Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱ՛, ՍԵՆՑ ԷԼ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ»

Հուլիս 15,1999 00:00
cxaxot

Բոլոր քիչ թե շատ զարգացած երկրներում ծխելու դեմ վերջին տարիներին բավական ակտիվ պայքար է մղվում, որն անպայմանորեն տալիս է իր դրական արդյունքը։ ԱՄՆ-ում, օրինակ, շատ ռեստորաններում, սրճարաններում, բարերում եւ այլ հասարակական վայրերում արգելված է ծխելը, անչափահասներին ծխախոտի վաճառքը արգելված է։

Ընդհանրապես, պետական այնպիսի քաղաքականություն է վարվում այդ բնագավառում, որ տարեցտարի ծխողների թիվը զգալիորեն կրճատվում է եւ չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ ծխողներին, առանց այդ մասին բարձրաձայն հայտարարելու, կուլտուրական մարդ չեն համարում։

Իսկ մեզ մոտ տարվող քաղաքականությունը ուղիղ դրա հակառակն է։ Ծխախոտ արտադրող ֆիրմաները (հիմնականում «Գրանդ Տոբակոն»), նաեւ ներմուծողները, արագորեն փոփոխելով սիգարետների արտաքինը (բովանդակությունը նույնն է), զանազան գովազդներով (նույնիսկ մուլտերով) նորանոր մոլորյալների են հավաքագրում իրենց «արեւի տակ», ասելով, թե «մերն ուրիշն է»։ Իրականում իրոք որ ուրիշ կերպ են թունավորում ժողովրդին, ապահովելով իրենց ֆիրմայի շահույթը։ Հեռուստատեսությունը փոխանակ հակագովազդ ցուցադրելու, իր շահույթի համար պատրաստ է հաղորդումների կեսը եւ ավելին տրամադրել սիգարետների գովազդին։ Կառավարությունը՝ հանրապետության բյուջեն ամեն գնով «լցնելու» նպատակով, ամեն կերպ խթանում է սիգարետների արտադրության աճը եւ շատ ուրախ կլինի, եթե ծխողներն իրենց ծխածի քանակը կրկնապատկեն։ Ստացվում է, որ բոլորին «ձեռք է տալիս» նման իրավիճակը։

Հաշվի առնելով այն, որ նման իրավիճակը լրջորեն խաթարում է մեր ժողովրդի առողջությունը, դիմում եմ «Առավոտ» օրաթերթին՝ կազմակերպել անհաշտ պայքար ծխելու դեմ։ Այդ նպատակով առաջարկում եմ.

1. Դիմել հանրապետության նորընտիր կառավարությանը՝ մշակելու, հաստատելու եւ իրականացնելու ծխելու դեմ պայքարի կոմպլեքս ծրագիր՝ դրա մեջ ներառնելով քարոզչական, վարչական, ծխախոտի առեւտրի սպասարկման բարելավմանը (որոշ սահմանափակմանը) ուղղված մի շարք միջոցառումներ։ Օրինակ, գտնում եմ, որ անհրաժեշտ է ծխելը արգելել պետական բոլոր հիմնարկներում, զվարճության վայրերում, օդանավերի մեջ (դժբախտաբար վերջին տարիներին այստեղ կարգապահությունը խիստ ընկել է, կարգազանցների համար սահմանել մեծ տուգանքներ), բարձրագույն ուսումնական հաստատություններում (չծխողներին ինչ-որ կերպ խրախուսել), դպրոցներում եւ այլուր։

2. Դիմել առողջապահության նախարարությանը՝ իրենց ջանքերն ուղղել ոչ թե թոքախտավորներին ու ինֆարկտ ստացողներին բուժելուն, այլ այդօրինակ հիվանդությունների կանխարգելմանը։ Ըստ իս, անհրաժեշտ է ամեն օր (այո, ամեն օր) հեռուստատեսությամբ «ամենանայվող» ժամերին բնակչությանը բացատրել, թե ամեն մի սիգարետը ինչ վնաս է հասցնում առողջությանը, անչափահասների վրա ինչ կերպ է ազդում, աղջիկների ու կանանց օրգանիզմը ինչպես է քայքայում (մանավանդ հղիներինը), դիդակտիկ ձեւով ցույց տալ մարդու թոքերի մոխրացման գործընթացը եւ այլն։

3. Դիմել կառավարությանը առաջարկով՝ բարձրացնելու ծխախոտից գանձվող հարկերի դրույքաչափերը՝ նույնչափ իջեցնելով պաղպաղակից ու մանկական սննդից գանձվող հարկերի չափերը (սիգարետների գները բարձրանալու պայմաններում թող ամեն ծխող իրեն հաշիվ տա, թե որքան շատ է նա այդ «սեւ» հաճույքի համար գողանում իր ընտանիքի բյուջեից)։

4. Դիմել երիտասարդական կազմակերպություններին՝ գտնելու եւ իրագործելու երիտասարդների շրջանում ծխելու դեմ պայքարի արդյունավետ միջոցներ։

5. Նմանօրինակ խնդրանքով դիմել հանրապետության կանանց կազմակերպություններին։

6. «Առավոտ» օրաթերթի ամեն համարում կազմակերպել ծխելու դեմ պայքարի անկյուն, դրանում ներգրավվելով հայտնի բժիշկների, «ստաժով», բայց ծխելը թողած մարդկանց, մտավորականների, ծնողների եւ այլն։

7. Դիմել հանրապետության մյուս լրատվամիջոցներին ծխելու դեմ պայքարի մեջ ներգրավելու առաջարկությամբ։

8. Թերթերի էջերում մատչելի եւ հետաքրքիր ձեւով բացատրել մարդկանց, որ այսպիսի ցածր կենսամակարդակի պայմաններում, երբ երեխադ հացի կարոտ է, չի կարելի էգոիստաբար այրել առանց այն էլ սուղ միջոցները։ (Էլեկտրաէներգիայի մի քանի դրամի համար կռիվ տալիս են, դա պետությունից է կախված, իսկ իրենցից կախված խնայողության հարցը շատ-շատերը էգոիստաբար չեն ուզում նկատել)։

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Երկար տարիների ծխող եւ այդ չարիքից վերջնականապես ազատված քաղաքացի

Այնքան անմիջական, ինքնաբուխ եւ, կարծում ենք, նաեւ տեղին ու օգտակար են մեր ընթերցողի պնդումները, որն իր փորձով ուղիղ 10-ին է խփում, որ դրանք տպագրում ենք չնչին կրճատումներով։ Միաժամանակ, առանց համապատասխան ատյաններին գովազդելու ցանկության, հայտնում ենք, որ հեղինակի թվարկած բոլոր միջոցառումները եւ նույնիսկ ավելին, արդեն կան նրանց հեռահար պլաններում։ Հեռահար, որովհետեւ այնքան էլ հեշտ ու միանգամից լուծելի չեն այդ խնդիրները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031