Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՈՂՋ-ԱՌՈՂՋ ԵՂԻՐ, ԹԱՄԱԴԱ…

Հուլիս 15,1999 00:00
maran

Այն մարդը, ում մասին կամենում եմ պատմել, հազվագյուտ մասնագիտության տեր է՝ մառանապետ։ Հավանաբար, Հայաստանում այդպիսի մասնագետների մատների վրա կարելի է հաշվել։

Նրա հանրաճանաչությունը մեծ է, դուրս է գալիս հանրապետության սահմաններից։ Դա հասարակ բացատրություն ունի, նրա աշխատանքն առնչվում է մեր մայրաքաղաքի հյուրերի հետ։ Ամեն երեկո նա հագնում է իր ազգային զգեստը եւ սկսում բնույթով եւ էությամբ անկրկնելի շոուն՝ հայկական գինիների, կոնյակների եւ ազգային խոհանոցի համտեսումը։ Տեղին է հիշել Մաքսիմ Գորկու ասածը՝ «Արարատ» գինու տրեստի մառանից դուրս գալուց հետո. «Ավելի հեշտ է Արարատ լեռը բարձրանալ, քան «Արարատի» մառանից դուրս գալ»։ Հենց այդ շոուի մասին էլ խնդրեցինք պատմել մեր հյուրին՝ «Դվին» հյուրանոցի մառանապետ Հրանտ Նշանյանին։

– Պարոն Նշանյան, բացատրեք, խնդրեմ, թե ինչ է մառանը։

– Մենք՝ հայերս, մառանք ենք անվանում այն հորը, ուր ձմռան համար պահվում են գինին, կոնյակը, սննդամթերքը։ Այնտեղ բացակայում է ցերեկային լույսը, ջերմաստիճանը մշտապես 12-14 աստիճան է եւ մի թեթեւ էլ օդափոխություն է կատարվում։

– Պարոն Նշանյան, ինչպե՞ս է կոչվում ձեր պաշտոնը, մառանապե՞տ, համտեսո՞ղ, թե՞ թամադա։

– Ես կասեի, որ բոլորը միասին, մեկի բացակայությամբ ոչինչ չի ստացվի, իսկ եթե ժամանանակից բառուբանով արտահայտվենք՝ ես ժոկեյ եմ, որը շոու-ծրագիր է վարում։

– Պատմեք, խնդրեմ, թե ինչպես ժոկեյ դարձաք։

– Սկսել եմ «Արմենիա» ռեստորանում եւ ընդունելությունների տանը մատուցողի աշխատանքից։ Ապա Ինտուրիստի ղեկավարության հրահանգով կառուցվեց մառանը եւ ինձ, որակավորումս բարձրացնելու համար, ուղարկեցին կոնյակի գործարան՝ հանրաճանաչ կոնյակագործ Սեդրակ Մարգարյանի մոտ։ Շատ բան սովորեցի նաեւ մառանում աշխատելիս, ես կասեի՝ յուրօրինակ բնավորություն ձեռք բերեցի։ Այլ երկրներում համտեսի դահլիճներ կան, ուր ճանաչողական տեղեկություններ են տալիս, սակայն այնպիսի ծրագիր, ինչպիսին մերն է, ուրիշ տեղ չկա։ Շոուի տեւողությունը երկուսից երեք ժամ է եւ մտերմիկ, անմիջական բնույթ է կրում, ուր պարտադիր է սեղանի վարման կարեւոր տարրը՝ էթիկետը։

– Անկեղծ ասած, ինձ թվում է, որ վիթխարի քանակությամբ գինի արտադրող ու օգտագործող Կովկասում եւս կարող են մառաններ լինել։

– Ճիշտ եք, շատ տեղերում ես եղել եմ։ Օրինակ՝ Թբիլիսիում՝ ազգային ռեստորանում, ուր ազգային կերակրատեսակներ եւ վրացական հայտնի գինիներ էին մատուցվում. առանց բացատրության էր դա արվում։ Իսկ մեզ մոտ ես բացատրում եմ ազգային խոհանոցի առանձնահատկությունները, ճաշերի պատրաստման բաղադրատոմսերը։ Բնութագիր է տրվում խմիչքի եւ ուտելիքի օգտագործման վերաբերյալ՝ ինչը ինչի հետ։ Չէ՞ որ հյուրերի համար դա անհրաժեշտ է, դա մեր էթնոսն է։

– Պարոն Նշանյան, քանի՞ տարի է, ինչ դուք վարում եք այդ ծրագիրը։

– Սկսել եմ 1979 թվականից… եւ մինչեւ 1993-ը՝ ամեն Աստծո օր։ Մեր դահլիճը 140-150 մարդ է տեղավորում, ուր մշտապես անշլագ է։ Այնպես որ, այս տարիների ընթացքում այստեղ կես միլիոն այցելու է հաճախել։ Վերջին տարիների իրադարձությունները վատ են անդրադարձել մեր աշխատանքի վրա, մայրաքաղաքի հյուրերի քանակը նվազել է եւ մենք եւս ստիպված էինք արձակուրդ գնալ։

– Հիշեք, խնդրեմ, թե ի՞նչ հանրաճանաչ մարդիկ են հյուր եղել ձեզ մոտ։

– Բացմանը մեզ այցելեց եւ իր օրհնությունը տվեց Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը, որը առաջարկությունների գրքում գրել է. «Թող «Դվին» հյուրանոցը հավերժ մնա՝ ի փառս իմ հայ ազգի»։ Իմ հյուրերն են եղել մարշալ Բաղրամյանը, Լուսինե Զաքարյանը, Էդմոնդ Քեոսայանը, Իոսիֆ Կոբզոնը եւ շատ ուրիշ հանրաճանաչ մարդիկ՝ աշխարհի տարբեր վայրերից։ Պատերին, դռներին այցելուները ինքնագրեր, հուշանվերներ, կրծքանշաններ, էմբլեմաներ, տարբեր երկրների դրամանիշեր էին թողնում։ Մարդիկ իրենց հայրենիքում պատմում էին մեր մասին, հոդվածներ էին գրում, ահա ճապոնական ամսագիրը, ուր մեր լուսանկարն ու մի հոդված է զետեղված… դժվար է ամեն ինչ հիշել։

– Ասացեք, երկարամյա աշխատանքի ընթացքում ձեր փորձը հաղորդե՞լ եք որեւէ մեկին, աշակերտներ ունե՞ք։

– Ցավոք, ոչ, ասեմ, թե ինչու։ Մառանը Հայաստանի սահմաններից դուրս ավելի է հայտնի, քան այստեղ։ Գիտեք, չէ՞, որ Ինտուրիստ մուտք գործելը հեշտ չէր։ Բայց հիմա ուրիշ ժամանակներ են եւ ես որոշել եմ կուտակած փորձս փոխանցել, մտադրվել եմ դասընթացներ բացել։

– Ասացեք, խնդրեմ, որտեղացի՞ եք։

– Ես հայրենադարձի զավակ եմ, հայրս ու մայրս 1915-ի եղեռնին Բուլղարիա են փախել, այնտեղ էլ նրանք ծանոթացել են ու ծնվել եմ ես։ Հայրս Անդրանիկի կամավորական բանակում է ծառայել, անձամբ ծանոթ էր Գարեգին Նժդեհին, տանս նրանց հին լուսանկարը կա…

– Եվ վերջին հարցը. արդյոք բոլո՞ր ժողովուրդներն են բաժակաճառ ասում։

– Ցավոք՝ ոչ։ Միայն մեզ մոտ՝ Կովկասում, ուր թամադան է սեղանը ղեկավարում, կենացներ են ասվում։ Իսկ մյուս երկրներում միայն ասում են՝ «չին-չին», կամ՝ «ողջ եղիր»։ Այսքանով էլ ցանկանում եմ հրաժեշտ տալ մեր հյուրին՝ հազվագյուտ մասնագիտության եւ հազվագյուտորեն մեծ սիրտ ու հոգի, բարություն ունեցող մարդուն եւ նրան ասել. «Ողջ-առողջ եղիր, թամադա, ց՛ տեսություն…»։

Հարցուփորձ արեց

ԼԵՎՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031