Լրահոս
Օրվա լրահոսը

Կեցցե մեր ՍԴ-ն՝ ամենահումանիստականն աշխարհում

Հուլիս 16,1999 00:00
Sd

Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 15 ընտրատարածքում խորհրդարանական ընտրություններն անվավեր էին ճանաչվել։ Հիշեցնենք՝ այդ ընտրատարածքում բարի ու թափանցիկ ընտրապայքարի էին ելել պատգամավորության 12 թեկնածուներ։

Նրանց թվում էին նաեւ լրագրող Սերգեյ Երիցյանը, Մալաթիա տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը (Յառմռկի Սամո մականունով)։ Հենց վերջինիս էլ Սահմանադրական դատարանը ճանաչել է (ամենա)օրինական թեկնածուն ու նրան էլ գրանցել ԱԺ պատգամավոր։

Ամենեւին կասկածի տակ չդնելով մեր Սահմանադրական դատարանի՝ աշխարհի ամենահումանիստականը լինելու պարագան, պարզապես նշենք, որ երեկ խմբագրություն էր այցելել 15 ընտրատարածքի մեկ այլ թեկնածու՝ Վլադիկ Աբրահամյանը՝ հենակներով, ոտքը գիպսի մեջ, ծանր շնչելով։ Նա պատմեց հետեւյալը. ընտրություններին՝ բացի Սամվել Ավետիսյանից, բոլոր թեկնածուների միջեւ պայքարն ընթացել է ազնիվ։ Քվեատուփերը բացելու ժամանակ Ավետիսյանի վստահված անձինք բջջային հեռախոսներով կապվում էին միմյանց հետ, ու այն ընտրատեղամասերում, ուր այլ թեկնածուներ էին առավել ձայներ հավաքել, դադարեցնում էին քվեաթերթիկների հաշվումը։

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ի դեպ, հայտարարել էր, թե պրն Ավետիսյանը մի գիշերվա մեջ 80 հազար դոլարի ընտրակաշառք է բաժանել։ Ինչեւէ, Ավետիսյանի վստահված անձինք շուռ են տվել քվեատուփերը թիվ 190 դպրոցում։ Թիվ 11 մանկապարտեզում տեղակայված տեղամասի նախագահը լքել է տեղամասը, տեսնելով, որ ակնհայտորեն չի հաղթում նախատեսված թեկնածու Սամվել Ավետիսյանը։ Իհարկե, նրան կանչել, հետ են բերել։ Թիվ 212 մանկապարտեզում 700-ից ավելի քվեաթերթիկ է կորել։ Թիվ 190 դպրոցում օպերատորները տեսագրել են թե՛ շուռ տված քվեատուփերը, թե՛ գրպաններից հանվող ու քվեատուփեր լցվող քվեաթերթիկները։ Այս ընտրատեղամասում ընտրություններն անվավեր ճանաչելուց հետո Սահմանադրական դատարան դիմողը հենց Սամվել Ավետիսյանն է եղել։ Վլադիկ Աբրահամյանը երեք անգամ բողոք է ներկայացրել մարզային ընտրական հանձնաժողով, սակայն նրա դիմումները չքվել են։ Կեղծ ընտրությունների դեմ պայքարելու ժամանակ «Առավոտի» հյուրն այլեւս չի ունեցել, քանի որ, իր իսկ ասելով, իր դեմ մահափորձ է կատարվել. իր մեքենայի մեջ քնաբեր է լցվել եւ ինքն ու իր ընկերը օրը ցերեկով Իսակովի փողոցում մեքենան վարելիս քնել են։ Միլիցիայի դպրոցի մոտ մեքենան ջարդուփշուր է եղել, վարորդն ու նրա ընկերը ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Պրն Աբրահամյանն օրերս է դուրս գրվել հիվանդանոցից եւ, ինչպես արդեն նշեցի, չապաքինված շտապել է «Առավոտի» խմբագրություն։ Նա այդ արել է ՍԴ այցելելուց հետո, ուր նրան խորհուրդ են տվել նորից դիմել մարզային ընտրական հանձնաժողովին։ «Ես ցանկանում եմ, որ թիվ 15 ընտրատարածքի տասը թեկնածուներին էլ հարցնեն (Սերգեյ Երիցյանն էլ բոլոր տեսագրություններն ունի), թող ստուգեն 11 տեղամասերի բոլոր քվեաթերթիկները, թող համեմատեն ընտրացուցակները քվեաթերթիկների հետ, ճշտեն տարբերությունները. իրար չհամընկնող թվեր են»։ Իսկ ՍԴ-ն իր որոշումն ընդունել է՝ եզրակացությունների հանգելով միայն մեկ տեղամասի ստուգումների արդյունքներից։

Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031