Մեր տեղեկություններով՝ ավելի քան մեկ ամիս է, որ խորհրդարանական ընտրությունները բոյկոտած ուժերը եւ եւս մի քանի ազատական թեքման կուսակցություն, բանակցություններ են վարում քաղաքական նոր ուժի ստեղծման վերաբերյալ։ Քանի դեռ վերջնական որոշում չկա, չեն տրվում բանակցություններին մասնակցող ուժերի անունները, բայց, թաքցնելիք էլ չէ, որ դրանց ակտիվորեն մասնակցում են ԱԺ նախկին ղեկավարները։
Խոսքը Բաբկեն Արարքցյանի, Արա Սահակյանի, Կարապետ Ռուբինյանի մասին է, ինչպես նաեւ, ասենք, «21-րդ դար. Ժողովրդավարական-ազգային կուսակցության» նախագահ Դավիթ Շահնազարյանի ու Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարների։ Ու քանի որ ժողովները հիմնականում տեղի են ունենում հենց վերջինիս գրասենյակում, ուստի, որոշակիորեն նաեւ այդ փաստի վրա հենվելով, այսօր զրույցի ենք հրավիրել ԼԴԿ նախագահ Վիգեն Խաչատրյանին։
Նա, իրոք, չժխտեց քաղաքական այդ նոր կենտրոնի գոյացման գործընթացի առկայությունը՝ նախեւառաջ հիմնավորելով, թե ինչու են այդպես վարվում։
Նրա խոսքերով, Հայաստանում, նախորդած խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական դաշտը հավասարվել է զրոյի։ Նախորդ իշխանություններից ժողովրդի դժգոհությունն ակնհայտ էր, ինչի, Վիգեն Խաչատրյանի մատուցմամբ, բազմաթիվ պատճառներից մեկն էլ այն էր, որ հույսեր էին կապվում ժամանակի ընդդիմության հետ։ Սակայն իշխանափոխությանը հաջորդեց հերթական ժողովրդական հիասթափությունը եւ հիմա «այլընտրանք չի երեւում՝ կա, արդյո՞ք, քաղաքական մի ուժ, որը կարող է երկիրն այս վիճակից հանել»։
Կարդացեք նաև
Հետեւաբար, ինչպես ներկայացրեց Վիգեն Խաչատրյանը, իրադարձությունները հիմա ծավալվում են ոչ թե դաշինք ստեղծելու ուղղությամբ, այլ այն հիմքերի վրա, «որ ստեղծվի այդ ուժը, իբրեւ քաղաքական միավոր»։
Ուստի՝ իրենց հանդիպումներում խոսակցությունը հիմնականում հենց նոր քաղաքական ուժի ձեւավորման մասին է, «որն, իհարկե, չի կարող զրոյից ստեղծվել»։
Հաջորդ հարցով էլ անդրադարձանք, թե արդյո՞ք ռեւանշիստական նկատառումներով չէ, որ ստեղծվում է այդ քաղաքական ուժը եւ ի՞նչ բովանդակություն է ունենալու այն՝ դաշինք, թե՝ կուսակցություն։
«Հավանաբար, որոշ ուժեր ուղղակի կմիաձուլվեն՝ իբրեւ նոր ուժ հանդես գալու նպատակով։ Այդ ուժի նպատակը չի լինելու իշխանության հետ գալը, այլ՝ նոր հոսանք ձեւավորելը, որի կազմում կլինեն ինչպես հին, այնպես էլ նոր մարդիկ, նոր գաղափարներով, որոնց համագործակցությունը կարող է երկիրն այս վիճակից դուրս բերել»։ Այսօրվա քաղաքական զարգացումների առումով Վիգեն Խաչատրյանի հայացքը բավականին հոռետեսական էր՝ երկիրը չի կարող զարգանալ, տնտեսությունն աշխուժանալ եւ կյանքն էլ բարելավվել, քանի որ քաղաքական դաշտ գոյություն չունի։ Ներդրումների վերաբերյալ պատրանքները չեն իրականանա, «քանի որ մինչեւ քաղաքական հարցերը չլուծվեն, տնտեսական հարցեր չեն լուծվի»։
Վիգեն Խաչատրյանի բնորոշմամբ, այսպես կոչված նախկին ընդդիմությունը դավաճանել է իր հռչակած բոլոր գաղափարներին, առաջին հերթին՝ ժողովրդավարությանը։ Փակվում է «Օրագիր» թերթը, քաղաքական հետապնդումները շարունակվում են, «նրանք լռում են, ձայն չեն հանում, դաշնակցական մամուլի խմբագիրը նույնիսկ ողջունում է նման կոպիտ քայլերը ազատ մամուլի գործունեության նկատմամբ, համագործակցում են այն ուժերի հետ, որոնք ստեղծեցին այս ոչ օրինական համակարգը։ Այս ամենը եւս վկայում է, որ երկրին հարկավոր է քաղաքական նոր ուժ, որը հավատարիմ կմնա հռչակած գաղափարներին»։
