Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԿԱՎՈՐ ԵՆ ԲԱՐԵՏԵՍ, ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՂՋԻԿՆԵՐ

Հուլիս 16,1999 00:00
axjik

Շուկայական հարաբերությունները փոխել են ամեն ինչ, սեփական ձեռնարկությունների, խանութների, սրճարանների տերերը աշխատանքի են վերցնում միայն բարետես երիտասարդ աղջիկների, սակայն չեն խուսափում ոտնահարել նրանց աշխատանքային իրավունքները։

Այսօր շուկայական հարաբերությունները թելադրում են իրենցը՝ ոտնատակ տալով շատ արժեքներ։ Ուզենք, թե չուզենք, պետք է հարմարվենք այդ ամենին, որքան էլ շատերի համար դժվար լինի։ Ճիշտ է, շատ բան է փոխվել մեր կյանքում, նույնիսկ ընտանեկան, բարեկամական կապերը նոր որակ են ստացել, բայց կան բաներ, որոնք շատ արագ պետք է կանխվեն։

Ամենուր բացվող շքեղ խանութները, սրճարաններն ու ռեստորանները, որտեղ աշխատում են բարետես աղջիկներ, ինչ խոսք, նոր շուք են տալիս Երեւանին։ Արտաքուստ ամեն ինչ լավ է, բայց երբ մի փոքր խորանում ես, անմիջապես զգացնել են տալիս մեր ազգին անհարիր շատ երեւույթներ։ Խանութների, սրճարանների տերերը, օգտվելով ժողովրդի սոցիալական ծանր վիճակից, աշխատողների հետ վարվում են այնպես, ինչպես ցանկանում են, աշխատանքից ազատում են, երբ ուզում են, չեն հարգում մարդու աշխատանքային տարրական իրավունքները։ Ամենացավալին այն է, որ չկա աշխատողների շահերը պաշտպանող մի կազմակերպություն, որը հաշիվ պահանջի նրանցից։ Երբեմն շատ բան հասնում է ծայրահեղության։ Աշխատանքի ընդունված բարետես, երիտասարդ աղջիկները շատ դեպքում դառնում են «անձնական հետաքրքրությունների թիրախ»։

Վերջերս բարեկամիս աղջիկն ազատվեց աշխատանքից, որովհետեւ չէր համաձայնվել խանութի տիրոջ հետ աշխատանքից հետո գնալ կերուխումի։ Իսկ քանի՞սը աշխատանքը չկորցնելու պատճառով կգնան դրան։ Գուցե շատերն ասեն, որ դրանք եզակի դեպքեր են, բայց ով քիչ թե շատ ծանոթ է այդ խոհանոցին, լավ գիտի, որ այդպիսի դեպքերն այնքան էլ քիչ չեն, միայն շատերը չեն փորձում այդ մասին բարձրաձայն խոսել։ Նույնիսկ բավական անուն հանած խանութներից մեկի տերը սկզբունք է դարձրել՝ վեց ամիսը մեկ փոխել աշխատողներին ու նոր բարետես աշխատողներ ընդունել։ Ամիրյան փողոցում գտնվող խանութներից մեկում զրույցի բռնվեցի երիտասարդ վաճառողի հետ (խանութի անունը չեմ տալիս՝ աղջկան անախորժություններից հեռու պահելու համար)։

– Շաբաթվա ո՞ր օրն է քո հանգիստը,- հարցնում եմ նրան։

– Ոչ մի օր, մենք հանգստյան օր չունենք,- անտրամադիր ասաց աղջիկը։

– Իսկ ե՞րբ ես հանգստանում,- նորից հարցրի։

– Երեկոյան ժամը 8-ից հետո, երբ վերջանում է աշխատանքը, հեգնախառն ասաց աղջիկը։

Այո, երիտասարդ, բարետես աղջիկը, որ ունի բարձրագույն կրթություն, ոչ մի օր չի կարող հանգստանալ, շաբաթ, կիրակի օրը լրացուցիչ աշխատելու համար աշխատավարձ չի ստանա, որովհետեւ այդպես է ուզում խանութի տերը։ Ճիշտ չէ, երբ աշխատողը հանգստյան օր չունի՝ լինի պետական կամ մասնավոր ձեռնարկություն։ Մեզ մոտ կամայականությունները դարձել են օրինաչափություն։ Հարավ-արեւմտյան թաղամասի շուկայի խանութներից մեկում աշխատող երիտասարդ աղջիկը դժգոհեց, որ շուկայի բացվելու հետ մինչեւ փակվելը աշխատում է, բայց չնչին աշխատավարձ է ստանում։

– Դա դեռ ոչինչ,- շարունակեց դժգոհել նա,- ոչ մի օր չեմ հանգստանում, բայց ի՞նչ անեմ, եթե որեւէ բառ ասեմ, աշխատանքից կազատեն։

Իսկապես, ի՞նչ անի բժշկական ուսումնարանն ավարտած այդ աղջիկը, որը իր գործով զբաղվելու փոխարեն այլ աշխատանք է կատարում, այն էլ բազմաթիվ նվաստացումների ենթարկվելով։

Ե՞րբ է այս ամենը կարգավորվելու, ե՞րբ են մարդու տարրական աշխատանքային իրավունքները պաշտպանվելու։ Ճիշտ է, շուկայական հարաբերությունները նոր կանոններ են թելադրում, բայց կան բաներ, որոնք այսօր պետք է կարգավորվեն պետության կողմից, քանի դեռ լրիվ չեն գռեհկացել։

Ինչո՞ւ հատուկ օրենք չընդունել մասնավոր ձեռնարկություններում աշխատողների մասին, որով կարգավորվեն աշխատանքի ընդունվելու, աշխատանքից ազատվելու, հանգստյան օրերի եւ արձակուրդների հարցերը, ինչը միաժամանակ զսպաշապիկ կհագցնի բոլոր նրանց, ովքեր աշխատողների հետ կվարվեն այնպես, ինչպես ուզում են։ Ինչո՞ւ հանրապետության նախագահին կից մարդու իրավունքների հանձնաժողովը չի զբաղվում տնտեսական բնագավառում ոտնահարվող մարդու իրավունքներով, թե՞ դա արհմիությունների գործն է, որոնց գոյությունը դարձել է ձեւական։ Ժամանակն է, որ պարզություն մտցվի նման հարցերում, որպեսզի այս առումով տարբերություններ չլինեն պետական եւ մասնավոր կազմակերպություններում։

ՎԱՉԻԿ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031