Հուլիսի 15-ին Ֆինանսաբանկային քոլեջի շնորհանդեսն էր, որը տեղի ունեցավ հաստատության մեկամյա գործունեությունից հետո: Քոլեջի հիմնադիրներն են ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, Հայաստանի բանկերի միությունը եւ ՀՀ Կենտրոնական բանկը: Փաստորեն, այս քոլեջի միջոցով իրականացվում է «Հայաստանի Հանրապետությունում բանկային ծառայողներին միջնակարգ մասնագիտական կրթություն» գերմանական ծրագիրը, որը գործում է հայ-գերմանական միջկառավարական տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում: Քոլեջում արդեն սովորում է 40 ուսանող, որոնցից 35-ի ուսման վարձը վճարում են գործնական ուսուցումն իրականացնող բանկերը: Նախատեսվում է հետագայում բացել նաեւ հեռակա ուսուցման բաժին:
«Այս քոլեջը,- շնորհանդեսի ժամանակ ասաց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը,-կօգնի, որ առեւտրային բանկերի միջին օղակներում աշխատեն բանկային գործին տիրապետող կադրեր: Բանկերն իրենք են պատվիրատուն, եւ հետագայում շրջանավարտները կարող են հեշտությամբ աշխատանք գտնել իրենց մասնագիտությամբ»:
Շնորհանդեսին ներկա էին նաեւ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Կարոլա Մյուլլեր Հոլթքեմփերը, ՀԲՄ նախագահ Բագրատ Ասատրյանը:
ԱՐՄԵՆՊՐԵՍ