Թեպետ ի սկզբանե էլ պարզ էր, սակայն Վիգեն Խաչատրյանի հետ էլ ճշտեցինք, որ քաղաքական այդ նոր միավորն ունենալու է լիբերալ-դեմոկրատական ուղղվածություն։ Մեր զրուցակիցը ձեռնպահ մնաց անվանել բանակցություններին մասնակցող կուսակցություններին, քանի որ դեռեւս կան այնպիսիք, որ մտածումների, մտորումների մեջ են։ Բոլոր դեպքերում, ակնհայտ է մեկ բան, որ ընտրությունները բոյկոտած ուժերը սահմանազատվում են բոլորից. «Ըստ էության, այդ նոր ուժի ստեղծման խնդիրը լուծված է։ Հարցը վերաբերում է սոսկ տեխնիկական խնդիրներին։ Մինչեւ սեպտեմբեր կամ սեպտեմբերի կեսերն այդ կուսակցությունն ասպարեզ կգա»։
– Արդյոք, սա ՀՀՇ-ի հիմքի վրա ձեւավորվելիք Միացյալ ազատական կուսակցությո՞ւն է։
– Որեւէ կապ ՀՀՇ-ն, Վանո Սիրադեղյանը, ինչպես նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանն այս պրոցեսների հետ չունեն։
– Իսկ նրանց ազատական գործիչներ չե՞ք համարում։
– Լեւոն Տեր-Պետրոսյանն ինքը պիտի որոշի՝ երբ է վերադառնում քաղաքականություն, կամ՝ վերադառնո՞ւմ է, արդյոք։ Այստեղ չարժե արհեստական հարցադրումներ անել։ Իսկ ինչ վերաբերում է Վանո Սիրադեղյանին ու ՀՀՇ-ին, ապա ասեմ, որ այդ ուժն ընտրություններին մասնակցելով դատապարտեց իրեն։ Կարծում եմ՝ սխալն արդեն տեղի է ունեցել եւ անիմաստ է խոսել դրա մասին։
– Պարոն Խաչատրյան, նույնը վերաբերվո՞ւմ է, արդյոք, Էդվարդ Եգորյանի գլխավորած «Ժողովրդավարական հայրենիք» եւ Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցություններին։
– Ճիշտ է, Էդ. Եգորյանը միակն էր, որ հետագայում փորձեց ապացուցել, որ ընտրությունները սխալ են անցել համամասնականի մասով, բայց պետք չէր մարդկանց ապացուցել, որ մածունը սպիտակ է։ Բոլորն էլ դա գիտեն։ Դա ոչինչ չի փոխի։ Եգորյանի եւ Բագրատյանի կուսակցությունները, մասնակցելով ընտրություններին, ըստ էության, իրենց համար լրացուցիչ պրոբլեմներ են ստեղծել, որոնք պիտի հաղթահարեն, որովհետեւ ընտրություններին մասնակցելը ոչ այլ ինչ, քան անօրինական իշխանությունների հետ համագործակցել է նշանակում։
Մեկ վերջին հարցով անդրադարձանք, թե, արդյոք, ազատական այդ ուժի հայտնությունն ամենաուշը սեպտեմբերին, կապվա՞ծ է այդ ամսին սկսվելիք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումներ սկսվելու գործընթացի հետ, երբ, ենթադրվում է՝ փոքրացվելու են նախագահի լիազորությունները։
– Այս նախագահին, որն, իմ համոզմամբ, անօրինական է, այլընտրանք, կարծես, գոյություն չունի քաղաքական դաշտում։ Զուգահեռ տարեք Ռուսաստանի հետ, որտեղ բազմաթիվ գործիչներ հավակնում են այդ պատասխանատու դերին՝ գաղափարներ ունեն, դաշինքներ են կազմում։ Հայաստանում սրա մասին չի կարելի խոսել, որոշված չէ, թե ում են կարգելու նախագահ։ Սա նշանակում է, որ քաղաքական դաշտ գոյություն չունի։ Ի՞նչ արժեք ունեն այն կուսակցությունները, որոնք համայնքապետի թեկնածու չեն առաջադրում։ Այս մթնոլորտում շատ կարեւոր է, որ ասպարեզ եկող քաղաքական այդ ուժը որպես այլընտրանք հանդես գա ձեւավորված ռեժիմին։
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