզգույշ վնասվածք պատճառող, տասը հոգով կռվողներից (եթե եղել են) հինգն են դատվել, մյուս հինգը «պատահականորեն» են եկել դեպքի վայր։ Չմոռանանք, որ «պատահաբար» գործը քննել է ոչ իրավասու մարմինը», գրված է Ա. Ոսկանյանի հոր վերին ատյաններ ուղղված նամակ-բողոքում։ Համենայնդեպս, Կարեն Սարգսյանը «եթե կռվի սպասելիք չունենար դանակով չէր գնա։ Կ. Սարգսյանն ընդունել է այն փաստը, որ Մինասյանի կանչով տնից դուրս գալով դանակ է վերցրել իր հետ, որ նա գիտեր, որ կռվելու է գնում եւ դանակը կարող էր պետք գալ»։ Ինչո՞ւ է այս պահը շարունակաբար շեշտվում, եւ որովհետեւ դատարանը գոնե իմ տպավորությամբ ջանք չթափեց ստանալ վերոնշյալ հարցի պատասխանը։ «Թշնամացած անձանց հրավերով, դանակով զինված նրանց հետ գնալը չի կարող ինքնապաշտպանություն դիտվել», ընդունեք, որ տրամաբանորեն ճիշտ է։ Իրավական ելքը այս սպանության դատարանում ավարտվեց այսպես. Կարենն ինքնապաշտպանության «մեջ» էր, Կարենի համար (մյուս ամբաստանյալը) Գուրգենը՝ անզգույշ։
Կարդացեք նաև
Ընդհանրապես, այս գործով տուժող ճանաչված Կ. Սարգսյանը, որի դանակի հարվածից էլ «ֆլամինգո» տարածքում կյանքից զրկվել է 22-ամյա Ալբերտը, չպատժվեց եւ նրա նկատմամբ կիրառվեց համաներում։ Այս քր. գործի դատաքննության ժամանակ ծնվել են հարցեր, որոնց պատասխանները կուզեինք ստանալ եւ մենք.
1. Երբ դատապարտյալների մեջ կային զինծառայողներ, որքանով էր ճիշտ, որ գործը քններ քաղաքային դատախազությունը։
2. Եթե քաղաքային դատախազությունը շահագրգռված չի եղել սույն գործով, ինչո՞ւ էր այդ գլխացավանք գործը պահում իր վարույթում, որից էլ բխում է հանգուցյալի հարազատների կարծիքը, որ գործի ընթացքը տարվել է հօգուտ մարդասպանի։
Ռ. Մ.