Բանակո՞ւմ էլ՝ ինչպես պատերազմում
Քանաքեռի N զորամասում Կուպեց մականունով մեկը զինվորներից պարբերաբար գումարներ է շորթում։ Եղեգնաձորի Խաչիկ գյուղում սպա Բենիամին Թադեւոսյանը զինվոր Արթուր Արմենի Ավագյանին հասցրել է այն վիճակին, որ վերջինս ինքնասպանության փորձ է արել եւ հրաշքով փրկվել։ Ղարաբաղի Մսմնա գյուղում (սա, ի դեպ, Սամվել Բաբայանի ծննդավայրն է) բռնաբարվել է զինվորներից մեկը։ Թեեւ նա այժմ ապաքինված է, բայց հոգեկան անհավասարակշիռ վիճակում է։ ՀՀ պաշտպանության փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանի հարեւանը՝ Արտակ Անախասյանը հոգեկան հիվանդություն ունի, սակայն նրան որպես լիարժեք առողջ մարդու բանակ են ուղարկում։
Ազգային բանակում կատարվող այս եւ բազմաթիվ այլ դեպքեր երեկ ստիպել են իրենց որդիներին բանակ ուղարկած եւ նրանց մահվան լուրն առած ծնողներին՝ նստացույց անել ՀՀ կառավարության շենքի մոտ։ Աշխարհագրական այս դիրքի ընտրությունը, ինչպես ճշտեց «Զինվոր եւ իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Արա Հովհաննիսյանը, պայմանավորված չէ ներկայիս վարչապետի նախորդ պաշտոնով։
Իմ հարցին, թե ինչու են 95-96 թվականներին կատարված դեպքերի համար այսօր բարձրացրել իրենց ձայնը, պրն Հովհաննիսյանը այսպես պարզաբանեց՝ իրենք վիրավորված են պաշտպանության նախարարությունից եւ հենց երեկ էլ իրենց վիրավորել են։ Նախ՝ ՊՆ-ն չի ցանկանում համագործակցել իրենց կազմակերպության հետ, ավելին, խանգարում է կազմակերպությանը աշխատել։
Կարդացեք նաև
Բանն այն է, որ «Զինվոր եւ իրավունք» միության 30 անդամները պարբերաբար այցելում են զինվորական հոսպիտալներ, զրուցում վիրավոր զինվորների հետ, ճշտում՝ ինչից են վիրավորվել։ Իսկ սա ՊՆ-ին, մասնավորապես ՊՆ-ի հուլիսի 14-ի հերթապահ սպային, դուր չի եկել եւ նա նեղացրել է իրենց որդիներին կորցրած այս մարդկանց։ Սա՝ նստացույցի մի պատճառը։ Մյուսն այն է, որ այս մարդիկ պահանջում են, որ նախարարությունը (կամ կառավարությունը) հոգա իրենց զավակների գերեզմանաքարերի գումարը։ «Մեր որդիներին բանակին ենք տվել, նրանց դիակն ենք ստացել»,- կրկնում էին նստացույցի եկած սեւազգեստ կանայք։
Պահանջներից հաջորդը վերաբերում էր 96 թվին N զորամասի հակատանկային մարտկոցի հրամանատար Արմեն Գրիգորյանին մահապատժի դատապարտելուն։ Նա 96-ի հուլիսի 3-ին շահադիտական նպատակներով դաժանաբար սպանել է կրտսեր սերժանտ Կարեն Ռազմիկի Ոսկանյանին։ Երեւանի Էրեբունի-Նուբարաշեն համայնքների Առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել է 15 տարի ազատազրկման։ Հոգեցունց եզրակացություններից խուսափելով՝ նշենք միայն, որ այս ծնողների ճակատագիրը իրենց հանդեպ առավել նրբանկատ վերաբերմունք է ենթադրում։ Նրանց պահանջը այնքան էլ մեծ չէ՝ ազգային բանակից բոլորի որդիները թող ողջ վերադառնան։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ
Հ. Գ. Ժամը 13:30-ին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը հանդիպեց ցուցարարների հետ: Սակայն նրա հետ երկխոսությունը չբավարարեց ցուցարարներին, եւ նրանք շարժվեցին դեպի ռազմական ոստիկանություն՝ հուսալով հանդիպել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին եւ ռազմական ոստիկանության պետ Վովա Գասպարյանին: