Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ Է ԿՈՓՎՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՊՈՂՊԱՏԸ

Հուլիս 15,1999 00:00
metax

Միջպետական համաձայնագրի կնքումով հարթվեցին ռուս-ամերիկյան տարաձայնությունները։ Այսուհետ եւս Ռուսաստանը մետաղ կարտահանի Ամերիկա։ Իր որակով ու հատկապես ցածր գներով ռուսական պողպատը մրցակից չունի ամերիկյան ներքին շուկայում։ ԱՄՆ-ի մետաղագործներն ու ֆինանսիստները ոչ մի կերպ չեն հավատում, որ ՌԴ-ում հնարավոր է այդքան էժան պողպատի արտադրություն կազմակերպել։ ԱՄՆ ամենահզոր արհմիություններից մեկը՝ մետաղագործների արհմիությունը պահանջում էր փակել երկրի ներքին շուկան ռուսական էժան մետաղի առաջ։ Պետական շատ չինովնիկներ վստահ էին, որ Ռուսաստանը դեմպինգային (գին գցելու) քաղաքականություն է վարում։ Վերջին շրջանում բանակցություններն ընթանում էին ՌԴ վարչապետի եւ ԱՄՆ փոխնախագահի մակարդակով։

Մինչ այս բանակցությունները, ԱՄՆ ռուսական մետաղի առաքումների ընդհանուր ծավալը կազմում էր տարեկան 350 մլն դոլար։ Այս քվոտան բանակցությունների արդյունքում նվազեցվեց ուղիղ 50 մլն դոլարով։ Բանակցությունների արդյունքից ռուս պաշտոնատարներն ու ֆինանսիստները գոհ էին։ Միակ դժգոհ կողմը արտադրողներն էին՝ հանրահայտ Լիպեցկի, Չերեպավեցկի եւ «Մագնիտկայի» ներկայացուցիչները։ Նրանք հիմա միմյանց հետ են «մրցելու» Ռուսաստանին թույլատրված քվոտայում սեփական բաժնեչափ ունենալու համար։ Ֆինանսիստ չինովնիկների գոհ վերաբերմունքը նաեւ սրանով է պայմանավորված։ Ռուսաստանյան կոռուպցիայի պայմաններում քվոտաների նվազումը նրանց համար «եկամտի» լրացուցիչ աղբյուր է։ Քվոտայում իրենց մասնաբաժինն ունենալու համար արտադրական գիգանտները ստիպված են «սիրաշահել» չինովնիկներին։

Փորձագետների կարծիքով՝ ամերիկյան կառավարության այս ոչ շուկայական դիրքորոշումը հնարավոր է միայն այն պատճառով, որ Ռուսաստանը առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ չէ։ Այսինքն՝ չի համարվում շուկայական տնտեսություն ունեցող երկիր։ Ի դեպ, այդ կազմակերպությանը դեռ չի անդամագրվել նաեւ Հայաստանը։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031