Լրահոս
Օրվա լրահոսը

Չինովնիկը պետք է ապրի, ուսուցիչը՝ ո՞չ

Հուլիս 15,1999 00:00
hamematel

Թվում է՝ մեր պրագմատիկ ժամանակներում բարոյախրատական պարսավանքների ժամանակն անցել է։ Բայց 10.07.99 «Առավոտում» «Հայաստանը Ճապոնիա չէ» հոդվածը վկայեց, որ նման ոճը ժամանակի ու տարածության մեջ անհաղթահարելի է։

Նման հոդվածների սիրահարներին ուղղված մի քանի նկատառում եմ ուզում ներկայացնել։ Բարոյականությունից, դաստիարակության սկզբունքներից, «կենդանի օրինակի, վարքի» ազդեցությունից կարելի է խոսել հոգեւոր բարձր արժեքներ որդեգրած հասարակության մեջ, որտեղ ազնվություն, բարություն, անկաշառություն կատեգորիաները համընդհանուր են ու տիրապետող։ Մի հասարակության մեջ, որտեղ առաջինից մինչեւ վերջին մարդն ապրում է ոչ իր արդար վաստակով, որտեղ յուրաքանչյուրն ամեն քայլափոխի օրինախախտություն է թույլ տալիս, որտեղ հստակեցված չեն քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները, այդ արժեքների շուրջ խրատներ կարդալը նույնքան անբարոյական է, որքան այն, ինչի շուրջ վրդովվում է հեղինակը։ Ցանկացած մեկին կարելի է կանգնեցնել փողոցում եւ ծանր քրեական գործ հարուցել հարկային պարտավորություններ չկատարելու, հարեւանի իրավունքները ոտնահարելու, ծանոթին զրպարտելու, պետական պաշտոնյային դիմադրելու եւ այլնի համար։

Առավել եւս հարկավոր է զգույշ լինել, երբ խոսքը վերաբերում է ուսուցչին ու դպրոցին։ Չգիտես ինչու չեմ մտաբերում ավտոտեսուչների կաշառակերությանը նվիրված որեւէ հոդված, իսկ ա՛յ, ուսուցիչներին խարազանող հոդվածներ՝ ինչքան ասես։ Այո, հասարակությունը բնական է համարում ավտոտեսուչին տրված հազարավոր 1000 դրամանոցները (նվազագույնը), բայց մի ամբողջ 40 րոպե «մեր ապագային» մատուցված գիտելիքները կարծում է, որ անվճար պիտի տրամադրվեն։ Ես ոչ մի կերպ չեմ հասկանում՝ ինչո՞ւ պիտի ԱԺ պատգամավորը 200 դոլարից ավելի ստանա, անգամ նախարարության աշխատողը 30-40 դոլար վաստակի, իսկ ուսուցչի աշխատավարձը չգերազանցի 15 դոլարը։ Մի՞թե հասարակական օգտակարության տեսակետից ամենաանարժեքը ուսուցչի աշխատանքն է։ Վերջապես, ինչո՞ւ այդ նույն հասարակությունը չի ընդվզում, երբ չինովնիկն առանց «աշխատանք» թափելու փող է աշխատում, երբ պատգամավորը «տանիք» է դառնում, երբ իրավապահը գործ է սարքում, իսկ ուսուցչի, ասենք, լրացուցիչ պարապմունքների համար վերցրած դրամները նրան հունից հանում են։ Սա ի՞նչ երկակի բարոյականություն է։ Ի՞նչ է, չինովնիկը պետք է ապրի, իսկ ուսուցիչը՝ ո՞չ։ Այո, երբեմն ուսուցիչը նվերներ է պահանջում՝ նվաստանալով ու մոռանալով իր կոչումը։ Բայց չէ՞ որ այս նույն հասարակությունն է դա ծնել, այս նույն պետությունն է դա հրահրել։ Մի կողմից բարոյական արժեքները կորցրած հասարակությունը, որը չի դատապարտում ո՛չ ավտոտեսուչին, ո՛չ չինովնիկին, ո՛չ իրավապահին։ Մյուս կողմից այդ բարոյազրկման պայմաններում ակնհայտ անարդարությունն ու անտարբերությունը ուսուցչի նկատմամբ։ Երբ ուսուցիչն ինքն է փորձում ելք գտնել վիճակից՝ գոնե նվազագույն գոյավիճակ ապահովելով իրեն։

Հարգելի Շաթիրյան, եթե «Հայաստանը Ճապոնիա չէ, որ երկիրը ոտքի կանգնեցնելու համար ամենաբարձր աշխատավարձը տա ուսուցչին», ուրեմն չի կարելի ճապոնական նորմերով ու սկզբունքներով առաջնորդվել, չի կարելի անուն առ անուն պարսավել մի քանի ուսուցիչների, որոնց անունները ինչ-ինչ հանգամանքների բերումով Ձեզ հայտնի են դարձել։

ՀԱՍՄԻԿ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031