Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ԽՄԲԱԿԱՅԻՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հուլիս 16,1999 00:00
vardan oskanyan

Իմանալով, որ Ժնեւ կատարելիք այցի ընթացքում ՀՀ նախագահին ուղեկցելու է նաեւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը, խնդրեցինք, որ վերջինս ներկայացնի իր տեսակետը Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ, ինչպես նաեւ՝ մի քանի այլ հարցեր։

Պարոն նախարարը չուզեց պաշտոնական հարցազրույց տալ, սակայն իր տեսակետը հայտնեց «не для протакола»։ Պարոն Սարգսյանն ասաց, որ ինքը պարզապես ուղեկցում է նախագահին։ «Ինչո՞ւ են նախարարներից միայն նա եւ պարոն Օսկանյանն ուղեկցում Ռոբերտ Քոչարյանին» հարցս շատ ուրախացրեց Սերժ Սարգսյանին. պատասխանը ծիծաղն էր։

Արցախի հարցի կարգավորման եւ Ժնեւում կայանալիք հանդիպման մասին պարզաբանումներ տվեց ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։ Սերժ Սարգսյանը, որը նույնպես ներկա էր զրույցին, երեւի շատ հավանելով Վարդան Օսկանյանի պատասխանները, խնդրեց, որ հարցազրույցը համարեմ իրենց երկուսի կողմից տրված։

– Պարոն Օսկանյան, ինչո՞ւ է ՀՀ նախագահը մեկնում Ժնեւ։

– Եթե հիշում եք, այս տարվա մեջ երկու նման հանդիպումներ եղել են, մեկը՝ Մոսկվայում, ԱՊՀ նախագահների հանդիպման ժամանակ. մի երկխոսություն է սկսվել, որի շարունակությունը տեղի ունեցավ Վաշինգթոնում, ՆԱՏՕ-ի 50-ամյակի ժամանակ, եւ այնտեղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ շարունակեն այդ երկխոսությունը եւ Լյուքսեմբուրգում հանդիպեն։ Բայց, որովհետեւ Ալիեւի առողջությունը չներեց, այնպես որ, սա փոխարինում է այդ հանդիպմանը։ Սա պետք է նայել այդ հանդիպումների շղթայում։ Այնտեղ, իհարկե, հիմնական եւ միակ թեման կլինի ԼՂՀ-ի հարցի խաղաղ կարգավորումը, բանակցությունների վերսկսումը եւ փորձել ընդհանուր ինչ-որ եզրեր գտնել գործընթացը շարունակելու համար։

– Վարշավայի Արեւելյան ուսումնասիրությունների կենտրոնում մեր նախագահը շեշտեց, որ արդեն կան ուղիները հարցի կարգավորման, եւ մենք վստահ ենք, որ Ադրբեջանը կընդունի համանախագահների առաջարկը։ Կարո՞ղ ենք ասել, որ հուլիսի 16-ին հարցն ինչ-որ լուծում կստանա։

– Գիտեք, ոչինչ պետք չէ բացառել։ Նախագահը որ դա պնդում է, հենվում է այն բանի վրա, որ ԼՂՀ-ի հարցը հնարավոր է խաղաղ ճանապարհով լուծել։ Եթե երկու կողմից արվեն կոմպրոմիսներ եւ ամենառեալ առաջարկությունն այսօր համանախագահների կողմից արված վերջին առաջարկն է, որը ենթադրում է կոմպրոմիսներ երկու կողմից։ Մենք միշտ էլ հույս ենք փայփայել եւ հույս ունենք, որ վաղն էլ այդ հարցը կքննարկվի։ Միգուցե շատ թեթեւ, մանր փոփոխություններով կարելի է ընդունելի դարձնել առաջարկը նաեւ Ադրբեջանի կողմից։

– Այսինքն, հնարավոր է, որ Հայաստանը եւ ԼՂՀ-ն զիջումների գնա՞ն, մենք տե՞ղ ունենք զիջումների, թե մեր խոսքը վերջնական է։

– Գիտեք, պետք չէ հարցն այդպես դնել, որ վերջնականապես ասել ենք, ուղղակի, վերջին առաջարկը, որ արվել էր, որը մեր տեսանկյունից պարունակում էր կոմպրոմիսային ոգի, մենք այդ ոգին ենք ընդունել, եւ մնացածը բանակցությունների արդյունքում պետք է պարզվի։ Իհարկե, այդ փաստաթղթում կան բազմաթիվ հարցեր, որոնք անընդունելի են մեզ համար։ Բայց, ընդհանուր առմամբ, որովհետեւ դա նախապայմաններ չէր ենթադրում, ընդունելի փաստաթուղթ էր։ Ընդհանուր սկզբունքները երեկ նախագահն իր ելույթում ասաց՝ մի քանի սկզբունքներ են, որոնք մինիմում պահանջներ են, որ հայկական կողմը կարող է դնել եւ դրանցով մենք առաջնորդվելու ենք։

– Վերջին շրջանի արցախյան խմորումները որեւէ կերպ չե՞ն ազդել վաղվա բանակցությունների վրա, արդյո՞ք դրանցում միտում չկա։

– Չէ, դա էլ ընդհանրապես կապ չունի, ժամանակի առումով բացարձակապես կապ չունի։ Պարզապես այդ բոլորը համընկել են։ Ղարաբաղի ներքին քաղաքական վիճակն այսօրվա դրությամբ որեւէ դրական կամ բացասական ազդեցություն չունի բանակցությունների արդյունքի վրա։

Հարցազրույցը վարեց

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել